ԿարևորՀասարակություն

Քայլող փաստեր․ շուրջ 500 մայր փնտրում է իր կորցրած երեխային

«Երեխաների ապօրինի որդեգրման գործ»-ով իրենց տուժող համարող մայրերը գլխավոր դատախազության առջև  այսօր բողոքի ակցիա են իրականացրել։ Նրանք պահանջել են կալանավորել «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲ ընկերության տնօրեն Ռազմիկ Աբրահամյանին, փոխտնօրեն Արշակ Ջերջերյանին։

Նախօրեին գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ապօրինի որդեգրման գործով որպես մեղադրյալ ներգրավված 5 անձանցից 3-ի խափանման միջոցների վերաբերյալ կայացված որոշումները բողոքարկվել են։

1999 թվականի փետրվարին  քսանամյա Աննա Պետրոսյանը զույգ  տղա  է ունենում թիվ 1 կլինիկական կամ  հանրության շրջանում առավել հայտնի «Պլանի գլուխ» հիվանդանոցի ծննդատանը։ Երեխաները ծնվել են թերի քաշով, բայց, ըստ Աննայի, առողջական այլ խնդիրներ չեն ունեցել։ Ծննդաբերությունից 6 օր անց  նրան հայտնել են երեխաների մահվան մասին։ Ըստ բժշկական տեղեկանքի՝ տղաներից մեկը մահացել է գանգուղեղային վնասվածքի, մյուսը՝ սրտի կանգի հետևանքով։

«Մայրական բնազդը երբեք չի խաբում․ իրականությո՞ւն է , թե՞ ոչ՝ չգիտեմ, բայց ես ամեն տարի իմ ծննդյան օրը, այդ օրն եմ ունեցել նրանց, երազում տեսնում եմ նրանց, ասում են՝ մամա արի մեզ գտի»։ 

Երբ Աննան լսել  է երեխաների մահվան մասին,  ցանկացել է տեսնել նրանց, սակայն բժիշկները տարբեր պատճառաբանություններ են ներկայացրել։ Նախ` ասել են, որ երեխաները կապտած են, եւ ծնողները հոգեբանական շեղում կստանան՝ նրանց տեսնելով, իսկ որոշ ժամանակ անց ասել են, թե դիակները ուղարկվել են Հանրապետական ծննդատուն։ Աննայի ընտանիքի անդամները  Հանրապետականում զրուցել են  այդ ժամանակ հանրապետության գլխավոր գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանի հետ, որն ասել է, թե երեխաների մարմիններն ուղարկվել են Ֆուրմանով փողոցի վրա գտնվող բժշկական հետաքննական կենտրոն։ Այնտեղ, սակայն,  ծնողներին տեղեկացրել  են, որ մինչեւ 5 տարեկան երեխաները չեն դիահերձվում, եւ տղաների մարմիններն իրենց կենտրոնում չեն հետազոտել։ Ծնողները նորից են գնում հիվանդանոց  ու այնտեղ մեկ այլ տարօրինակ բացատրություն լսում, թե իբր շտապօգնության վարորդը շփոթել է եւ երեխաների մարմինները ուրիշ հիվանդանոց տարել։ Մահվան վերաբերյալ բժշկական եզրակացությունը ծնողները ստացել են  երեխաների մահվանից 9 ամիս հետո։

«Դիակները մենք պահանջել ենք, բայց ես հոգեկան անհավասարակշիռ վիճակում էի, չէի հասկանում շատ բաներ, երբ ուշքի եկա, անկողնում էի։ Ցանկանում էի բողոքել, բայց արդարադատության նախարարությունից, իհարկե, միջնորդի միջոցով մեզնից 15 հազար դոլար գումար պահանջեցին։ Իսկ ինձ կասկածի տեղիք տվեց բժշկական եզրակացության ուշացումը․ որ մարդ է մահանում, ե՞րբ են տալիս,  ինը ամիս հետո՞»։

20 տարի առաջ տեղի ունեցածը  հիմնովին փոխել է Աննայի կյանքը։ Երեխաներին կորցնելուց հետո նա երկար ժամանակ եղել  է հոգեկան անհավասարակշիռ վիճակում, որից հետո առողջական այլ խնդիրներ է ունեցել, չի կարողացել ուրիշ երեխաներ ունենալ, ամուսնալուծվել է, իր իսկ խոսքով՝  մնացել մենակ։ Չնայած ամուսնալուծության փաստին՝ Աննային սփոփում էր սկեսուրը՝ տիկին Սիրունը։ Նա, սրբելով հարսի արցունքները, ասում էր՝ 20 տարի շարունակ այս աղջիկը չի հանգստանում, անընդհատ խոսում է եւ սպասում։ Իսկ այսօր հույս է արթնացել, որ տղաները ողջ են։

«Սա իր համար մեծ սթրես է։ Ինքը 20 տարի ապրում է այս վիճակում։ Հիմա ուզում  է իմանալ՝ արդյո՞ք իր երեխաները ողջ են։ Անօրինական է, որ երեխայի մահից հետո դիերը ցույց չեն տալիս, իսկ այսօր ներկա կանանցից ոչ մեկը չի տեսել իր երեխայի մահացած դին»։

Դատախազության մոտ հավաքված մայրերը միավորվել են Հայկուհի Խաչատրյանի շուրջ՝ ստեղծելով «Հայոց մայրեր» ՀԿ–ն։  Հիշեցնենք, որ Հայկուհու երրորդ երեխայի կորստից հետո հարյուրավոր մայրեր սկսեցին կասկածել, որ իրենց երեխաները, որոնց մահը սգացել են տարիներ շարունակ, գուցե եւ ողջ են։ Մայրերը պահանջում են կալանավորել Ռազմիկ Աբրահամյանին եւ նրա  հանցակիցներին։

 «Որպես քայլող փաստեր եկել ենք, որ ցույց տանք և պատմենք մեզ հետ տեղի ունեցած դեպքերի մասին։ Արդեն իսկ 538 մայր իր փաստաթղթերով դիմել է շարժմանը, 100–ն էլ  իր փաստաթղթերով է դիմել է իրավաբանների։ Շարժմանը միացել են աշխարհասփյուռ հայ մայրեր։ Այս փաստերը  ներկայացվել են բոլոր շահագրգիռ եւ գործի հետ հնարավոր կապ ունեցող մարմիններին»։

Այն, որ գլխավոր դատախազությունը բողոքարկել է «երեխաների ապօրինի որդեգրման» գործով որպես մեղադրյալ ներգրավված հինգ անձանցից երեքի խափանման միջոցների վերաբերյալ  ընդհանուր իրավասության դատարանի կայացրած որոշումները, երեխաներին կորցրած մայրերը դիրքորոշում չեն համարում։ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի եւ դատախազության ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո նրանք հավաստիացրել են, որ դատախազությունը ցուցարարների հետ «նույն դաշտում է»: Սակայն մասամբ են բավարարված հանդիպումից․ իրենց երեխաներին փնտրող մայրերն ասում են, որ բավարարված կլինեն  իրական արդյունքներ տեսնելուց հետո միայն։

Ազգային անվտանգության ծառայությունը 2019 թվականի նոյեմբերին հայտնեց, որ բացահայտել է օտարերկրացիների կողմից հայաստանյան օրենսդրության կոպիտ խախտմամբ բազմաթիվ երեխաների որդեգրման դեպքեր: Լուրը ցնցեց հանրությանը, եղան ձերբակալություններ։ Գլխավոր մեղադրյալ  Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը) և 200 հոդվածի 3-րդ կետով (առեւտրային կաշառք):

Ցուցադրել ավելի

Կարդացեք նաև

Close
Back to top button
Close