ԿարևորՀասարակություն

Կոմիտասի համար ինչ էլ անենք, քիչ է․ Նորայր Քարտաշյան

Կոմիտաս 150-ի շրջանակում Հանրային ռադիոյի նոր նախաձեռնությունը հունվարի 23-ին մեկ հարթակում կմիավորի կոմիտասյան ստեղծագործությունների տարբեր մեկնաբանություններով հանդես եկող  կոլեկտիվներին, անհատ կատարողներին։ «Համերգ-ռադիոհաղորդում  Կոմիտաս 150․ հետգրություն» խորագրով երեկոյի ժանրային բազմազանությունն ապահովող կոլեկտիվներից մեկը «Մենուա» անսամբլն է։

Համույթի  հիմնադիր ու գեղարվեստական ղեկավար Նորայր Քարտաշյանի տեղեկացմամբ՝  ներկայանալու են կոմիտասյան ստեղծագործության բազմաձայն կատարմամբ, որը հայ երաժշտության ընկալման մեջ համեմատաբար նոր երևույթ է։

Հայկական ամենաինքնատիպ ու զգացմունքային ձայնով նվագարաններից մեկը՝ բլուլը, մեզանից շատերը ճանաչել կամ լսել են նրա միջոցով: Շատերը նրան հենց այդ ձայնով էլ ճանաչում են՝ բլուլահար Նորայր Քարտաշյան: Սակայն նույն վարպետությամբ երաժիշտը տիրապետում է մի քանի նվագարանի ՝ դափ, սաքսոֆոն, պարկապզուկ և այլն:

Նորայր Քարտաշյանը վերականգնել և կատարելագործել է հայկական բլուլը, սրինգը, երկփող պարկապզուկը: Հայկական գործիքների, ինչպես ինքն է ասում,  նոր ընտանիք է ստեղծել, որոնք բլուլի և դուդուկի հիբրիդային լուծումն են։ «Armenian Navy Band»-ից բացի` մասնակցել է երաժշտական բազմաթիվ, այդ թվում՝ «Կատուներ»  նախագծի կայացմանը,  հիմնադրել  է «Վան» և «Մենուա» երաժշտական խմբերը, որոնց գեղարվեստական ղեկավարն է նաև: Վերջինը կոմիտասյան ստեղծագործությամբ հանդես կգա Հանրային ռադիոյի նախաձեռնած «Համերգ-ռադիոհաղորդում Կոմիտաս 150․ հետգրություն» խորագրով համերգային նախագծում։ Այն  տեղի կունենա հունվարի 23-ին Արամ Խաչատրյան համերգասրահում։

«Նվագում ենք «Լորիկ», Կոմիտաս` բազմաձայն։ Շատերին դուր չի գալիս հայկական երաժշտությունը՝ բազմաձայն, բայց ապրում ենք, լսում ենք, ուզում ենք նաև ուրիշ ձայներ մատուցել մարդկանց։ Ոմանց դուր կգա, ոմանց՝ ոչ»։

Կոմիտասյան ստեղծագործությունները մատուցվում են տարբեր ձայներով, տարբեր մոտեցումներով , բայց Կոմիտասը միշտ նույնն է` կարծում է Նորայր Քարտաշյանը։  Հանրային ռադիոյի նախաձեռնած ինքնատիպ նախագիծը, որն ըստ էության, համերգ-ռադիոհաղորդում է,  ազգային մեր հանճարին  մեկ անգամ ևս հիշելու, մեծարելու, մեր իրականությունը կոմիտասյան շնչով լցնելու հնարավորություն է։  Նորայր Քարտաշյանի խոսքով՝ Կոմիտասի համար  ինչ էլ անենք, քիչ է, որովհետև նա ավելորդություններից մաքրեց ու ամրագրեց մեր ազգային երաժշտական  դիմագիծը։

«Պատկերացրեք` այն ժամանակ որևէ ձայնագրող սարք չկար, ժողովրդի մեջ ծնված գոհարները «ֆիքսելու» հնարավորություն չի եղել մինչև Կոմիտասը։ Դրա համար էլ շատ բաներ կորցրել ենք, մյուսները մեզ են հասել բանավոր, շուրթից շուրթ։ Այդ գանձերը հավաքելու բանահավակչական կարևոր աշխատանքից զատ` Կոմիտասը նաև «ֆիքսեց» այդ երգերը նոտաների միջոցով»։

Կոմիտաս և ազգային փայլուն երաժշտական ժառանգություն ստացած ազգը ինչպե՞ս կարող է 6/8 կամ առհասարակ  անճաշակ երաժշտություն լսել, որով այսօր ողողված է մեր կյանքը․ հարցին երաժիշտը պատասխանում է․ «Շատերը կենցաղային մակարդակում են փորձում գտնել դրա  պատասխանը, բայց խնդիրը շատ ավելի խորն է»։

«Դրա արմատները գալիս են հարյուրամյակների խորքից, ավելի կոնկրետ, երբ Արևելյան Հայաստանը Իրանի տիրապետության տակ էր։ Այնտեղից էր գալիս այդ մշակույթը, ինչպես այսօր Ռուսաստանից եկած մի աղջնակ լցնում է, օրինակ, համալիրը։ Եթե «պրովինցիա»  ես, ուրեմն կենտրոնից եկող ամեն ինչ քեզ համար շատ լուրջ բան է»։

Արվեստագետի համոզմամբ՝ բանալին պետության ձեռքին է․ պետությունը պիտի տեր կանգնի իր մշակույթին, և պետական քաղաքականությունն է էական որոշիչը՝ ազգը 6/8 կլսի՞, թե՞ Կոմիտաս։

Ցուցադրել ավելի
Back to top button