Լենուղու վթարային շենքի բնակիչներին կտրամադրեն հողամասեր


Արմավիրի մարզի Լենուղի համայնքի 4-րդ կարգի վթարային 2 շենքի բնակիչներին նախատեսվել է հատկացնել հողատարածքներ` սկզբում վարձակալությամբ, ապա նպատակային նշանակությունը փոխելուց հետո՝ նվիրատվությամբ կամ աճուրդով: Իսկ թե հետո ինչպես կկարողանան բնակիչները տուն կառուցել այդ հողատարածքներում դեռ պարզ չէ: Վթարային 2 շենքում ապրում է մոտ 30 մանկահասակ և դպրոցահասակ երեխա: Բնակիչների մեծ մասը նպաստառուներ են:
Լենուղու վթարային շենքերի պատմությունը քաջ հայտնի է թե՛ ներկա, և թե՛ նախկին իշխանություններին, երեք շենք է, երեքն էլ` 4-րդ կարգի վթարային: 2015թ-ին Արմավիրի մարզի հրատապ խնդիրների լուծման ծրագրով ապահովվեց միայն մեկ շենքի 8 ընտանիքի բնակարանային պայմանները՝ նրանցից յուրաքանչյուրին հատկացնելով 6 մլն. 675 հազար դրամ:


Ընդհանուր թվով պետական բյուջեից հատկացվել էր 53 մլն 400 հազար դրամ, որից հետո շենքը քանդվելու էր: Բնակիչները բնակարան են ձեռք բերել, սակայն շենքը չի քանդվել, ավելին՝ դեռ 2 բնակիչ մինչև օրս էլ շարունակում է ապրել այնտեղ: Լենուղի համայնքի ղեկավար Գեղամ Ղազարյանն ասում է ապրողներից մեկը տուն է գնել ներքին հարդարման աշխատանքներ է կատարում, մյուսը՝ կառուցում:


Արդեն 5 տարի է անցել, բայց շենքը դեռ բնակեցվում է: Համայնքի ղեկավարն ասում է, որ այդ վթարային շենքը կարող են քանդել, բայց դեռ որոշում չեն կայացրել, քանի որ սպասում են նրանց դուրս գալուն:
Իսկ հարևանությամբ վթարային 2 շենքում ապրողներն էլ հուսով սպասում են բնակարանային պայմանների բարելավման իրենց հերթին, խոստումներ շատ են լսել. «Մեզ էլ էս 5 տարի, աշունը կլինի, ամառը կլինի, ձմեռը, գարունը, կարկուտն եկավ՝ չի լինի, ուրիշ տեղեր ավելի բարդ վիճակներ կա՝ չի լինի, 4-րդ կարգի վթարային շենքից բարդ կա՞»:


Վթարային 2 շենքում միասին ապրում է 22 ընտանիք, որտեղ կա շուրջ 30 երեխա: Շենքերը երկհարկանի են՝ իրարից առանձնացված փայտե միջնորմներով, փայտե փտած տախտակները մեկի հատակն է, մյուսի առաստաղը: Այստեղ զգույշ են քայլում նույնիսկ երեխաները:
Նոր տուն ունենալու երազանքը սուրբ ծննդյան տոների հետ ծնվում է և տոների ավարտին դարձյալ չքանում: «Միշտ էլ ասել են տուն կտան, չեն տալիս, նորից նույն տոնածառը, նույն տունը: Նոր տարվան երազանքս թազա տունն էր, բոլորին, մենակ մեզ չէ»,- ասում է երեխաներից մեկը:
Եթե առաջին ձյան գալն ուրախացրել էր բոլորին, ապա վթարային շենքում ապրողների համար դա աղետ էր, երեխաների ուրախությունն էլ է կարճ տևել, քանի որ հալոցքից սկսվել են տան կաթոցները: Գայանե Պողոսյանը ցույց է տալիս կաթոցների հետքերն ու ավելացնում, որ ամեն անձրևից հետո տանը ջրհեղեղ է լինում: Մինչդեռ այստեղ ապրում է 4 երեխա, 3 տղա ու մեկ աղջիկ, ավագը 14 տարեկան, կրտսերը՝ 2.5 տարեկան:


Երկու շենքում էլ նույն պատկերն է: Բակում նկատեցի կաթսայի տակ կրակ վառող երիտասարդ կնոջը: Օջախի տակ դրվող ցախի խուրձը գնել են 400 դրամով, որը նաև վառելիք է: Տանը մանկահասակ երկու երեխա էր, սկեսրոջ հետ: Ամուսինը վատառողջ է՝ ողնաշարի թեքվածքով, ծանր գործեր չի կարողանում անել, ապրում են թոշակով և նպաստով: Մարիամ Կարապետյանը այստեղ է ապրում 1962թ-ից, դեռ հույսը չի կորցրել, պետության աջակցությամբ նոր բնակարան ունենալուն է սպասում:
Այս տանը 2 երեխա է, մյուսների տանը 3-4: Քնքուշ Սահարյանն էլ 4-րդ թոռնիկի ծնվելուն է սպասում: Իշխանությունների ուշադրությունն իրենց կողմը սևեռելու նպատակով մի քանի անգամ փորձել են տեղավորվել դպրոցի և գյուղապետարանի շենքում: Վթարային շենքի բնակիչները տարիներ առաջ զավթելով վարձակալել են 1000 քմ տարածությամբ հողատարածքներ: Դիմել էին այդ հողերը սեփականաշնորհելու համար, որպեսզի տուն կառուցեն: «Վարձակալած հողեր են, սեփականացրեք, մենք, գոնե, դոմիկ դնենք, մի ձևի ապրենք: Էս անձրևներից իմ տունը բլվելա է»:


Հող հատկացնելու մասին բնակիչների հետ խոսել է Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը. «Հողի կատեգորիայի փոփոխություն իրականացնենք, քանի որ այդ հողերը հիմնականում գյուղատնտեսական կամ արտադրական նշանակության են, դարձնենք բնակելի և տարբեր ծրագրերի շրջանակներում կամ իրենց միջոցներով փորձենք համապատասխան պայմաններ ստեղծենք իրենց համար՝ բնակվելու»:


Արմավիրի մարզպետարանի հողաշինության և հողօգտագործման բաժնի մարզային հողային պետական տեսչության պետ Արմեն Դարբինյանն ասում է, որ գործընթացը երկար ճանապարհ ունի: Գյուղատնտեսական նշանակության հողերի չափագրումներն արդեն ավարտվել են, որին հաջորդելու է վարձակալության մրցույթը, հետո մնացած գործընթացը: Ներկայում համայնքում կազմվում է գլխավոր հատակագիծ, որտեղ ներառվելու է 5 հա հողերի նպատակային փոփոխությունը:
Համայնքի ղեկավար Գեղամ Ղազարյանն էլ սպասում է մարզպետարանի և կառավարության ցուցումներին, որով պետք է առաջնորդվի:
Գլխավոր հատակագծում տեղ գտած փոփոխությունների համաձայն հողերը կհամարվեն բնակելի, ըստ որի պետության աջակցությամբ կլուծվի ենթակառուցվածքների խնդիրը՝ ճանապարհ, էլեկտրականություն, ջրագիծ, գազ և այլն: