Ռ. Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվել է


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով այսօրվա դատական նիստը հետաձգվել է: Դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնել է` նիստից առաջ ստացվել է Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի դիմումը, որով նա տեղեկացրել է, որ չի մասնակցելու նիստին:
Դանիբեկյանը դատարնում կարդացել է պաշտպանի հիմնավորումը․ «Հաշվի առնելով , որ դատարանի կողմից սույն գործի քննության ժամանակ չի ապահովվել մրցակցության սկզբունքը, պաշտպանության կողմը գտնվում է խիստ անբարենպաստ պայմաններում և փաստաբանների հասցեին սպանված հարազատ ունենալու սպառնալիքի վերաբերյալ դատարանի կողմից որևէ գործողություն չի իրականացվում և պաշտպանների իրավական միջնորդությունների վերաբերյալ կարծիք արտահայտելու հնարավորությունը որոշ մասնակիցներ օգտագործում են վիրավորանք հասցնելու համար, իսկ դատարանը կրկին որևէ միջոց չի ձեռնարկում սույն գործողությունները կանխելու համար, ինչի պատճառով պաշտպանության կողմը զրկվում է պաշտպանություն իրականացնելու իրական և ողջամիտ հնարավորությունից»:
Դատավոր Աննա Դանիբեկյանի խոսքով՝ դատարանն՝ ուսումնասիրելով նախորդ նիստի տեսագրությունը, գտել է, որ պաշտպանների նկատմամբ որևէ սպառնալիք չի հնչել։
Մեղադրող կողմը Մ.Պողոսյանի մասնակցելուց հրաժարվելը համարել է ցուցադրական քայլ և միջնորդել նրա նկատմամբ դատական սանկցիա կիրառել: Դատավոր Ա.Դանիբելյանը նշել է, որ դրա համար հիմք չկա, սակայն Յու. Խաչատուրովի պաշտպանի կողմից 3 անընդմեջ անհարգելի բացակայության դեպքում դատարանը սանկցիա կկիրառի:
Դատական հաջորդ նիստը տեղի կունենա հունվարի 21-ին, ժամը 13-ին:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է 2008-ի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգը տապալելու համար։ Նա նաև մեղադրվում է պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու մեջ: