ԿարևորՀասարակություն

Ինչ է կատարվում «Արմաթում»

Օրերս համացանցում մեծ աղմուկ բարձրացրեց  Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ղեկավար Կարեն Վարդանյանի հարցազրույցը, որտեղ նա ասել էր, որ  2020 թվականին նոր լաբորատորիաների տեղադրման համար կառավարության խոստացված գումարները  չեն տրամադրվելու։ 

Նա այս քայլը որակել էր սաբոտաժ։ ԿԳՄՍ–ից ասացին, որ եթե սաբոտաժ անեին, ապա  ֆինանսավորում ընդհանրապես չէին տրամադրի։  Տարվա մեջ  երկու անգամ  առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությանը տրամադրել են  ընթացիկ վերաբաշխումներ։   

Հանրակրթական դպրոցներում «Արմաթ» ինժեներական նոր լաբորատորիաների տեղադրման համար 2020 թվականին գումարներ չեն հատկացվելու։  2019 թվականին «Արմաթ» լաբորատորիաներով  համալրվել են  Տավուշի, Լոռու և Շիրակի մարզերի բոլոր այն դպրոցները, որտեղ  ուսանում են 30–ից ավելի աշակերտներ։  Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ղեկավարները դրանք  համարում են  ռեկորդային ցուցանիշներ։

Վստահ էին, որ ծրագիրը շարունակվելու է նաև այս տարի, քանի որ ինչպես «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների  ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանն է ասում, կառավարությունը բազմիցս է ասել, որ «Արմաթը» կրթական ամենահաջողված ծրագրերից է և 2020–ին գրեթե բոլոր դպրոցները կկահավորվեն ինժեներական այս լաբորատորիաներով։

«Երբ նախորդ տարի կառավարության նիստով որոշվեց պահուստային ֆոնդից միջոցներ  նախատեսել 284 լաբորատորիաների ստեղծման համար, կառավարության նիստի ընթացքում ասվեց, որ հաջորդ տարի ևս  650 լաբորատորիա ներդրվելու է Հայաստանի  մնացած մարզերում։ Ըստ էության` տարեվերջին մենք կավարտենք  ՀՀ–ի ամբողջ դպրոցներում լաբորատորիաների ներդնումը և կդառնանք  առաջին երկիրը, որը նախնական ինժեներական կրթությունը ներդրել է հանրակրթական համակարգում»,- ասում է Վարդանյանը։

ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Վահրամ Գասպարյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում զարմանք հայտնեց, թե ինչու է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ղեկավարությունը նման հայտարարություններ անում, երբ  տարին նոր է սկսվել։  Տարվա ընթացքում  լինում են խնայողություններ և նախարարությունը  կառաջարկի, թե որտեղ  ուղղեն  լրացուցիչ  միջոցները  և կառավարությունը  որոշումը կկայացնի։ Նախարարության ներկայացուցիչը չբացառեց տարվա ընթացքում նոր լաբորատորիաների տեղադրման ֆինանսավորումը։

«Միանշանակ չենք բացառում, որ տարվա ընթացքում ֆինանսավորում կհատկացվի։ Դա մեր գերակայություններից  է։ Մենք հետևողական ենք լինելու,  որ հենց միջոցներ լինեն` ուղղենք լաբորատորիաների տեղադրմանը։ Դա լավ ծրագիր է»,– ասաց Գասպարյանը։

Հունվարի 1- ի դրությամբ 575 լաբորատորիա շարունակում է գործել։  Չեն կրճատվել  խմբակավարների վարձատրման գումարները։  Ընդհակառակը, այն նախորդ տարվա համեմատ, ավելացել է, ասում է Սեդրակ Վարդանյանը։ Սակայն տարեվերջին պետության աջակցությամբ տեղադրվել են  284 լաբորատորիաներ, որոնց   խմբակավարները պետք է վերապատրաստվեն։

«Մենք ապահովել ենք առաջին փուլի վերապատրաստումները դեկտեմբեր– նոյեմբեր ամիսներին, բայց անհրաժեշտ է երկրորդ, երրորդ, 4- րդ փուլերի վերապատրաստում, որն անհրաժեշտ է իրականացնել  6 ամսվա ընթացքում։  Սակայն դրանց համար միջոցներ այս պահին նախատեսված չեն։ Մենք դիմել ենք, որպեսզի այդ գծով միջոցներ նախատեսվեն»։

Այս հարցում էլ նախարարի գլխավոր քարտուղարի  տեղակալն այլ պնդում ներկայացրեց։  նախարարությունը տարիներ շարունակ  տրամադրել է միայն խմբակավարների աշխատավարձերը։ Որևէ անգամ վերապատրաստման գումարներ չեն տրամադրել։  Աշխատավարձերի գումարներից միությունը պետք է կազմակերպի վերապատրաստման գումարների հարցը, ասաց Վահրամ Գասպարյանը։

«Մեր առջև վերապատրաստման գումարներ տրամադրելու խնդիր դրված չէ։ Մենք գտել ենք, որ որպես հուսալի գործընկեր իրենք  ևս իրենց ֆինանսական ներդրումը կունենան այդ ծրագրերում։ Պետությունը բավականին մեծ գումարներ է ծախսում։ Անցյալ տարի  մոտ 1.3 մլրդ  դրամ գումար ենք տրամադրել։  834 մլն տվել ենք լաբորատորիաների համար, մնացածը տվել ենք խմբակավարների համար։ Իսկ իրենք ինչ անեն այդ դեպքում»։  

 2019–ին  ԿԳՄՍ 352 մլն դրամ տրամադրել է  422 խմբակավարի աշխատավարձի  համար, որը, Վահրամ Գասպարյանի խոսքով, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը թերակատարել է  մոտ 60 մլն դրամի չափով։ Իսկ 2020 թվականին հատկացրել է  671.7 մլն դրամ 707 խմբակավարի աշխատավարձի համար։  

Սեդրակ Վարդանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ  բազմաթիվ հեռախոսազանգեր են ստանում  և՛ դպրոցներից, և՛ հովանավորներից լաբորատորիաներ ներդնելու առաջարկով։ Սակայն եթե նույնիսկ  մասնավոր ներդրումներով  լաբորատորիաներ տեղադրվեն, ապա դրանց խմբակավարների վարձատրելու միջոցները չկան։

Ցուցադրել ավելի
Back to top button