ԿարևորՄշակույթ

Երեւանի պատմության մի ակնթարթը՝ երգող, խոսող ու քայլող

Երեւանի պատմության թանգարանի ցուցասրահներից մեկի պատին կախված է գեղանկարիչ Վահան Խորենյանի «Երեւանի շինարարները» նկարը, կողքին՝ ճիշտ նույն չափսերով ու նույն ձեւի շրջանակ է կախված՝ դատարկ։ Այն դատարկ է մնում այնքան ժամանակ, քանի  դեռ անիմացիաները չեն սկսում աշխատել։

«Կողքի շրջանակի սպիտակ ֆոնը մի գաղտնի իրավիճակ է ստեղծում, սպասում, որը հերթով «լցվում» է կերպարներով»,– ասում է Երեւանի պատմության թանգարանի էքսկուրսավար Սիմա Գրիգորյանցը։

1950-60–ականների Երեւանին հատուկ մեղեդի, գույներ ու ձայնի տեմբր։ Նկարը, որ աջ կողմում «քարացած է», ձախ կողմում սկսում է խոսել, սկսում է պատմել  մի քանի տասնամյակ  առաջվա մայրաքաղաքի մասին։

Խորենյանի «Երեւանի շինարարները»՝ շարժվող ու կանգնած

Գեղանկարիչ Վահան Խորենյանի նկարը «կարողանում է շարժվել»  «Կենդանի նկար» ծրագրի շնորհիվ։

Որ նկարը «շարժում» ստանար, ֆինանսավորել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։ «Կենդանի նկար»-ը նպատակ ունի նորագույն տեխնոլոգիաների կիրառման միջոցով հանրայնացնել կերպարվեստի այն բոլոր գործերը, որոնց մեջ քարացած շարժում կա։

«Առաջիններից մեկն էր, որտեղ պրոեկցիոն ցուցադրության միջոցով իրականացվել է բնօրինակի անիմացիոն վերարտադրումը, նկարի կերպարների եւ միջավայրի «կենդանացումը»,– նկարագրում է Սիման։

Երբ անիմացիան միանում է, մենք տեսնում ենք ոչ միայն Երեւանի, այլեւ նկարի կառուցումը։ Սկզբում հայտնվում է նկարի մի պատը, որի վրա փորագրում են երկու քարտաշներ։ Հետո հերթականությամբ հայտնվում են նկարի այլ մասեր եւս՝ ինժեներ–շինարարներ, որոնք ինչ–որ հարց են քննարկում, փողոցը, որի մեքենաները շարժվում են։

Մեկ րոպե հետո նկարն իր ամբողջական տեսքն է ստանում։ Ամբողջական այս նկարում Երեւանի  որեւէ կոնկրետ հատված ներկայացված չէ, այստեղ քաղաքի տարբեր հատվածներ են։ Նկարիչը փորձել է ստանալ մայրաքաղաքի հավաքական կերպարը։

«Սա Հրապարակի հատվածը կարծես լինի առանձին վերցրած, այգին Երեւանի որեւէ այլ հատվածից կարող է լինել, պատերից մեկը կարող է լինել, ասենք, Հրապարակի շինարարական ընթացքից մի հատված, շինություններից մեկը նման է «Կինո Հայրենիքի» շենքին, բայց հստակ չենք կարող ասել, դա է, թե ոչ»,– շարունակում է Սիման։

1950-ական թվականների քաղաքի գույնը, ձայնն ու մթնոլորտն անիմացիոն ցուցադրության ընթացքում ուղեկցվում է հայերեն, անգլերեն և ռուսերեն համապատասխան տեքստերի ընթերցմամբ և տվյալ ժամանակաշրջանին բնորոշ երաժշտության հնչյուններով:

Երեւանի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանի այս գաղափարն արդեն իրականություն է, այն դեռ կախված կմնա թանգարանում։

Խոստանում են, որ նախագիծը շարունակական կլինի. տարբեր տարիներին ստեղծված այլ ակնթարթներ եւս կսկսեն «քայլել»։

Ցուցադրել ավելի
Back to top button