ԿարևորՀասարակություն

Հայաստանի ագրարային համալսարանը գինի է արտադրում

Շատ շուտով հայրենական շուկա դուրս կգա Հայաստանի ազգային ագրարային համալսարանի արտադրած գինին։ Օրինակն այսօր որպես նվեր ստացել է «Ռադիոլուր»-ը։

Կրթօջախում այժմ մշակում են հաստատության կողմից արտադրվող գինու բրենդավորման մասին՝ հայտնել է կրթօջախի ռեկտոր Վարդան Ուռուտյանը։ Նա տեղեկացրել է, որ Ոսկեհատի ուսումնափորձնական տնտեսությունում գործարկել են գինեգործարանն ու գինու ուսումնագիտական կենտրոնը, որոնք դարձել են դուալ կրթության լավագույն կառույցներ։

Այս դրական  փոփոխությունները եզակի չեն ուսումնական հաստատության անցած մեկ տարվա գործունեության մեջ։ Ազգային ագրարային համալսարանի ռեկտորն ամփոփել է  Հաստատությունում իրականացված բարեփոխումներն ու իր պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքները, ներկայացրել նաեւ 2020-ի ծրագրերը։

ՀԱԱՀ-ի ռեկտոր Վարդան Ուռուտյանն իր ղեկավարությամբ անցած մեկ տարին կրթօջախի համար բնութագրում է որպես շատ արգասաբեր, աննախադեպ տարի։ Նա թվարկեց երկու տասնյակից ավելի գործունեության ուղղություններով հաստատության ձեռքբերումները։

Դրանք վերաբերում են նոր կրթական ծրագրերի մշակումից մինչեւ ենթակառուցվածքների ստեղծմանն ու աշխատակիցների աշխատավարձերի բարձրացմանը։  

«Սեպտեմբերին 25 տոկոսով բարձրացել են պրոֆեսորադասախոսական կազմի, 10-15 տոկոսով՝ ուսումնաօժանդակ աշխատակազմի աշխատավարձերը, 1.5 անգամ՝ անվանական կրթաթոշակների չափը»։   

Ռեկտոր Վարդան Ուռուտյանը հիշեցրեց, որ մեկնարկած 2020 թվականը Ազգային ագրարային համալսարանի համար հոբելյանական տարի է՝ նշելու են  90-ամյակը, ապա  հույս հայտնեց՝ ձեռքբերումներն այս տարում կկրկնապատկվեն։

«Սկզբունքը ասեմ, կամ՝ մոտեցումներն այսպիսին են. Մենք պետք է աջակցենք մեր գիտական եւ հետազոտական կենտրոններին, որպեսզի ստեղծված գիտական արդյունքը նախ հանրայնացվի, որ բոլորը իմանան, թե ինչպիսի գիտական արդյունք ենք ունեցել, եւ հնարավորության սահմաններում առեւտրայնացվի։ Ցավոք սրտի, մեր հանրապետության տարբեր գիտական կենտրոններ, այսպես ասեմ, ունեն պոտենցիալը, բայց այն լիարժեք չի օգտագործվել։ Մենք փորձելու ենք կառավարման արդյունավետության բարձրացման եւ գործընկերության միջոցով գիտական համակարգի կառույցները զարգացնել»։  

Ագրարային մասնագիտությունների գծով բարձրակարգ մասնագետների մեծ պահանջարկ կա, որը հնարավոր կլինի բավարարել, եթե ազգային ագրարային համալսարանում ունենանք որակյալ, բարձրակարգ մրցունակ միջավայր —  նկատեց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը՝ արձագանքելով դիտարկմանը, որ ագրարային մասնագիտություններ ստացած կադրերը ձգտում են վերամասնագիտանալ եւ աշխատել այլ ոլորտներում։

«Իհարկե որակյալ միջավայրի ձեւավորումով մենք կկարողանանք հասնել դրան։ Մենք հիմա առանձին աշխատանքներ ենք տանում շարունակական կրթության առումով. Կարճաժամկետ դասընթացների, վերապատրաստումների միջոցով մենք կկարողանանք այդ շրջանավարտներին նույնպես բերել համալսարան, վերապատրաստել արդեն նոր միջավայրում, նոր մեթոդներով եւ պատրաստել արդեն աշխատաշուկայի համար»։

Անդրադառնալով կառավարության որոշմամբ Ագրարային համալսարան ընդունվելու  նախկինում եղած արտոնության վերացմանը՝ Վարդան Ուռուտյանը կարծիք հայտնեց, որ դա մի կողմից լավ է, քանի որ ագրարային համալսարան արդեն կգան մասնագիտության հարցում հստակորեն կողմնորոշված դիմորդներ։

«Մյուս կողմից էլ, քանի որ այդ որոշումը կայացվեց բավականին ուշ, մենք այստեղ խնդիրներ ենք տեսնում, որպեսզի կարողանանք լիարժեք մեր բարեփոխումները հասցնել  դպրոցներին եւ կարողանանք պոտենցիալ դիմորդներ ներգրավել»։

Դիմորդների բանակը համալրելու խնդիրը,  ռեկտորի համոզմամբ, տարիների ընթացքում կլուծվի։ Վստահ է, որ բարեփոխումները, զարգացումները, ներդրումները, որ արվում են ու շարունակելու են անել՝ ծառայելու են այդ խնդրի լուծմանը։

«Իհարկե, մենք պարտավոր ենք հետ չմնալ։ Մենք ուզում ենք տեխնոլոգիական կրթությունը կապել ագրոնոմիական կրթության հետ եւ նաեւ տալ հնարավորություն գյուղատնտեսության խնդիրները տեխնոլոգիական նոր լուծումներով լուծում առաջարկելու համար։ Այս բոլորն առաջիկայում իրենց արտացոլումն են ունենալու մեր ուսումնական ծրագրերում։ Այնպես որ՝ պետք է համահունչ քայլենք։ Մենք արդեն բավականին հետ ենք եղել, բայց այլեւս իրավունք չունենք հետ մնալու։ Մեզ համար ամենակարեւորը կլինի ժամանակակից բովանդակություն մատուցել ուսանողներին, որպեսզի ուսանողները հաջողության հասնեն»։

Վարդան Ուռուտյանի խոսքով՝ իրենք նաեւ ոլորտում մասնագետների կարիքը հասցնելու են դպրոցներ, կոնկրետ օրինակներով տեղեկացնելոը-ցույց են տալու, որ ագրոմասնագիտություններով հնարավոր է արժանավայել աշխատավարձ ստանալ, լավ կարիերա անել եւ պահանջարկված լինել։

Ցուցադրել ավելի
Back to top button