ԿարևորՄտքերի խաչմերուկ

Համայնքը թուլանում է, երբ փակվում է նրա կարևոր ենթակառուցվածքներից մեկը. Կարեն Ավագյան

Առողջապահության նախարարությունը  որոշել է պետական ֆինանսավորում չտրամադրել հանրապետության մի շարք բնակավայրերում գործող ծննդատներին։

Խոսքը այն ծննդատների մասին է, որոնք տարվա ընթացքում 150- ից պակաս ծնունդ են ընդունում։  

Գլխավոր հիմնավորումն այն է, որ նախարարությունը պայքար է մղում մայրական մահացության դեմ եւ բնակչությունը կշահի, եթե առողջապահական ծառայությունները կենտրոնացվեն տեխնիկապես ավելի հագեցած, ավելի լավ ֆինանսավորվող և ավելի պրոֆեսիոնալ մասնագետներ ունեցող հաստատություններում։

«Հայացք Գյումրիից» հաղորդաշարի հեղինակ, տնտեսագետ Կարեն Ավագյանը փաստում է, որ կոնկրետ Մարալիկի դեպքում քաղաքի և շրջակա գյուղերի բնակչության կողմից բավականին ցավոտ է ընկալվում առողջապահության նախարարության այս քայլը։

«Կարելի է հասկանալ նախարարության մտահոգությունը բժշկական ծառայությունների որակի վերաբերյալ, բայց չի կարելի հաշվի չառնել, որ այն  բնակչության համար ենթադրում է լրացուցիչ դժվարություններ։ Քաղաքացու շահը նույնպես պետք է հաշվի առնել, ոչ միայն պետության»,– նշում է գյումրեցի տնտեսագետը՝ առաջարկելով դիտարկել նաև այլ լուծումներ, որոնք ենթադրում են քիչ քաղաքացիների սպասարկող բժշկական անձնակազմի որակի ապահովումը։ 

Ապակենտրոնացման քաղաքականության տեսանկյունից տնտեսագետը նույնպես սխալ է համարում փոքր քաղաքների ծննդատների փակման հեռանկարը․ համայնքը թուլանում է, երբ փակվում է նրա կարևոր ենթակառուցվածքներից մեկը։ 

«Ամեն ինչի կենտրոնացումը Երևանում սխալ է նման բարդ տարածաշրջանում գտնվող պետության համար։ Խոշոր բուժական կենտրոններ անհրաժեշտ է ունենալ նաև հանրապետության երկրորդ, երրորդ քաղաքում, ինչու չէ՝ Սյունիքում։ Դրանք անհրաժեշտության դեպքում կկարողանան իրենց վրա մեծ բեռ վերցնել։ Ֆորսմաժորային իրավիճակները բարդ տարածաշրջանում միշտ պետք է հաշվի առնել»,– նշում է նա։

Ավագյանի խոսքով, մեր երկում առկա դեմոգրաֆիկ խնդիրների պայմաններում կանխատեսելի էր, որ լինելու են կրճատումներ և որոշ հիմնարկների փակում,  բայց անհրաժեշտ է հաշվի առնել, որ կրճատումները մեկ ոլորտում բերում են շղթայական ռեակցիայի նաև մյուս ոլորտներում։

Եթե պետությունը ծրագրում է մինչև 2050 թվականը ունենալ հինգ միլիոն բնակչություն, նման պլանը չի ենթադրում երկրում ավելի քիչ թվով բուժհաստատություններ և դպրոցներ` նշում է Ավագյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button