ԿարևորՔաղաքական

Պաշտոնանկությունները՝ նոր Հայաստանում

2020–ը իշխանության համար սկսվեց նոր պաշտոնանկություններով եւ նոր վերլուծություններով, թե ով երբ եւ ումով կարող է փոխարինվել։ Պաշտոնի ոչ մի փոխատեղում նոր Հայաստանում չի բացառվում։ Դեռ չեղածի մասին խոսելու փոխարեն այսօր փորձենք վերհիշել վերջին պաշտոնանկությունները։ 1.5 տարվա ընթացքում դրանք այնքան շատ են, որ ժամանակի լուրջ խնդիր կունենանք: Նշանակված, բայց երկար չպաշտոնավարած պաշտոնյաների թիվը հասնում է 3 տասնյակի: Վերհիշենք ամենատպավորիչ հեռացումները:

2020-ի սկիզբը բարյացակամ չէր իշխանական թիմի երկու անդամի համար: Աշխատանքային առաջին իսկ օրերին իրենց զբաղեցրած պաշտոններից զրկվեցին վարչապետի մամուլի քարտուղարն ու Ջրային կոմիտեի նախագահը՝ մի դեպքում սեփական նախաձեռնությամբ, մյուս դեպքում՝ գործադիրի ղեկավարի որոշմամբ: Դատելով վարչապետի վերջին հայտարարություններից՝ պարզ է՝ փոփոխությունը ոչ առաջինն է, ոչ էլ վերջինն է լինելու: «Եկեք արձանագրենք, որ ամբողջ պետական համակարգը, այո, հեղափոխությանը դի–մա–դրու–մա։ Եվ այդ դիմադրությունը ես ջարդելու եմ»։

Հայտարարությունը վարչապետն արեց ուղիղ մեկ ամիս առաջ: Միգուցե նաեւ սա է բացատրությունը, թե ինչու հեղափոխական թիմը չի կառչում իր շրջապատից, ինչու 1.5 տարվա ընթացքում հրաժարվեց կամ կորցրեց բազմաթիվ պաշտոնյաների, որոնք նշանակվել էին հենց նոր իշխանության ժամանակ եւ նրա որոշումով: 

Ամենաաղմկահարույց հեռացումները թերեւս ուժային կառույցների ղեկավարներինն էին. ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյան եւ ոստիկանապետ Վալերի Օսիպյան: Աշխատանքից ազատվեցին երկու օր տարբերությամբ: Ավելի երկար պաշտոնավարեց Օսիպյանը: Ավելին՝ ոստիկանապետի պաշտոնից զրկվելուց հետո նշանակվեց վարչապետի խորհրդական: 20 օրվա ընթացքում նա այդպես էլ չներկայացավ նոր աշխատավայր եւ սեփական դիմումի համաձայն ազատվեց նաեւ այդ պաշտոնից: Հասարակությունը, ի դեպ, սկզբում չհասկացավ Օսիպյանի նշանակումը, նրան ընկալում էին իբրեւ նախկին ռեժիմի ներկայացուցիչ, որը մշտապես փշալարերի «այն կողմում է եղել»։ Վարչապետը փորձեց բացատրել, թե այդ նշանակումը պետք է սիմվոլիկ նշանակություն ունենա։ «Լավ սիմվոլ է, որ փորձենք այդ փշալարերի կուլտուրան Հայաստանից վերացնել»,- ասաց։ 

Պաշտոնանկությունից հետո արդեն հայտարարվեց. Օսիպյանն ու Վանեցյանը չէին բավարարում իշխանության պահանջներին։

Մեկ տարի չորս ամիս եւ մեկ տարի երկու ամիս. Արթուր Վանեցյանն այսքան պահպանեց համապատասխանաբար՝ ԱԱԾ տնօրենի եւ Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահի  իր կարգավիճակը: Այս գործչի աշխատանքն այնքան կարեւորվեց, որ նա անգամ հասցրեց բնակվել կառավարական ամառանոցում: Գաղտնալսումների եւ սկանդալային բացահայտումների կիզակետում հայտնվող պաշտոնյան սկանդալով նաեւ հեռացավ՝ ԱԱԾ կայքում հրապարակելով հրաժարականի նամակը:

Գործադիրի ղեկավարն այլ կերպ արձագանքեց հրապարակված նամակին. «Դե յուրե լինելով ԱԱԾ տնօրեն, հայտարարություն է անում ըստ էության իր գերագույն հրամանատարի դեմ, դրանից ավելի մեծ անարգանք սպայի պատվին չկա»։

Ամենաինտրիգային հեռացումը Գրիգորի Հայրապետովինն էր: Անձ, որն աշխատել է ՀՀ երեք նախագահների թիկնազորում: Նախ՝ կարիերայի վերելք եւ գեներալի կոչում, հետո՝ պաշտոնանկություն: Նա շատ քիչ հասցրեց աշխատել ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետ։ Այդպես էլ չհստակեցվեց հեռացման պատճառը, վարկածները շատ էին, ամենաուշագրավը «վերելակային դիվանագիտությունն» էր։ Ասում էին, իբրեւ թե Դուշանբեում Փաշինյան–Ալիեւ հայտնի հանդիպման ժամանակ վերելակում եղել է նաեւ Հայրապետովը։ Վարկածն այնպիսի համառությամբ էր տարածվում, որ դրան Փաշինյանն արձագանքեց ֆեյսբուքյան «լայվ»– ով։ 

«Քննենք ուղղակի այս թեզը։ Եթե կա դավադրություն, ուրեմն ես այնքան ապաշնորհ, այնքան անխելք դավադիր եմ, հա՞, որ նախ՝ Ալիեւի հետ առաջին շփման ընթացքում դավադրության մեջ եմ ներքաշվում, ու դա անում եմ Ռոբերտ Քոչարյանի 10 տարվա եւ Սերժ Սարգսյանի 10 տարվա թիկնապահի ներկայությամբ։ Դուք հասկանո՞ւմ եք սա։ Բայց եթե նույնիսկ սա է, դրանից հետո ոչ թե նրան պետք է պաշտոնից ազատեի, այլ ընդհակառակը՝ պետք է պինդ պահեի, որովհետեւ, եթե ինքը զինվորական սուբորդինացիայի ներքո է, կարող եմ նրա լռությունը ինչ- որ ձեւով ապահովել։ Բայց երբ նա ազատ մարդ է, նա կարող է երբ ուզենք, որտեղ ուզենա, ինչ ուզենա խոսի»։

Մեկ տարի եւ մեկ ամիս պաշտոնավարեց արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանը: Այս դեպքում նույնպես առանձնապես թափանցիկություն չկար՝ ո՞ր ակնկալիքները չարդարացրեց եւ ի՞նչ չարեց այս գործիչը: Նա հասցրեց հրաժարականի դիմում ներկայացրել, բայց խորհրդարանական մեծամասնությունը չթաքցրեց՝ մտահոգություններ ունեցել է նրա հետ կապված.

Քաղաքականացված հեռացումների շարքին կարելի է դասել նաեւ Կադաստրի պետական կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանի եւ 1 ամիս հետո նրա աներոջ՝ Հանրային խորհրդի ղեկավար Վազգեն Մանուկյանի հրաժարականները: Ամեն ինչը սկսվեց Սարհատ Պետրոսյանից: Հրաժարականի դիմում ներկայացրեց եւ հայտարարեց, որ «քաղաքաշինության բնագավառում հետընթաց կա, այլեւս չի կարող հանդուրժել դիլետանտիզմն ու կոռումպացվածության հասնող թայֆայականությունը»։ 15 ամիս պաշտոնավարած Սարհատ Պետրոսյանի դեմ այժմ դատական հայց կա՝ հրաժարականից հետո արած հայտարարությունների կապակցությամբ: 

Ամենաանկեղծ հեռացումը գրանցվեց խորհրդարանում: Պատգամավորական մանդատը 7.5 ամիս պահեց Էդգար Առաքելյանը, հետո թեթեւ սրտով հեռացավ «Իմ քայլը» խորհրդարանական մեծամասնությունից: Բացատրեց, որ պատճառն անձնական է՝ քաղաքականությամբ զբաղվելու ցանկություն չունի

«Ես ինձ բռնացրել եմ այն մտքի վրա, որ ես տեւական ժամանակ դժբախտ սրտով եմ այդ առաքելությունը անում»։

Փոխնախարարներ, համայնքապետեր, մարզպետներ ու փոխմարզպետներ, խորհրդականներ եւ օգնականներ, կաշառակերության պահին ձերբակալված փոխնախարարներ: Ցանկը կարելի է երկար շարունակել: Մարդիկ, ովքեր պաշտոնավարեցին մի քանի օրից մինչեւ 1.5 տարի: Շատերի դեպքում այդպես էլ չպարզվեց փոխադարձ հիասթափության եւ անվստահության իրական պատճառը: Մի բան հստակ է՝ հեղափոխական թիմը փորձում է հեղափոխական լինել նաեւ պաշտոնների հարցում:

«Ես դրանք համարում եմ բնականոն գործընթացներ։ Ամեն դեպքում պաշտոնները հավերժ չեն»,–ասում է Լիլիթ Մակունցը։ 

Որպես վերջաբան ներկայացնենք նաեւ «ռեկորդակիր» վիճակագրություն: Նոր Հայաստանում ամենակարճ պաշտոնավարումը 2 օր էր: Միհրան Դավթյան անգամ չհասցրեց հասնել իր աշխատավայր։ Նշանակվել էր ՌԴ–ում Հայաստանի ոստիկանության ներկայացուցիչ։ Սա նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանի վերջին հրամանն էր, որը պաշտոնանկությունից հետո չեղարկվեց:

Ցուցադրել ավելի
Back to top button