ԿարևորՀասարակություն

2019–ին ստեղծվել է 40 հազար նոր աշխատատեղ

Ազգային վիճակագրական ծառայությունը  2019թ․ ամբողջական պատկերը  դեռ չի ամփոփել։  Տնտեսական ցուցանիշերն արձանագրում են  նախորդ տարվա 11 ամսվա տվյալները։ Սակայն արդեն ակնհայտ է, որ  2019-ի տնտեսական աճը  7․5 տոկոսի շրջակայքում է։  Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի կարծիքով՝ լավ մեկնարկ է   2020–ի տնտեսական տարվա համար։

2019–ին Հայաստանում 40 հազար աշխատատեղ է ստեղծվել։ Նախարարը հստակեցրել  է՝ դրանք և նոր ստեղծված, և ստվերից դուրս բերված աշխատատեղերն են։  Անցյալ տարվա  հունվար–սեպտեմբերին օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմել են   շուրջ 453 մլն դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից պակաս է  շուրջ 68 մլն դոլարով:

Առնվազն 7․5 տոկոս տնտեսական աճ՝ 2019 թվականին։ Սա, ըստ  էկոնոմիկայի նախարար  Տիգրան Խաչատրյանի, կառավարության   1․5 տարվա գործունեության գլխավոր ձեռքբերումն է։ Իսկ արձանագրված ցուցանիշների կառուցվածքը փաստում է, որ  փոխվում է նաև  տնտեսական  մոդելը։

«Առաջատար նշանակություն ունի արդյունաբերության աճը՝ 9․3 տոկոս, ծառայություններն աճել են գրեթե 15 տոկոսով, ներքին առևտրաշրջանառությունն ունեցել է 9․2 տոկոս աճ, շինարարությունը՝ 4․5 տոկոս աճ։ Սա նշանակում է, որ մենք 2019 թվականին կունենանք առնվազն 7․5 տոկոս տնտեսական աճ»։

Ոլորտի պատասխանատուն հիշեցնում է՝ թիրախը երկնիշ տնտեսական աճ ապահովելն է, ինչը  կառավարությունը խոստանում է  առաջիկա տարիներին։

2019–ին 40 հազար աշխատատեղ է ստեղծվել։ Տիգրան Խաչատրյանը մատնանշում է ոլորտները, բայց  նաև  նշում՝ չկա վիճակագրություն, թե ստեղծված աշխատատեղերի որ մասն է նոր ստեղծվել, որը՝  ստվերից դուրս եկել։

«Դրանցից  5300 –ը մշակող արդյունաբերության ոլորտում են, 12 400–ը՝  մեծածախ ու մանրածախ առևտրի, 4300 աշխատատեղ ավելացել է հանրային սննդի ոլորտում, 2300–ը՝ կապի ու  տեղեկատվության, 2100–ը՝ ՏՏ, 2700–ը՝ այլ ծառայություններում են»։

Տնտեսական աճի ապահովման  կարևորագույն նախապայմաններից մեկը ներդրումներն են։  Դրանց նախարարն իր  ներածական խոսքում չանդրադարձավ։ Խնդրեցինք ցուցանիշեր ներկայացնել։ Պարզվեց՝  անցյալ տարվա   հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքումտնտեսության իրական հատվածումօտարերկրյա   ներդրումների  հոսքը կազմել է  267 մլն դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 268 մլն դոլարով։ Այդ ցուցանիշում  ներառված են նաև վարկերն ու  փոխառությունները։ Մինչդեռ  օտարերկրյա  ուղղակի ներդրումները նվազել են

«Նվազում է եղել նախորդ տարվա կտրվածքով․ ուղղակի ներդրումների թիվը 60 մլն դոլարով պակաս է եղել»։   

Ըստ համախառն հոսքերի` առաջին տեղում   Ռուսաստանն է (7.3 մլրդ ԱՄՆ դոլար), հաջորդում են Գերմանիան (2.8 մլրդ ԱՄՆ դոլար), Կիպրոսը (1.4 մլրդ ԱՄՆ դոլար) և Ֆրանսիան (1.1 մլրդ ԱՄՆ դոլար):    Ներդրումային միջոցները հիմնականում ներգրավվել են  էներգետիկայի (232 մլն ԱՄՆ դոլար), հանքարդյունաբերության (37 մլն ԱՄՆ դոլար) և առևտրի  (24 մլն ԱՄՆ դոլար) ոլորտներում։

Գյուղատնտեսության ոլորտում ցուցանիշերը  շարունակում են ակնում գրանցել։  Նախարարը հիշեցրեց՝ իննամսյա տվյալներով անկումը շուրջ 4 տոկոս է։ Տարեկան կտրվածքով էլ  պատկերը դժվար թե փոխվի։  Նախարարն ասում է՝  մի շարք ծրագրեր են մշակել, որոնք  ուղղվելու են  ոլորտի, այսպես ասենք, կենսունակության բարձրացմանը։ Չնայած  գյուղատնտեսության  անկմանը, ոլորտի մի շարք ցուցանիշներ  տպավորիչ աճ են արձանագրել․  նախորդ  տարի արտահանման կառուցվածքում 75 տոկոսով  ավելացել են մրգային օղիների, 26․7 տոկոսով՝ կոնյակի արտահանման ծավալները։ Լավագույն եռյակը ամփոփում  են խաղողի գինիները, որոնց արտահանման աճը կազմել է 25․5 տոկոս։

Ցուցադրել ավելի
Back to top button