ԿարևորՀասարակություն

Սեյրան Օհանյանը սպառնալիք է լսել․ Քոչարյանի և մյուսների դատ

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստն այսօր կարճ է տևել․ ամբաստանյալներից մեկի պաշտպանը՝ որպես նախորդ նիստին արձանագրված միջադեպի դեմ բողոքի ակցիա, այսօրվա նիստին չի ներկայացել՝ այդ մասին ծանուցելով դատավորին։ 

Մեղադրող կողմը պաշտպանի քայլը ցուցադրական ու անհիմն է որակել։ Բողոքի առիթը տուժողներից մեկի իրավահաջորդի՝ նախորդ նիստին արած հայտարարությունն է, որի մեջ պաշտպանական կողմը սպառնալիք է տեսել։

Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստն այսօր կրկին հետաձգվեց դեռ նախորդ նիստին սկիզբ առած տարաձայնության պատճառով։ Հունվարի 9–ին Մարտի 1-ի զոհերից մեկի հայրը՝ Էդիկ Հարությունյանը, պահանջեց,  որ մեղադրյալներն ու նրանց պաշտպանները հարգանքով խոսեն  2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների մասին։ «Հակառակ դեպքում մեր օրը կընկնեք»,– ասել էր զոհվածի հայրը:

Մեղադրյալներից Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանն այսօր դատական նիստին չէր ներկայացել հենց այդ պատճառով։ Դատավոր Աննա Դանիբեկյանին դիմումով տեղեկացրել էր, որ դատարանն անտեսում է նիստի ընթացքում պաշտպանների հասցեին հնչող վիրավորական արտահայտություններն ու սպառնալիքները, խտրական վերաբերմունք է դրսևորում դատավարության մասնակիցների նկատմամբ։ Դատարանն,  ի դեպ, ուսումնասիրել էր նախորդ նիստի ընթացքում տեղի ունեցած միջադեպի սղագրությունը։

 «Որեւէ արտահայտություն կամ սպառնալիք սպանված հարազատ ունենալու հանգամանքի հետ կապված չի արձանագրվել։ Այդ իսկ պատճառով  դատարանը որեւէ հիմք չունի արձանագրելու, որ պաշտպանության կողմի հասցեին թույլ է տրվել սպառնալիք։ Եթե պաշտպանության կողմը գտնում է, որ տուժողի իրավահաջորդի արտահայտությունը, որն իր բովանդակությամբ անորոշ էր, վերացական, պարունակում է սպառնալիք եւ օրենքով անթույլատրելի արարքի հատկանիշներ, իրավասու է դիմել համապատասխան մարմիններին»։  

Հետագա քայլերի ռազմավարությունը պաշտպանական կողմը չի բացահայտում, բայց շարունակում է դատարանից պահանջել ընդունելի պայմաններ։ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյան․

 «Այն փաստը, որ դատական նիստերի դահլիճում սպառնալիք կարող է հնչել, և դատարանը կարող է այսպես անտարբեր վերաբերվել դրան, այ դա է մեզ մտահոգում։ Հիմա, եթե ամբաստանյալներից մեկն ու մեկը նույն դատավորին ասի՝ եթե դատական նիստը սխալ վարեք,  մեր օրն եք հայտնվելու, օրինակ։ Ինչպես մենք պետք է չանձնավորենք, այնպես էլ դատարանը պետք է չանձնավորի։ Լա՞վ»։

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը Մարտի 1–ի զոհերից մեկի հարազատի խոսքերը նույնպես համարում է սպառնալիք։ Դատական նիստից հետո  լրագրողների հետ շատ չշփվեց, բայց հասցրեց դիրքորոշումը փոխանցել։

–Իհարկե, սպառնալիք էր։ Ձայնագրությունը թող հրապարակեին։

–Հիմա ի՞նչ է լինելու՝ Միհրան Պողոսյանը հրաժարվում է, Խաչատուրովը ուրիշ պաշտպան չի ուզում։

–Կարծում եմ, հաջորդ դատավարության ժամանակ կերեւա ամեն ինչ։

–Հնարավո՞ր է Ձեր փաստաբանն էլ նման դիմում գրի։

–Առայժմ ոչ։

Մեղադրող դատախազները քննադատեցին Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանի քայլը՝ այն ցուցադրական ու դեմոնստրատիվ որակելով։

 «Սա ակնհայտ ցուցադրական, դեմոնստրատիվ քայլ է։ Դատական քննությունը մրցակցության սկզբունքի խախտմամբ անցկացնելու վերաբերյալ հայտարարությունները մերկապարանոց են։ Եթե միջնորդությունների քննարկման ընթացքը մանրամասն դիտարկենք, ապա դատարանը պաշտպանության կողմին  եւ սկզբում,  եւ վերջում թույլ է տալիս արտահայտվելու։ Այսինքն՝ պաշտպանության կողմը ներկայացնում է միջնորդություններ, լսում մեղադրանքի կողմի պատասխանը եւ վերջում նորից ունենում հնարավորություն ամենավերջինն արձագանքելու եւ վերահաստատելու իր դիրքորոշումները։  Դատարանում հնչած սպառնալիքների վերաբերյալ հայտարարությունները եւս կեղծ են։ Եթե այդպիսիք կային, ապա պաշտպանության կողմը կարող է վերցնել ձայնագրություններն ու դատավարական համապատասխան ընթացք նախաձեռնել»։  

Ամբաստանյալ Յուրի Խաչատուրովին առաջարկվեց  նոր պաշտպան ընտրել, ինչից նա հրաժարվեց։ Ասաց, որ իր փաստաբանն իրեն գոհացնում է։ Իրավական նորմերով ամրագրված է՝ երեք դատական նիստին անընդմեջ պաշտպանի չներկայանալու դեպքում դատարանն իրավունք ունի ամբաստանյալին առաջարկել  նոր պաշտպան հրավիրել, առաջարկից հրաժարվելու դեպքում՝ նշանակել այլ պաշտպան։ Դատական հաջորդ  նիստը հունվարի 21–ին է։

Ցուցադրել ավելի
Back to top button