ԿարևորՄշակույթ

Համերգ-ռադիոհաղորդում․ Հանրային ռադիոյի կոմիտասյան նոր նախագիծը

Կոմիտասի 150-ամյակի առիթով 2019-ի հոկտեմբերին Հանրային ռադիոն ներկայացավ  հոբելյանական հատուկ նախագծով․  ձայնագրվեց կոմիտասյան  ստեղծագործությունների 180 կատարում, 9 ժամ երաժշտություն, ապա  թողարկվեց  «Կոմիտաս 150 տարի / րոպե» բացառիկ եռասկավառակ ալբոմը:

Հանրային ռադիոյի նախաձեռնած «Ռադիոհաղորդում Կոմիտաս 150․ հետգրություն» խորագրով համերգային նախագիծը  ևս ընդգրկում  է կոմիտասյան երաժշտության բոլոր հնարավոր երանգները՝ ակադեմիական տարբերակներից մինչև ժամանակակից մշակումներ։ Հունվարի 23-ին կայանալիք համերգի մուտքն ազատ է։

Կոմիտաս 150-ի շրջանակում Հայաստանի հանրային ռադիոն ներկայանում է նոր նախագծով։ Հունվարի 23-ին Արամ Խաչատրյան համերգասրահում «Ռադիոհաղորդում Կոմիտաս 150․ հետգրություն» խորագրով երեկոյի շրջանակում կոմիտասյան ստեղծագործություններով կներկայանան հայտնի, սիրված, գուցե ոչ այնքան հայտնի, բայց, միևնույնն է, հրաշալի կոլեկտիվներ ու անհատ կատարողներ։ 

Նախաձեռնության մանրամասները՝  գաղափարի հեղինակներից մեկից՝  կոմպոզիտոր, երգիչ, Հանրային ռադիոյի «Երաժշտական եռանկյունի» հաղորդաշարի հեղինակ Վահան Արծրունուց․

«Մեծ հաշվով նախաձեռնողը Կոմիտասն է։  Քանի որ անցյալ տարվա ամենահաջողված  նախագծերից մեկը  Հանրային ռադիոյի նախաձեռնած «Կոմիտաս 150 տարի / րոպե» եռասկավառակ ալբոմի թողարկումն էր, նախագծում ընդգրկված երաժիշտների մեջ էլ առաջացավ  համերգային նախագծի մտահղացումը»։

Համերգային նախագիծն, ըստ էության, կամփոփի ու կներկայացնի կատարված աշխատանքը, իսկ  ծրագիրը կմատուցվի նոր մոտեցմամբ՝«համերգ-ռադիոհաղորդում» ձևաչափով։

Այս գաղափարը Հանրային ռադիոյի տնօրեն Գարեգին Խումարյանինն էր․ «Նախագիծը ուրույն ձևաչափ ունի, քանի որ ոչ միայն համերգ է լինելու, այլև ռադիոհաղորդում։ Արամ Խաչատրյան համերգասրահի բեմում կընթանա համերգը, միաժամանակ ես և Ալիսա Քալանթարյանը վարելու ենք ռադիոհաղորդում ՝ ուղիղ եթերում»։

Բեմում կլինեն «Կոմիտաս 150 տարի / րոպե» բացառիկ նախագծում ընդգրկված կոլեկտիվներն ու անհատ կատարողները։ Հանրային ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախումբ, «Ագապե»  մանկական կամերային երգչախումբ, «Կադանս» անսամբլ՝ դասական ոճի կատարումներով, «Թմբաթա» անսամբլ՝ ժանրը ֆոլկ-ռոք, «Ակունք» ազգագրական համույթ, Մերանգուլյանի անվան ժողգործիքների անսամբլ , Վահան Արծրունի՝ ջազային մոտեցում, բազմաթիվ այլ  անհատներ ու կոլեկտիվներ, որոնց անուններն  արդեն իսկ հուշում են երեկոյի ժանրային բազմազանության սահմանները։

Վահան Արծրունու բնորոշմամբ՝ համերգային ծրագրում ժանրային  առումով Կոմիտասը ներկայանալու է համաչափ, ինչպես եռասկավառակում։  Նկատենք, որ Հայկական PR մրցանակաբաշխությունում 2019-ին  Եռասկավառակը Հանրային ռադիոյին հաղթանակ ապահովեց «Տարվա ԶԼՄ» անվանակարգում։ Այս ձայնագրությունները հարստացրին ոչ միայն Հանրային ռադիոյի ոսկե ֆոնդը, այլև թարմացրին ռադիոեթերը՝ այն դարձնելով ավելի կոմիտասյան։

Ցուցադրել ավելի
Back to top button