ԿարևորՏնտեսական

Հարկային եկամուտները 100 միլիարդով գերակատարվել են

Խոշոր ընկերություններում հարկային ստվեր, ըստ էության,  չկա՝   այսօր ասել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, նաև տեղեկացրել, որ Լարսի անցակետում  Հայաստանի  ներկայացուցչի թեկնածությունն արդեն ներկայացվել  է  կառավարություն։ 

ՊԵԿ նախագահը հույս ունի, որ փետրվարից  ներկայացուցիչն  արդեն  կաշխատի։ Իսկ շոու բիզնեսի ներկայացուցիչները շարունակում են հայտարարագրել իրենց եկամուտները։ ՊԵԿ նախագահը հայտնել է, որ 2019–ին  նրանցից  քսանն  արդեն հայտարարագրել է իր եկամուտները։

2019–ին  հարկային եկամուտները մոտ 100 մլրդ դրամով  գերակատարվել են։ Չկա որևէ ծախս, որը կատարված չլինի ֆինանսական միջոցների  բացակայության պատճառով` արձանագրում է  ՊԵԿ նախագահը։ Դավիթ Անանյանը հիշեցնում է՝ օգոստոսից դեկտեմբեր տնտեսվարողներին  շուրջ 43 մլրդ դրամ ԱԱՀ–ի պարտք  է վերադարձվել։ Իսկ հունվարի մեկից ավարտվել է ԵԱՏՄ–ի անդամակցության արտոնյալ 5 տարին, և   միության  անդամ երկրներում  արդեն գործում են միասնական մաքսատուրքերը։  

Այս պահին, Անանյանի պնդմամբ, մաքսազերծված են ներկրված բոլոր մեքենաները․ «Դեկտեմբերի 27–ից վարչապետի հանձնարարությամբ աշխատանքները դարձրեցինք շուրջօրյա, այդ ռեժիմից դուրս եկանք դեկտեմբերի 31–ին 22․30, քանի որ որևէ մեքենա չէր մնացել․ ներկրված բոլոր մեքենաները հասցրեցինք մաքսազերծել»։

4700 քաղաքացի էլ  նախնական հայտարարագիր է  լրացրել և  հունվարին  հնարավորություն կունենա մեքենան  մաքսազերծել  նախկին գնով։  ՊԵԿ –ում կանխատեսում են, որ մեքենաների ներկրումը կշարունակվի, բայց ոչ բիզնես նպատակով։  ՊԵԿ նախագահի կարծիքով՝  բիզնես նպատակով ավտոմեքենա ներկրելն այլևս խելամիտ չէ։

Մինչ Դավիթ Անանյանը պնդում էր, որ ներկրված որևէ մեքենա առանց մաքսազերծման չի մնացել,  կոմիտեի շենքի մոտ հավաքված  ներկրողները  հակառակն էին պնդում։

«Ավելի շուտ ներկրված մեքենաներ են, որոնք տարբեր  պատճառներով չենք հասցրել  մաքսազերծել։ Մեքենաների մի մասն այստեղ է, մյուս մասը՝ Վրաստանում», –ասում է ներկրողներից մեկը:

ՊԵԿ–ում կարծում են, որ ավտոմեքենաների  մաքսազերծման բումից հետո՝ 2020-ին էլ հնարավոր կլինի  հարկային եկամուտները գերակատարել։ Փորձագետները նույնքան վստահ չեն։  Բյուջեն կորուստներ կունենա՝  ասում է  «Կովկաս» ինստիտուտի գիտաշխատող Հրանտ Միքայելյանը։

«Մյուս կողմից՝ մենք լրացուցիչ եկամուտներ կունենանք։ Անուղղակի հարկերն ու ներկրման հարկերը կավելանան։ Այսպիսով` հնարավոր է բալանսավորել, սակայն պետք է սպասել»,- նշում է Միքայելյանը։

Դավիթ Անանյանի տեղեկացմամբ՝  չորեքշաբթի կքննարկեն վարչապետի՝ ՀԴՄ–ներ չտրամադրող տնտեսվարողներին տեսանկարահանելու, փաստերը ՊԵԿ ներկայացնելու  և վարչական վարույթներ սկսելու հանձնարարականի հետ կապված հարցերը։

ՊԵԿ նախագահը գիտի, որ գյուղերում   ՀԴՄ կտրոններ  հաճախ չեն տրամադրում, քանի որ մարդիկ  սոցիալական խնդիրներ ունեն ու պարտքով են խանութներից գնումներ անում։  

«Այստեղ  անելիքը միայն  ՊԵԿ–ինը  չէ, բոլորինս է։ Մենք ոչ թե   պետք է մտածենք, թե ինչպես կազմակերպել ՀԴՄ կտրոնների տրամադրումը «նիսյա»  առևտրի պարագայում, այլ զարգացնենք տնտեսությունը, որ «նիսյա» առևտուր չլինի։ Հետևաբար` հարցն ավելի խորքային է»։

ՊԵԿ-ում 2019 թվականին պարգևավճարներն ավելացել են 800 մլն դրամով: Անցյալ տարի  գերատեսչության  967 աշխատակից  ազատվել է աշխատանքից՝ մի մասը սեփական դիմումի համաձայն, մյուսը՝  կրճատումների արդյունքում:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի տեղեկացմամբ՝  2019 թվականին ՊԵԿ-ում պարգևավճարները կազմել են 5.8 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 5 մլրդ դրամի փոխարեն:

Back to top button