ԿարևորՔաղաքական

Իրավական գնահատական չստացած ցեղասպանություն․ Բաքվի ջարդերից 30 տարի անց

Ծիծեռնակաբերդի բարձունքում Բաքվի հայերի կոտորածները խորհրդանշող խաչքարի մոտ են ՀՀ հոգեւոր եւ աշխարհիկ իշխանությունները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՆՍՕՏՏ Գարեգին երկրորդի գլխավորությամբ։ Մատուցվում է 30 տարի առաջ Բաքվի ջարդերին զոհ գնացած հայերի հոգեհանգստի կարգ ամենայն հայոց կաթողիկոսի ձեռամբ։

Բաքվի ջարդրի նահատակներին նվիրված խաչքարին ծաղկեպսակ էր դրվել նաեւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի անունից, որն այս օրերին երկրից բացակայում է՝ գործուղման պատճառով։ Այսպիսով, 30 տարի անց Բաքվի ջարդերը հիշատակվում են ամենաբարձր մակարդակով։

Հրայր Ուլուբաբյանը ողջունում է դա եւ կարծում է, որ խորհրդարանը լրջորեն պետք է քննարկի ոչ միայն Բաքվի ջարդերը, այլ նաեւ՝ Սումգայիթում, Կիրավաբադում կատարվածները եւ որակի դրանք որպես ցեղասպանություն ու դիմի միջազգային դատարան. «Հարցերը պետք է լուծվի միջազգային դատարանում եւ Ադրբեջանի հետ, ընդհանրապես, այդ բանակցությունները անիմաստ բաներ են՝ կեղծ հանդիպումներ են. Էս 25 տարի ջուր են ծեծում, որեւէ քայլ չի կատարվում դեպի առաջ։ Ադրբեջանի հետ մեր հարաբերությունները պիտի լինեն միջազգային դատարանում ընդհանրապես»։   

Խորհրդարանի հատուկ հայտարարության անհրաժեշտություն է տեսնում նաեւ ՀԴԿ նախագահ Արամ Գ. Սարգսյանը. «Վերջապես անհրաժեշտ է սրան գնահատական տալ, այսինքն՝ այս ամբողջը պահանջում է, որպեսզի փոխհատուցումը լինի համապատասխան»։

 «Կարծում եմ, մեր արտաքին քաղաքական օրակարգը, անկախ նրանից, թե ով է իշխանության, չի փոխվել, բայց, կարծում եմ, որ մենք մեր արտաքին քաղաքական օրակարգում թե՛ Հայոց ցեղասպանության, թե՛ Բաքվի, Մարաղայի, Սումգայիթի, Կիրովաբադի ջարդերի հետ կապված, մենք շատ ավելի նախաձեռնող պիտի լինենք միջազգային հարթակներում։ Սա իմ վստահ գնահատականն է»,- ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցությունից Նաիրա Զոհրաբյանը։

Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը հույս ունի, որ արարողակարգային խնդիրների հստակեցում-ամրագրումից հետո քայլեր կարվեն նաեւ, որպեսզի բանակցային գործընթացում փախստական դարձած ադրբեջանահայության խնդիրները նույնպես բարձրացվեն, ինչի մասին տասնամյակներ շարունակ իրենք բարձրաձայնում են։

«Շրջանցվել է Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականների գոյությունը, շրջանցվել է այն փաստը, թե ինչու են ձեւավորվել այդ փախստականները եւ երրորդ՝ այսօր ազատագրված տարածքների կարգավիճակը «օկուպացված է» եւ ոչ մի խոսք չկա այն մասին, որ այդ տարածքներն ունի իրավատեր եւ այդ եզակի իրավատերը Ադրբեջանի ԽՍՀ-ից հայ փախստականներն են։ Այսօր մեր իշխանությունները պարտավոր են խոսել փախստականների գոյության, նրանց ձեւավորման պատճառների եւ նրանց իրավունքների մասին»։

1990 թվականի հունվարի 13-ին Բաքվում բազմահազարանոց հանրահավաքից հետո ադրբեջանական ամբոխը՝ խմբերի բաժանված, նախանշված հասցեներով ներխուժել է հայերի բնակարանները և սկսել ծեծել ու բռնություն գործադրել հայերի նկատմամբ, դուրս նետել նրանց պատուհաններից, սպանել։ Բաքվում հայերի ջարդերը շարունակվել են 6 օր։

Կարգուկանոնը «վերականգնելու» պատրվակով միայն հունվարի 19-ին, երբ վտանգվել է խորհրդային իշխանությունը Բաքվում, Մ. Գորբաչովը հրամանագիր է ստորագրել Բաքվում արտակարգ դրություն մտցնելու մասին։ 1990 թվականի հունվարի 13-19-ի ջարդերից հետո հայաթափվել է Բաքուն. Զոհերի թիվը հստակ չէ, շուրջ 250 հազար հայ տեղահանվել, շատերն էլ անհետ կորել են։

Ադրբեջանի իշխանությունները պատասխանատվությունից խուսափելու և միջազգային հասարակական կարծիքը մոլորեցնելու նպատակով՝ կատարվածի համար մեղադրել են, այսպես կոչված, «խուլիգանական տարրերին»։

Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը, մինչդեռ, շեշտում է, որ ակնհայտորեն դա Ադրբեջանի ամենաբարձր ղեկավարության կողմից կազմակերպված ցեղասպանություն էր. 

«Նրանք փորձում էին նախ Բաքուն ազատել հայերից եւ հետո այդ այդ ցեղասպանական մեքենան տեղափոխել Արցախ։ Եվ այդ երկիրը հիմա փորձում է ինչ-որ կարգավիճակ առաջարկել, բարբաջել տարածքային ամբողջականության մասին, այն պարագայում, երբ սեփական խաղաղ քաղաքացիներին իրենց մայրաքաղաքում մորթի կազմակերպողներն են եղել։ Ադրբեջանում հայերի կրած զրկանքները՝ բարոյական, նյութական, տարածքային վնասները պետք է դրվի բանակցային սեղանին եւ ոչ միայն խոսվի, այսպես կոչված, Ղարաբաղի ադրբեջանական համայնքի, այլ առավել՝ կես միլիոնանոց ադրբեջանահայ համայնքի  ոտնահարված իրավունքների վերաբերյալ, որը փաստացիորեն այս 30 տարիների ընթացքում ստվերում էր մնում եւ որի ճիշտ օգտագործման պարագայում կարող է օգուտ բերել։ Դա զուտ հումանիտար հարց չէ»,– նշեց Գրիգորի Այվազյանը։

Բաքվի փախստականների հիշողություններում խուճապ, խաբված լինելու ցավ կա մինչ օրս: Մեծամասնությունը խորհրդային երկրում նման իրողություն չէր սպասում: Մի մասն էլ քաջ պատկերացնում էր, թե ինչ է թաքնված թուրքի կեղծ ժպիտի տակ: Արեւմտյան Հայաստանի վտարանդի կառավարության վարչապետ, ԱՍԱԼԱ-ի նախկին մարտիկ Տիգրան Փաշաբեզյանը նկատում է, որ օրվա խորհուրդը մեկն է՝ պետք է հիշել, որ ցեղասպանությունը չի ավարտվել.  

«Չսեւեռվենք ու մանանք 15 թ.-ի ցեղասպանության վրա, իրականում ցեղասպանությունը 130 տարի առաջ սկսվել է եւ շարունակվում է մինչեւ այսօր»։

Բաքվում տեղի ունեցած վայրագությունները դատապարտվել են Եվրախորհրդարանի եւ ԱՄՆ Կոնգրեսի կողմից: Իրադարձություններն իրավական գնահատական չեն ստացել, իսկ հայազգիների կրած վնասները մնացել են չհատուցված: 

Ցուցադրել ավելի
Back to top button