ԿարևորՀասարակություն

Բացե՞լ, թե՞ չբացել հրապարակի թաքնված շերտերը

Հանրապետության հրապարակի տակ գտնվող շինությունները նկուղներ են, որոնք չունեն պատմական կամ ճարտարապետական արժեք, բայց կարող են հետաքրքրել զբոսաշրջիկներին՝ ասում է  Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության թանգարան-ինստիտուտի տնօրեն Մարկ Գրիգորյանը, իսկ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Ֆրինա Բաբայանը կարծում է, որ հրապարակի տակ թաքնված պատմական շերտը շինարարական արվեստի աղյուսաշար գլուխգործոց է։ Մասնագետների կարծիքները իրարամերժ են՝ բացե՞լ,  թե՞ չբացել հրապարակի թաքնված շերտերը։  

«Հանրապետության Հրապարակի տակ գտնվող պատմական շերտը շինարարական արվեստի աղյուսաշար գլուխգործոց է»,– ասում  է  հնագետ Ֆրինա Բաբայանը ու պատմում, խոսքը հայ վարպետների կառուցած տների մասին է, և ոչ  թուրքական կամ պարսկական բաղնիքների։ Ֆրինա Բաբայանը 2003 թ․   մասնակցել է  Հանրապետության հրապարակի վերակառուցման աշխատանքներին։

Պատմում է, որ երբ ասֆալտի վերին շերտը հանվել է, շինարարները քարքարոտ պատեր, սև ու կարմիր տուֆի սալեր, կղմինդր, կավե սափորների մասեր ու կավե ջրատար խողովակներ են հայտնաբերել։  Շինությունները  ձգվում են   Աբովյան ու Ամիրյան փողոցներով, անցնում Հանրապետության հրապարակով  և հասնում է մինչև Կոնդ։   Այդ աշխատանքների արդյունքում   հրապարակի ու դրան կից փողոցների տակ հայտնաբերվել էին 17 դարի շինությունների որոշ հատվածներ։ 

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել էր, որ 2020 թվականին կսկսվեն Հին Երևանի՝ Հանրապետության հրապարակի տակ գտնվող պատմական շերտի բացման և այն թանգարանային հատվածի վերածելու աշխատանքները: ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն էլ գրել էր, որ մասնագետների հետ քննարկում են հին քաղաքի վերականգնման հնարավորությունները։

Քննարկումները դեռ չեն սկսվել՝  տեղեկացնում է Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության թանգարան-ինստիտուտի տնօրեն Մարկ Գրիգորյանը, նա նույնպես ընդգրկված է մասնագիտական հանձնախմբում։ Ասում է՝ դեմ չէ քաղաքի բացմանը, բայց  կողմնակից է, որ միջազգային մրցույթ հայտարարվի ՝ հասկանալու համար, թե ինչ գաղափարներ, առաջարկություններ կան․ գուցե լինեն առաջարկներ, որոնք հրապարակի ընդհանուր տեսքին չեն խանգարի:

Ի տարբերություն  հնագետի՝  Մարկ Գրիգորյանը նշում է, որ Հանրապետության հրապարակի տակ գտնվող շինությունները նկուղներ են, որոնք չունեն պատմական կամ ճարտարապետական արժեք, բայց կարող են հետաքրքրել զբոսաշրջիկներին։

«Առավել կարևոր է ոչ թե բուն ծրագիրը, այլ թե ինչպես են այդ ծրագիրը կյանքի կոչելու։ Խնդիրն անվստահության մեջ է ու հրապարակի տեսքի աղճատման մտավախությանը»։

Գրիգորյանը  նշեց, որ Ճարտարապետների ճնշող մեծամասնության հետ  ինքը հարցը քննարկել է․  շատերը  դեմ  են  նկուղների բացմանը։ ՀՀ վաստակավոր ճարտարապետ Հրաչ Պողոսյանն էլ  հորդորում  է  հուշարձաններին ավելի զգույշ և մտածված վերաբերվել։

«Հանրապետության Հրապարակի ստորին շերտը լրջորեն ուսումնասիրված չէ, բացի դրանից՝ նշված տարածքի հետ բազմաթիվ խնդիրներ կան՝ ավտոկայանատեղեր, տրանսպորտային հանգույց և այլն։ Ինչո՞ւ Հրապարակի ստորին շերտը բացենք, ապակիներ տեղադրելով՝ ցուցադրենք։ Մինչև այդ պետք է խոր ուսումնասիրություն կատարել։ Չի կարելի հապճեպ որոշումներ կայացնել»։

Հրաչ Պողոսյանը հորդորում է նախ պահպանել   Երևանի  ճարտարապետական արժեք ներկայացնող հուշարձանները, չխեղաթյուրել մայրաքաղաքի տեսքը, հետո անցնել թաքնված արժեքներին։

Ցուցադրել ավելի
Back to top button