ԿարևորՄիջազգային

Ռուսաստանի կառավարությունը հրաժարական տվեց

Ռուսաստանի կառավարությունը՝ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի ղեկավարությամբ, հրաժարական տվեց։ Այս մասին հայտնել է ինքը՝ Մեդվեդևը։

Հրաժարականը հետևել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձին, որն ուղղված էր Ռուսաստանի Դաշնային խորհրդին։

Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել կառավարության անդամներին ՝ միասին աշխատելու համար, «չնայած որ ամեն ինչ չի ստացվել»:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին ուղղված ուղերձի ընթացքում ասել է, թե նոր Սահմանադրություն ընդունելու անհրաժեշտություն չկա, սակայն գործող Սահմանադրությունում պետք է կատարվեն մի շարք փոփոխություններ:

Նրա առաջարկները նախատեսում են արմատական փոփոխություն Ռուսաստանի պետական կառավարման համակարգում: Այդ փոփոխությունները, Պուտինի խոսքով, պետք է դրվեն համընդհանուր քվեարկության: Ըստ այդմ, Սահմանադրությունը պետք է ունենա առաջնահերթություն Ռուսաստանի իրավական տարածքում միջազգային իրավունքի նկատմամբ:

Բարձրաստիճան պաշտոնյաները, դատավորները պետք է չունենան օտարերկրյա քաղաքացիություն և այլ պետության բնակության թույլտվություն, նախագահի թեկնածուն պետք է առնվազն 25 տարի ապրի Ռուսաստանում և երբեք օտարերկրյա քաղաքացիություն չունենա, Սահմանադրությունից հանել այն կետը, որում ասված է, թե նույն անձը չի կարող ընտրվել նախագահ երկու ժամկետից ավելի «անընդմեջ»:

Սա այն կետն էր, որը թույլ էր տվել Պուտինին երրորդ անգամ նախագահ վերընտրվել 2012-ին։ Պուտինի առաջարկը նշանակում է, որ Ռուսաստանում այլևս չպետք է լինի երկու անգամից ավելի ընտրված նախագահ։

2024-ին լրանում է Պուտինի նախագահության չորրորդ ժամկետը, և Սահմանադրությունն արգելում է նրան նախագահ վերընտրվել։

Ցուցադրել ավելի
Back to top button