ԿարևորՀասարակություն

Երեւան միս չենք մատակարարի. անասնապահները դեմ են մորթը սպանդանոցներում կազմակերպելուն

Այսօր կառավարության մոտ բողոքի ակցիա են անցկացրել անասուն ունեցող գյուղատնտեսները՝ դժգոհելով, որ կառավարությունն իրենց ստիպում է մորթն անել սպանդանոցում, բայց պայմաններ չի ապահովում։

Պարտադիր սպանդանոցներում մորթն անելու որոշումն ընդունվել է մեկ տարի առաջ եւ ուժի մեջ մտել  2018 թվականի հուլիսի 1-ից։

Հաշվի առնելով սպանդանոցների քանակը ու դրանք կառուցելու գործընթացները, որոշման իրականացման վերահսկողությունը հետաձգվել էր եւ այսօրվանից, ըստ էության, ուժի մեջ է մտնում այդ որոշման իրականացումը վերահսկելու պայմանը։

Այսօրվանից շրջանառությունից հանվել է սպանդանոցում մորթի սերտիֆիկատ չունեցող միսը, այսինքն՝ մսեղիքը պետք է ունենա N5 ձեւը։ Կսահմանվեն նաեւ պատժիչ միջոցներ այս պահանջը չկատարելու դեպքում: Բակային մորթը կթույլատրվի միայն կրոնական ծեսերի եւ անձնական օգտագործման համար։ Հենց այս խստացման դեմ բողոքելու համար կառավարության մոտ հավաքված բողոքի ակցիա անցկացնող անասնապահները պնդում են՝ կառավարությունն իրենց ստիպում է մորթն անել սպանդանոցում, բայց պայմաններ չի ապահովում։

Ակցիայի մասնակիցներից մեկն ասաց, որ կառավարությունը որոշում է կայացրել, որ սպանդանոցներում պետք է լինեն բոլոր գործողությունները, բայց կառավարությունը տեղյա՞կ է՝ ինչ է կատարվում սպանդանոցներում, որ որոշումը հիմնավորվում է սպառողների շահերի տեսանկյունից։

Բացի սպանդանոցային պայմանների խնդրից՝ գյուղատնտեսները նաեւ նշում էին այն ծախսերը, որոնք պետք է գյուղացին կատարի մինչեւ իր անասունների՝ սպանդանոց տեղափոխելը։ Բողոքողներից մեկն էլ շեշտեց, թե կառավարության որոշումը ստիպում է, որ վերջ տան անասուն պահելուն:

Կառավարության դիմաց բողոքի ակցիա անող անասնապահներին հանդիպեց եւ զրուցեց Սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը։

Գյուղացիներին առաջարկվեց խնդիրները քննարկել ավելի ուշ՝ սպանդանոցների սեփականատերերի միաժամանակյա մասնակցությամբ, վերջիններս, սակայն, առաջարկը մերժեցին։ ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը հեռացավ՝ հարցը կառավարության ներկայացուցչի հետ քննարկելու համար։ Գյուղատնտես-անասնապահներն էլ որոշեցին, որ մինչ կառավարությունից պատասխան ստանալը՝ Երևան միս չեն մատակարարի։ Պատասխանի ետեւից կգան վաղը՝ ժամը 10-ին։

Մինչ այդ, այս ակցիային ՖԲ-յան գրառմամբ անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «Մսավաճառները ակցիա էին անում կառավարության դիմաց. հենց այն վայրում, որտեղ մեծ աղբաման կա տեղադրված: Ակցիան ավարտվեց, նրանք հեռացան՝ ակցիայի վայրը թողնելով ծխախոտի թափոնների տպավորիչ քանակի տակ: Ու մեր սիրելի մսավաճառները պահանջում են, որ քաղաքացիներին իրենց կողմից միս վաճառելու սանիտարական, սննդի անվտանգության եւ այլ պայմանները չխստացնենք»,-Facebook-ի իր էջում մասնավորապես գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button