ԿարևորՀասարակություն

ՏՏ ոլորտի կրթական ծրագրեր․ կունենանք շուրջ 6000 պատրաստված մասնագետ

Այս տարի կունենանք շուրջ 6000 պատրաստված մասնագետ ՏՏ ոլորտում, ևս 46 հոգի հնարավորություն կունենա մասնակցել Սիլիկոնյան հովտում կազմակերպվելիք դասընթացին։ Մասնավոր սեկտորի մասնագետների և կազմակերպությունների տնօրենների  հետ շփումը  ցույց է տվել, որ  ՏՏ ոլորտում կա որակավորված մասնագետների պակաս և այս բացը լրացնելու խնդիր։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը խնդիրը լուծելու համար նախաձեռնել է մի շարք կրթական ծրագրեր, այդ թվում ՝ դասընթացներ Սիլիկոնյան հովտում։

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի ուսանողուհի Մերի Վերմիշյանը շուտով կավարտի համալսարանը։ Տարբեր մասնագիտությունների շատ շրջանավարտների պես նա էլ կանգնած է  աշխատանք գտնելու  դժվարին  խնդրի առջև։

«Ավարտական կուրսում պրակտիկա պետք է գնանք, ինստիտուտը մեզ ոչինչ չի առաջարկում։ Այսինքն ՝ առաջարկում է պրակտիկան անցնել համալսարանում։  Իսկ   Երևանում IT ընկերությունում, եթե  ուզում ես գործի ընդունես, կամ մի քանի տարվա աշխատանքային փորձ են ուզում, կամ էլ պետք է փողով պրակտիկա անցնես, հետո  աշխատանքի անցնես։ Այսպիսի վատ պրակտիկա կա։ Հիմա, անկեղծ ասած, ավարտելուց հետո չեմ էլ պատկերացնում, թե ոնց պետք է գործ գտնեմ»։

Բացի դրանից, ուսանողին մտահոգում է համալսարանների կրթական ծրագրերը, որոնք չեն զինում շրջանավարտին համապատասխան գիտելիքներով․

«Համալսարանների կրթական ծրագրերը հին են և չզարգացած, ինչ այժմ աշխատանքի ընդունվելու համար պիտանի չէ, զրո է։ Բացի դիպլոմից պետք է հավելյալ կուրսեր անցնես, որ գիտելիքներ ունենաս։ Օրինակ` 6-7 ամիս կուրսեր անցնենք , որ ծրագրավորման լեզուն իմանանք»։

Հակառակ աշխատաշուկայի մեծ պահանջարկին` ծրագրավորողի համար   աշխատանք գտնելը  հեշտ գործ չէ։ Մյուս կողմից էլ` հեշտ չէ գործատուների համար, քանի որ նրանք էլ կարիք ունեն բանիմաց և   գիտելիքներով զինված մասնագետների։ Խնդրին ծանոթ են պատասխանատու մարմինները։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Արմեն Աբրոյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց, որ կրթական ծրագրերի իրականացման կարիք  կա․

«Շատ հաճախ  շփվում  ենք  մասնավոր սեկտորի մասնագետների և կազմակերպությունների տնօրենների  հետ, նրանց մտահոգությունը  մասնագետների պակասն է, քանի որ ոլորտը շատ արագ և ագրեսիվ աճում է և մասնագետների մեծ կարիք է առաջանում։ Խոսքը հազարների մասին է և ներկայիս մեր աշխատաշուկան չի կարողանում ապահովել այդքան մասնագետներ»։

Թերևս սա է պատճառը, որ նորաստեղծ նախարարությունը  առաջնահերթություն է համարում մասնագետների պատրաստումն ու վերապատրաստումը։ Տարեսկզբից արդեն սկսում են  մեկնարկել մի շարք  կրթական ծրագրեր։ Արդյունքում` տարվա ընթացքում ակնկալվում է ունենալ շուրջ 6000 պատրաստված մասնագետ, որոնք վստահ կարող են անցնել աշխատանքի։

«Նախատեսում ենք կուրսեր սկսնակների, միջին և պրոֆեսիոնալ մասնագետների համար։ Դասընթացները նախատեսում ենք կազմակերպել համալսարանական տարածքներում։ Կուրսերի միջոցով մենք կկարողանանք ապահովել նոր և եղած մասնագետների  վերապատրաստման ավելի բարձր որակավորում ստանալու հարցը, ինչը ինչ–որ առումով կնպաստի ներկա իրավիճակին արագ լուծում տալուն։ Զուգահեռ կբարելավի համալսարանական կուրսերը` հետագայում ավելի բարենպաստ պայմաններ ստեղծելով լավ մասնագետներ պատրաստելու համար»։

Դասընթացները կլինեն կարճաժամկետ` 3-6 ամիս  տևողությամբ։ Կա նաև մեկ այլ ծրագիրը, որը նախարարի տեղակալի խոսքով աննախադեպ է, քանի որ Հայաստանը կապում  է Սփյուռքի հետ։ Ստարտափ ծրագրերը հնարավորություն կունենան զարգացնելու բիզնեսը, նոր ծանոթություններ և հնարավորություններ կլինեն։ Հայկական վիրտուալ Սիլիկոնյան հովտում դասընթացներին մասնակցելու համար կընտրվեն մինչև 46 հոգի։ Ողջ ծախսը նախարարությունն իր վրա է վերցնում, ասում է Արմեն Աբրոյանը․

«Մենք օգտագործում ենք Սփյուռքի ուժը։ Դա «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագիրն է, որի շրջանակում ընտրված ստարտափ և երիտասարադ ձեռներեցները  կմեկնեն Սիլիկոնյան հովիտ։ Այնտեղ կլինի համապատասխան միջավայր ՝ տուն, աշխատանք, կարող են հանդիպել բիզնեսմենների, ներդրողների հետ՝ իրենց օֆիսային տարածքում և այլն։ Կա նաև հնարավորություն սովորել ձեռներեցություն Դրեփըր  համալսարանում։ Ծրագրին մասնակցելու համար արդեն կան 36 դիմորդներ, հայտարարությունը նոր է դրված և  ակնկալում ենք ավելի մեծ  թվով մասնակցություն»։

Առաջարկվող այդ ծրագրերը բարձր տեխնոլոգիական արդյունաբերական քարտեզի մաս են կազմում։ Շուկայի զարգացման համար լավ մասնագետներ ունենալը կարևոր  նախապայման է և Հայաստանն այս ոլորտում դեռ աշխարհին ցույց տալու շատ բան ունի` համոզված է փոխնախարարը։

Back to top button