Հասարակություն

Հեղափոխությունը մոտենում է Սահմանադրությանը

Արդարադատության նախարարությունն այսօր հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ստեղծման մասին։

Նախարարությունը զբաղվելու է այդ հանձնաժողովի մասնագիտական  հատվածի  ձեւավորմամբ։ Խոսքը քաղհասարակության ներկայացուցիչներին եւ իրավաբան–գիտնականներին ընտրելու մասին է։

Սահմանադրական բարեփոխումների առաջին քայլն այսօր արեց արդարադատության նախարարությունը՝ հայտարարելով սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հայտերի ընդունման մասին։

Հանձնաժողովը ձևավորվելու  է մրցութային կարգով՝ վերջերս հայտարարել էր արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։ Պահանջվող փաստաթղթերը  ներկայացնելու համար հավակնորդներն ունեն 10 օր։

«Մրցութային կարգով ընտրվելու են  սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի քաղհասարակության ներկայացուցիչներին եւ իրավաբան–գիտնական ներկայացուցիչներին, որպեսզի ապահովվի այս հանձնաժողովի աշխատանքների ներառականությունը եւ այո, կարող ենք 2020 թվականին ունենալ սահմանադրական բարեփոխումներ, եւ այո, կարող են դրույթներ լինել, որոնք կվերաբերեն ՍԴ–ին»։

6 իրավաբան գիտնական եւ հասարակական կազմակերպությունների 2 ներկայացուցիչ․ դատաիրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությամբ սահմանված է այս հարաբերակցությունը։   Նախարարությունն իր հերթին 14 կետից բաղկացած պայմաններ է առաջադրում մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցողներին։

Մինչ հանձնաժողովը կձեւավորվի, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ընտրական բարեփոխումների աշխատանքային խմբի համակարգող Համազասպ Դանիելյանից փորձեցինք պարզել՝ լինելու է նո՞ր Սահմանադրություն, թե՞՝ փոխվելու է բազմիցս քննադատված վատը․

 «Սահմանադրության տեքստի լավ կամ վատ լինելու պատճառով հնարավոր չէ լուծել բոլոր խնդիրները։ Այդուհանդերձ փաստ է, որ հատկապես 2015–ի սահմանադրական փոփոխությունները, կարելի է անգամ ասել նոր Սահմանադրությունը, որովհետեւ տեքստային առումով 2/3–ից ավելին փոփոխվեց, կյանքի կոչվեցին շատ կոնկրետ քաղաքական նպատակով»։

Խոսքը, պատկերավոր ձևակերպմամբ, Սերժ Սարգսյանի կոստյումի մասին է։  Հեղափոխական իշխանության ընդդիմախոսները հասցրել են ակնարկել, թե նոր իշխանությանը դուր է եկել այդ «կոստյումը», եւ դա է պատճառը, որ «թավշյա» հեղափոխությունից հետո իշխանությունները չեն շտապում «հեղափոխական» դարձնել նաեւ Սահմանադրությունը։ Թե ինչ դրույթներ են փոխվելու,  առայժմ որեւէ մեկը չի շտապում հստակեցնել, բայց «կոստյումը» հաստատ նույնը չի մնալու․

 «Սահմանադրական նախորդ փոփոխությունների նպատակը  մեծ հաշվով իշխանության վերարտադրելը հեշտ եւ հնարավոր դարձնելն էր։ Այդ դրույթների  հարցում  մենք շատ ուշադիր ենք լինելու»։

Սահմանադրական բարեփոխումների մասին խոսելիս շատերը 2015–ի փորձը հիշում են՝ հանրաքվեի եւ փաստաթղթի լեգիտիմությունը հարցականի տակ դնելով։ Ընտրական բարեփոխումների աշխատանքային խմբի համակարգող Համազասպ Դանիելյանի ձեւակերպմամբ՝ նոր փոփոխությունները պետք է տեղի ունենան մասնակցային գործընթացի միջոցով։

 «Խնդիրները, որոնք մենք որպես քաղաքական ուժ տեսնում ենք նաեւ այլ քաղաքական ուժերը եւ հասարակությունը, նաեւ մասնագիտական հանրությունը, ձեւակերպվելու հնարավորություն պետք է ունենան։ Այդ առումով գործընթաց պետք է անցնենք եւ ոչ թե որոշենք, որ ինչ-որ կաբինետում նստած երկու հոգի պետք է ասեն՝ այսպես պետք է լինի կամ այսպես է ճիշտ։ Ամենաառանցքային հարցն այստեղ այն է, որ  Հայաստանի հանրությունը եւ քաղաքացիներն են ի վերջո իրենց որոշումը կայացնելու եւ իրենց դիրքորոշումը հայտնելու Սահմանադրության փոփոխության եւ դրա տեքստի հետ կապված»։

Սահմանադրական փոփոխությունների ժամկետը, նաեւ հարցը, թե արդյոք այդ փոփոխություններով լուծվելու է ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակը, դեռևս բաց են։ Ամենահստակ հնչող պատասխանն առայժմ այն է, որ Սահմանադրության բոլոր գլուխները բաց են քննարկման եւ փոփոխության համար։

Ցուցադրել ավելի
Back to top button