

2019թ. Արցախի արտաքին քաղաքականության անկյունաքարն են Արցախի միջազգային ճանաչման և միջազգային համագործակցության շրջանակների ընդլայնումը, Արցախի և այլ պետությունների միջև փոխգործակցության ու բարեկամական կապերի ամրապնդումը և խաղաղ կարգավորման գործընթացում հանրապետության ներգրավվածության ընդլայնումը:
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն այսօր ամփոփել է անցած 2019 թ. իր ղեկավարած գերատեսչության գործունեությունը:
Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացն ու Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման, միջազգային գործընթացներում նրա ներգրավվածության ընդլայնման և հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունների հետ կապված գործընթացները ընթանում են զուգահեռ և փոխլրացնում են իրար:
2019 թ. ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը հիմնականում ուղղված էր տարածաշրջանում կայունության ապահովմանը: Պետական սահմանին հարաբերական անդորր էր:
Արտգործնախարարը նշել է, որ տարվա ընթացքում հակամարտության կողմերի միջև համաձայնեցվել և իրականացվել են վստահության ամրապնդմանն ուղղված մի շարք միջոցառումներ՝ միտված խաղաղ գործընթացի առաջմղման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը:
Արցախը կողմ է շփման գծում վերահսկողության մեխանիզմների ուժեղացմանը: Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի համաձայնությունները մնում են ուժի մեջ:
Մասիս Մայիլյանը շեշտել է, որ խաղաղ գործընթացում իրական առաջընթաց ապահովելու և հակամարտության վերջնական կարգավորմանը հասնելու համար անհրաժեշտ է վերականգնել բանակցային գործընթացի լիարժեք եռակողմ ձևաչափը՝ պաշտոնական Ստեփանակերտի լիիրավ մասնակցությամբ:
Ինչ վերաբերում է միջազգային կապերին, ապա դրանք, չնայած Ադրբեջանի ջանքերին, ընդլայնվել են: Շարունակվել և շարունակվելու են Արցախի միջազգային հարթակներում ընթացող գործընթացներին ներգարվվելու քայլերը: