ԿարևորՀասարակություն

Երևանի երթուղային նոր ցանցը պատրաստ է

Երևանի երթուղային նոր ցանցը պատրաստ է և ներկայացվել է  կառավարություն՝ «Ռադիոլուրին»  հայտնել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Էդգար Գալստյանը։ Նրա խոսքով՝  այժմ քննարկվում է շարժակազմի հարցը ։ 

«Ռադիոլուրն»  այսօր  ունկնդիրներից դժգոհություն էր ստացել 13  համարի ավտոբուսի վերաբերյալ։ Մեզ տեղեկացրել էին, որ ավտոբուսի երթուղին փոխվել է։ Քաղաքապետարանի ներկայացուցիչը, բացատրել է , թե ինչով է պայմանավորված փոփոխությունը։

Երեք  օր է, ինչ Սարի թաղից  դեպի կենտրոն ու կենտրոնով Քանաքեռ գնացող  13 համարի ավտոբուսը Սարի թաղ չի հասնում։  Այս երթուղին սպասարկող ավտոբուսն արդեն մի քանի տարի փոխարինում է 24 համարի երթուղայինին։ Նախկինում  սկզբնակետը   «Գազպրոմ Արմենիա» -ի գրասենյակի   հարակից տարածքն էր, երթուղին  անցնում էր  Թբիլիսյան խճուղով, Քանաքեռցու փողոցով, Ազատության — Կոմիտասի պողոտաներով,  հասնում  մինչև Ռադիոտուն  կամ   Չարենցի փողոց — Սայաթ-Նովա պողոտա։

Սա մի քանի տարի առաջ երթուղու  վերջին կանգառն էր։ Հետո , սակայն, երթուղին երկարեց՝   Նար–Դոսով հասնելով մինչև Սարի թաղ։   Սարի թաղի բնակիչ  Քաջիկ Ղազարյանը  «Ռադիոլուրին» օրերս պատմեց, որ նորից սկսել են մի քանի կանգառ քայլել, որ կարողանան 13 համարի կանգառին հասնել։

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի ժ/պ Էդգար Գալստյանը «Ռադիոլուրին» փոխանցեց ՝ անհանգստանալու պատճառ չկա , ոչ մի փոփոխություն տեղի  չի ունեցել։  Քաղաքապետարանը պարզապես ընթացակարգային փորձարկումներ է կատարել՝ ուղևորահոսքն ուսումնասիրելու համար և ոչ միայն այս երթուղում։ Ի դեպ 13 համարի ավտոբուսն, ըստ պաշտոնյայի, այսօրվանից  աշխատում է  նախկին երթուղով։

«Հաշվի առնելով Սարի թաղի փողոցների նեղությունը, նաև մի շարք բողոքներ, որ երկու երթուղիներ կրկնվում են, ժամանակավոր փոփոխություն արեցինք։ Ընդամենը այն, որ Սարի թաղի ժողովրդին 13 համար ավտոբուսը սպասարկի ներքևի հատվածից, իսկ 9 համարի ավտոբուսը  բարձրանա վերև։ Ընդհանուր ուղևորահոսքը, դժգոհություններն ու ինչու չէ, նաև  գոհունակությունը հաշվի առնելով՝   «Երևան Տրանս »  ՓԲԸ  աշխատակիցների հետ  կգանք եզրահանգումների։ Իսկ 13 համարի ավտոբուսն այսօր 14․00–ից կսկսի աշխատել  մինչ մենք արդյունքները կամփոփենք»,– ասաց Էդգար Գալստյանը։

Երթուղին սպասարկում է 10 ավտոբուս և  կարճերից չէ՝ ասում է  զրուցակիցս, նաև հիշեցնում , որ  նույն հատվածից Երևանի կենտրոն եկող  9 համարի երթուղին  նույնպես  վերջերս նման փորձարկման  էր ենթարկվել։

«Ընթացակարգային , աշխատանքային  պրոցես է։  Արդեն  ունենք 9 համարի ավտոբուսի արդյունքները։  Սարի թաղի 3–4 փողոցում   երթուղիները կրկնվում են։ Պետք է հաշվի առնենք այդ խնդիրը։  Ֆինանսական տեսանկյունից էլ խնդիր կա ։ 13 համարը Երևանի քաղաքապետարանի երթուղին է, իսկ 9 համարը մասնավոր է։ Մենք խտրականություն չենք դնում։  Այնպես չենք անում, որ մասնավորը նորմալ սպասարկելու   հնարավորություն չունենա»։   

 «Ռադիոլուրը» մայրաքաղաքի կանգառներում   փորձեց պարզել՝  գոհ են արդյո՞ք երևանցիները մայրաքաղաքի տրանսպորտից․ «Շատ անհարմար են, քիչ են, հին՝ հատկապես երթուղայինները։ Կան մի քանիսը, որ նստելու համար չեն»։

Երևանում տրանսպորտային խնդիրները փոքր-ինչ կմեղմվեն,  երբ կյանքի կկոչվի երթուղային նոր ցանցը։  Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի ժ/պ Էդգար Գալստյանը «Ռադիոլուրին» տեղեկացրեց ՝ քննարկումներն արդեն  ավարտվել են։    

«Նոր երթուղային ցանցի աշխատանքներն ավարտված են։ Այն ուղարկվել է  կառավարություն։ Այժմ քննարկվում են  շարժակազմի հետ կապված խնդիրները»։

Անդրադառնալով  շարժակազմերի թարմացմանը՝ զրուցակիցս նշեց, որ անցյալ տարի 75  միկրոավտոբուս ու ավտոբուս է  նորացվել ։ Հին արտադրության մեքենաները փոխարինվել են ոչ թե ամբողջությամբ նոր, այլ՝ համեմատաբար նոր   մեքենաներով։

2019–ի  հուլիսից  Երևանում փորձնական  երթուղի դուրս եկած MAN մակնիշի նոր ավտոբուսը, որը պատկանում է սպասարկող   «Բաս Վոյաժ» ընկերությանը,   այժմ էլ շարունակում է սպասարկել թիվ 26 երթուղին՝ Հարավ-արևմտյան թաղամասից մինչև Նորքի 9-րդ զանգված՝ ասաց Գալստյանը՝ ընդգծելով, որ  քաղաքապետարանում  ուսումնասիրությունները շարունակվում են ։

Ցուցադրել ավելի
Back to top button
Close