ԿարևորՀասարակություն

Տիեզերքում հայերի թողած հետքը․ Հայաստանն ակտիվացնում է տիեզերական ծրագրերը

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն այսօր չի բացառել, որ կգա մի ժամանակ, երբ Հայաստանից տիեզերանավ կամ արբանյակ կարձակվի տիեզերք։ Հավակնոտ ծրագրերի մասին նախարարն այսօր խոսել է Աժ–ում՝ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում։

Կառավարությունը նախագիծ է մշակել եւ զուգահեռաբար բանակցում է գործընկերների հետ՝ Հայաստանում տիեզերական գործունեություն ծավալելու համար։ Քննարկումների արդյունքում խորհրդարանական մշտական հանձնաժողովի բոլոր անդամները կողմ են քվեարկել հարցը լիագումար նիստ տեղափոխելու համար։

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը գիտակցում է՝ այն նախագիծը, որը ներկայացնում է, կարող է տարբեր շահարկումների եւ թերահավատության ու հումորի առիթ դառնալ, բայց ամենայն լրջությամբ եկել էր խորհրդարան խոսելու տիեզերական գործունեության մասին։ Կառավարությունում քննարկել են եւ հաշվարկել, որ Հայաստանն աշխարհի տարբեր երկրներին եւ ընկերություններին պատրաստ է գայթակղիչ առաջարկներ անել եւ ժամանակի ընթացքում տիեզերական գործունեության կենտրոնում հայտնվել։ Այդ ոլորտում աշխատող ընկերություններին առաջին հերթին առաջարկելու են լիցենզավորման եւ հարկային արտոնություններ։

«Որպեսզի այդ ոլորտում գործող ընկերությունները տնտեսական գործունեություն ծավալեն ՀՀ–ում` ավելի մեղմ հարկային կարգավորումներով երկրներ փնտրելու փոխարեն։ Այսպիսով՝ կկարողանան շահավետ գործունեություն ծավալել Հայաստանում եւ տեխնոլոգիաներ ներկրել Հայաստան։ Նախատեսվում է տիեզերական գործունեությունը ներառել եկամուտ եւ շահութահարկ վճարողների ծախս չհամարվող գործիքների ու գործառնությունների ցանկում մինչեւ 2030 –ի դեկտեմբերի 31–ը։ Մենք մի բանի ենք արտոնություն տալիս, որ այս պահին Հայաստանում չկա։ Այսինքն՝ որեւէ կերպ ֆինանսական բեռ չի ենթադրում Հայաստանի համար։ Մենք նոր ինդուստրիա ենք ստեղծում»։

ԵԱՏՄ շուկայում ներգրավվածությունը, ԵՄ հետ հարաբերությունները եւ աշխարհագրական դիրքը նպաստավոր պայմաններ են ստեղծում, կարծել են կառավարությունում նախագիծը մշակելիս ։

«Պետք է հաշվի առնել, որ մեր տարածաշրջանում լարվածությունները կարող են բերել նրան, որ Հայաստանում գործունեություն ծավալելը շատ ավելի արդյունավետ կարող է լինել որոշ երկրների ընկերությունների համար, քան` իրենց երկրներում՝ հաշվի առնելով միջազգային թե ֆինանսական, թե տնտեսական պատժամիջոցները։ Մի բան էլ եմ ուզում ասել, որ այս ոլորտը զարգացնելը մեզ համար ինքնանպատակ չէ։ Այստեղ կա թե ռազմական եւ պաշտպանական կարիքների տեսանկյունից, թե ռազմարդյունաբերության զարգացման, թե տեխնոլոգիական զարգացման տեսանկյունից լուրջ կոմպոնենտներ, որոնք նույնպես հաշվարկված են»։

Օրենսդրական դաշտը մշակելուն զուգահեռ կառավարությունը միաժամանակ բանակցություններ է սկսել մի շարք գործընկերների հետ։ Ովքեր են եւ որտեղից՝ նախարարն այս փուլում չի բացահայտում։ Նա լավ է զգում, որ միջազգային գործընկերներին Հայաստանն այս ոլորտում ասելիք եւ ներկայացնելու բան ունի։

«Իրականում դա չի նշանակում, որ պետք է այստեղից տիեզերանավ բաց թողենք։ Խնդրում եմ ուղիղ այդպես չհասկանալ, չնայած՝ դա էլ չի բացառվում։ Կան ընկերություններ, որոնք հետաքրքրված են Հայաստանում գործունեություն ծավալել։ Ժամանակին շատ զարգացած է եղել այս ոլորտը։ Ամերիկյան հայտնի առաջին մարսագնացի հեղինակը հայ է եղել։ Նաեւ Խորհրդային Միության տիեզերական էլեկտրոնիկայի մինչեւ 30%–ը ամբողջությամբ Հայաստանում է մշակվել։ Հայաստանում գոյություն է ունեցել Գուրզադյանի ինստիտուտը Գառնիում, որտեղ կան այն ժամանակվա հզոր սարքավորումները, որոնք այսօր նույնպես կարող են պիտանի լինել։ Մենք ունենք տիեզերքի թանգարանը Բագրեւանդում, որտեղ կա կապսուլա, որը տիեզերքում եղել եւ վերադարձել է կիսաայրված, որի միջի էլեկտրոնիկան ամբողջությամբ Հայաստանում է սարքվել»։  

Գայթակղիչ եւ հեռանկարային ծրագրերը բացի տնտեսական արդյունքներից ունեն նաեւ ազգային անվտանգության խնդիր։ Դա է պատճառը, որ համապատասխան նախագծի մշակմանը մասնակցել է նաեւ Անվտանգության խորհուրդը։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին լսելուց հետո պատգամավորները միաձայն համաձայնություն տվեցին նախագիծը տեղափոխել ԱԺ լիագումար նիստերի օրակարգ։

Ցուցադրել ավելի
Back to top button