Իմերեթիում վրացիները սպասում են Անանյանների նման բարերարների


Թիֆլիսահայ բարերար, գործարար Անանովների հայտնի առանձնատունը Վարցիխեում կվերածվի զբոսաշրջային համալիրի։
Էկոնոմիկայի նախարարության ենթակայության տակ գտնվող կառույցը վաճառվել է, այստեղ կլինի հյուրանոց, խմիչքների ցուցասրահ, կներկայացվեն դեռ Անանովների ժամանակվանից այստեղ մշակվող խաղողի տարբեր տեսակներից արտադրված գինիները։
Այստեղ գյուղացիները Անանովների ներկայությունից 100 տարի անց էլ հիշում են նրանց ու իրենց պատրաստած գինին անվանում Անանովյան։
Վրաստանի Արևմտյան շրջանում՝ Իմերեթիում, Անանովների ներկայությունը մինչ օրս ակնհայտ է։ Սերնդե սերունդ այստեղ փոխանցվում է, թե ինչու է բուժիչ ջրով հայտնի աղբյուրը կոչվում Անանյանների աղբյուր, ինչու են այստեղ կաղնիներով հարուստ Աջամեթիի խիտ անտառը համարում Անանյանների անտառ և վերջապես ինչու է խաղողագործությունն ու գինեգործությունն այստեղ կապվում Անանյանների անվան հետ։
Թիֆլիսահայ բարերարներ Անանյան-Հովնանյանների մասին թերևս շատ քիչ ամբողջական տեղեկատվություն կա․ եթե Արամյանցն ու Մանթաշովը անհատականություններ էին, ապա այս պարագայում խոսքը գնում է մի ամբողջ գերդաստանի մասին, որը բարեգործությունների էր անում ոչ միայն Մոսկվայում ու Թբիլիսիում, այլև Վրաստանի հեռավոր շրջաններում ու գյուղերում։


Տեղափոխվենք Իմերեթի՝ Բաղդաթի համայնք, որտեղ յուրաքանչյուր գյուղում Անանյաններին գիտեն։ Այստեղ նրանք մեծ ներդրում են ունեցել խաղողագործության ու գինեգործության մեջ` աշխարհում հայտնի դառնալով որպես բարձրորակ գինի, կոնյակ, շամպայն արտադրողներ։
Վարցիխե գյուղում Անանյանների ճարտարապետական նշանակալի լուծումներով 1905-ին կառուցված առանձնատունը կվերածվի զբոսաշրջային համալիրի։ Այն մինչև 2004 թվականը եղել է նախագահական կեցավայր, որի նախկին տնօրենը, այժմ շրջանի զբոսաշրջության բաժնի ղեկավար Գոչա Խորավան «Ռադիոլուրին» պատմեց․
«Անմիջապես խորհրդային միության փլուզումից հետո Անանովների առանձնատունը դարձավ նախագահական կեցավայր, որի տնօրեն ես եղել եմ մոտ տասը տարի։ Դա Արմտյան Վրաստանում միակ կեցավայրն էր։ Շևարդնաձեն մի քանի անգամ գիշերել է այդտեղ, ինչպես նաև բազմաթիվ այլ պաշտոնյաներ ու օտարերկրյա հյուրեր»։


Սաակաշվիլիի իշխանության տարիներին Անանովների նախկին առանձնատանը մի քանի տարի գործել է ճամբար, այժմ շենքն ու հարակից տարածքը, որ ընդգրկված է երկրի հուշարձանների պահպանության ցանկում, վերականգման կարիք ունի։ Պարզ չէ, թե այն արդյոք կկրի Անանյանների անունը, սակայն Խորավան նշում է, որ Բաղդաթում ու նրա շուրջ գտնվող գյուղերում, որտեղ հիմնականում մշտապես բնակչության մեծամասնությունը վրացիներ են եղել, բոլորը գիտեն Անանյաներին ու շենքի պատմությունը, նույնիսկ արտադրած գինին անվանում են Անանյանական։ Ի դեպ այստեղ, որտեղ Անանյանները հսկայական հետք են թողել, հայեր գրեթ չկան՝ երկու ընտանիք միայն Բաղդաթում է, մեկը՝ Վարցիխեում։
Թբիլիսահայ ուսումնասիրող, հասարակական գործիչ Յուրի Մկրտումյանն ասում է․ «Եվ այս մարդիկ լավ անուն թողեցին. մինչև հիմա գյուղացիները սպասում են, որ Անանովների նման մարդիկ կգան և ամեն ինչ տեղը կընկնի այս շրջանում, որովհետև այնտեղ հիմա ոչ կոնյակ, ոչ գինի, ոչ էլ շամպայն չի արտադրվում …» :


Հայ վավերագիրները տարիներ շարունակ ուսումնասիրել են Անանյանների Թիֆլիսում ու Մոսկվայում իրականացրած գործունեությունը։ Մի քանի տարի առաջ այս գերդաստանի մոռացված ոտնահետքերով գնացել է նաև «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանը՝ արդյունքում հրապարակելով «Անանյան-Հովնանյանների ոտնահետքերով» գիրքը:
«Անկեղծ ասած ես շատ բան չգիտեի նրանց մասին. ու այդպես սկսվեցին իմ որոնումները: Հովհաննեսը` գերդաստանի ավագ եղբայրը Մոսկվայում է գործել, սակայն բարեգործություններ հիմնականում արել է Թիֆլիսում: Նա է հիմնադրել Մարիամյան-Հովնանյան օրիորդաց դպրոցը: Իսկ մյուս երկու եղբայրները` Ալեքսանդրն ու Հովսեփը գործել են Թիֆլիսում: Այսինքն այս գերդաստանն ունեցել է Թիֆլիս-Մոսկվա առանցքը` գործելով ոչ միայն ողջ հայության համար»:

Անանյան-Հովնանյաններ շառավիղներից շատերը հայտնվել են արտասահմանում, ինչպես Ալեքսանդր Անանոֆը, (կրում է պապի անունը) որ համարվում է ֆրանսիական աստղագնացության հիմնադիրը: Նա կյանքից հեռացել է 90-ականների սկզբին: Սակայն կենդանի է նրա որդին` Կլոդը, ով գրքի հեղինակի հավաստմամբ մի օր կհյուրընկալվի Թբիլիսիում: