ԿարևորՀասարակություն

Արամի 23-ի ճակատագիրը՝ դեռ անորոշ

Մեկ տարի առաջ, երբ փլուզվեց Արամի 23-ը, Երևանի գլխավոր  ճարտարապետ   Արթուր Մեսչյանն ասաց,  որ տեղի ունեցածն  անհեթեթ ու անհիմն    քաշքշուկների հետևանք է։ Մեկ տարի անց «Փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանն ասում  է, որ  շենքը չի  վերակառուցվում՝  անհեթեթ քաշքշուկների հետեւանքով կամ միտումնավոր։

Հեքեքյանը հիշեցնում է՝ բոլոր ատյաններին ի սկզբանե դիմել են, երբ շենքի պատը սկսել է շարժվել, բայց՝ ապարդյուն: Միակ կառույցը,  որը միշտ փորձել է պայքարել շենքի համար, եղել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

 «Այո, ինչ-որ բաներ արվում են, բայց միեւնույն է` շենքը մնացել է այնպես, ինչպես կար, մենք էլ մնացել ենք անհույս վիճակում»։

Նախարարությունը վերականգնման   նախագծին  դրական եզրակացություն է տվել, այժմ խնդիրը քաղաքապետարանի ու քաղշինի տիրույթում է։  Կնքվել է  հնգակողմ պայմանագիր, բայց   դրանով նախատեսված վճարումը  չի կատարել  կառուցապատող  ընկերությունը՝  տվյալ դեպքում  «Ի Էմ Սի» ընկերությունը։ Ճարտարագետ Դավիթ Նահատակյան․

«Առաջին փուլով նախատեսվում էին միջամտություններ, որ փոսորակը ամրացվի, եւ շենքը չշարունակվի քանդվել, սակայն  վճարում առայսօր չի կատարվել, թեեւ առաջին փուլի ժամկետը վաղուց լրացել է: Այդ 5 կողմերն են՝ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը, Երեւանի քաղաքապետարանը, «Ի Էմ Սի» կազմակերպությունը, ճարտարապետական կազմակերպությունը եւ Տիգրան Հեքեքյանը»:

Փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի  մակարդակով  փորձել են հանդիպել կառուցապատողի   հետ,  բայց   ապարդյուն ։ Տիգրան Հեքեքյանն ասում  է, որ կառուցապատող   ընկերությունը՝ ի դեմս  Վարդան  Սրմաքեշի,   ամուր հենարան ունի։

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանի խոսքով՝ քաղաքապետարանն այս պատմության  3-րդ կողմն է,  և իրենց խնդիրը   երգչախմբի ճակատագիրը    շենքի ճակատագրից տարանջատելն է:

«Արամի 23-ի պատի փլուզումից հետո քաղաքապետարանը տարածքով ապահովելու հարցով զբաղվել է, փոխքաղաքապետ Վիրաբյանի հետ մաեստրո Հեքեքյանը շփումների մեջ է եղել, առաջարկվել է Պատանի Հանդիսատեսի թատրոնի տարածքը: Այս պահին երգչախումբը փորձերն անցկացնում է Սայաթ–Նովայի անվան դպրոցում, որը նույնպես քաղաքապետարանի ենթակայությամբ է գործում»։

Նշենք, որ ասուլիսին ներկա էր նաև   Արամի 23 շենքի 3- բնակարան ի բնակիչ Մադլենա Սարոյանը։ Նա նշեց, որ 2019–ի հունվարի 11-ից անտուն է մնացել ու արդեն  մեկ տարի  ապրում է  վարձակալական հիմունքներով։

«Հունվարի 13-ին քաղաքապետը հայտարարեց, որ ինքն այդտեղ կողմ հանդիսանալ չի կարող: Մեկ տարի է՝ ապրում եմ իմ սեփական գումարով վարձած բնակարանում: Իմ տունը քանդվել է, ես չունեմ գույք, չունեմ ոչինչ: Ամեն ինչը մնացել է փլատակների տակ: Քաղաքապետի օգնական Կարենը հայտարարում է, որ իմ տան մի հատվածն է քանդվել, մինչդեռ ամբողջ մեկ սենյակը քանդվել է, խոհանոցը չկա, ննջարանի պատի կեսը չկա: «Ի Էմ Սի» կազմակերպությունը, որ նախկին «Գլենդել Հիլզն» է, որն անտուն թողեց Արամ, Բյուզանդ փողոցի բնակիչներին, կտրականապես հրաժարվում է ինձ վարձի գումար տրամադրել»։

Այս շենքի թնջուկը կարող է լուծում ստանալ, եթե «Ի Էմ Սի» կազմակերպությունը  կատարի իր պարտավորությունները։ Բայց զարգացումները փաստում  են, որ ընկերությունը չի ցանկանում կատարել  ստանձնած պարտավորությունները, իսկ շենքը դանդաղ քանդվում է։

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button