ԿարևորՀասարակություն

Մեր լեզուն, մեր խոսքը

Հանուն մաքրության և անաղարտության հայոց լեզուն այսօր մաքառումների մեջ է՝ եթերում, սոցցանցերում, առօրյայում, անգամ գրականության էջերում։ Ժամանակակից աշխարհն իր ազատ կանոններով  ու հարթակներով  ձևավորում  է նաև լեզվի դիմագիծը։

Ազատությունը ազատություն,  բայց չափն անցնել պետք չէ՝  կարծում են մասնագետները։  Ո՞րն է լեզվի ազատության ու լեզվի դեմ ոտնձգության սահմանը։

Ոչ թե տնտեսվարող, այլ տնտեսավարող․ Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը «ա» հոդակապը հատուկ ընդգծում է, ասում է՝ ճիշտը երկրորդ տարբերակն է։ Կրկնվող նման բազմաթիվ սխալների ու լեզվական այլ խնդիրների  վերաբերյալ  Կոմիտեն պարբերաբար  հորդորակներ է պատրաստում և ուղղում հանրությանը, մասնավորապես, պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններին, կազմակերպություններին, զանգվածային լրատվամիջոցներին։

«Լեզվի մասին»  օրենքի պահանջների կատարումն ապահովելու նպատակով   2019-ին 47 վարույթ են  հարուցել վարչական իրավախախտումների վերաբերյալ, բայց հայերենի դեմ ոտնձգությունները շարունակվում  են։ «Այս առումով սարսափելի են հատկապես  հեռուստատեսային սերիալները»,-նկատում է Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը։

«Ականջովս ընկնում է մի սերիալի ձայնը, որտեղ հերոսներից մեկը մյուսին անընդհատ ասում է՝ խոսա՛, խոսա՛։ Լավ, Հայաստանում չկա՞ մեկը, որ նրան ասի՝ խոսի՛ր, անգամ առանց «ր»-ի եմ ասում։ Կամ, հնարավոր չէ՞ մտքում ունենալ, որ սա գեղարվեստական ստեղծագործություն է, և չի կարելի նույնությամբ կրկնել այն լեզուն, որը  փողոցում է»։

Վիճակը մտահոգիչ է, գրական ու խոսակցական հայերենի միջև անջրպետը նկատելի է հատկապես սոցիալական ցանցերում, որտեղ  անտեսվում են լեզվական կանոնները, հաճախ պարտադրվում նոր մոտեցումներ։ Լեզուն զարգանում է, ենթարկվում փոփոխությունների, բայց, ըստ Գյուրջինյանի,  ընդունելի են այն փոփոխությունները, որոնք չեն հակասում լեզվական տրամաբանությանը։ «Մենք ընդունում ենք խոսքի ազատությունը, բայց լեզուն ունի իր կաշկանդիչ կաղապարները, որոնց պետք է հետևել»,-ասում է Կոմիտեի նախագահն  ու կոնկրետ օրինակներ բերում։

«Հրաշալի հանրագիտարան է հրատարակված, բայց կարդում ես՝ Աբրահամ Լինկոլն , ով․․․Դա հայերեն լեզվամտածողությանը դեմ է»։

Օտար բառերի կիրառության հարցում հասարակությունը երկփեղկված է․ ոմանք ասում են՝ դռները լայն բացենք, ամեն ինչ ընդունենք, ոմանք էլ, թե՝ կանգ առնենք, ստեղծենք մեր բառերը։  Ի դեպ , ամենավերջին նորույթներից  է ճախրուղին, որը զիփլայնի հայերեն համարժեքն է։ Նորույթները շատ են, մնում է՝ մարդիկ դրանք ընդունեն, կիրառեն։ Բայց թարգմանությունների և հատկապես տառադարձությունների  հարցում, ինչպես  Գյուրջինյանն  է նշում,  խնդիրները միշտ չէ, որ հեշտ են լուծվում։

«Ոմանք փորձում են ինքնուրույն կողմնորոշվել,  Վիլյամ Սարոյանը դարձավ Ուիլյամ Սարոյան, բայց Վաշինգտոնը մնաց Վաշինգտոն։ Սա շատ զգայուն ոլորտ է, որտեղ  միջամտություններ անելիս պետք զգույշ լինել։ Լավ, պեպսին դարձրին ք փեփսի, իսկ մյուս բառերի հետ ինչպե՞ս վարվենք, որոնք ամրացել են»։

Հայերենը ժամանակակից գրականության էջերում․ այստեղ ընդունված է կոտրել  սահմանված կանոնները, այդ թվում՝ լեզվական․ փոքրատառերով սկսվող նախադասություններ, տեքստեր, որտեղ ընդհանրապես բացակայում են կետադրական  նշանները։ Դավիթ Գյուրջինյանի խոսքով՝ սա գեղարվեստական գրականությանը բնորոշ երևույթ է, որը զանգվածային բնույթ չի կրում, գրողն այդպիսով փորձում է ընդգծել իր յուրահատկությունը։

Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի բնորոշմամբ` «Գրականությունը նրա համար է, որպեսզի կոտրի կաղապարները և առողջացնի, թարմացնի ու զարգացնի լեզուն։ Շատ հայտնի օրինակ կա․ Հրանտ Մաթևոսյանը խումար բառը գրել է տառասխալով՝ խումհար և դա մտել է լայն կիրառության մեջ, այնպես որ Լեզվի կոմիտեն չի կարող հիմա դա սխալ համարել։ Ինչ վերաբերում է գրականության գործառույթին․ եթե մարդիկ շատ կարդան, գրականությունը կսկսի թելադրել իր լեզուն»։

Սոցիալական հարթակների հայերեն  լեզուն․ տիրող  տխուր պատկերն, ըստ գրականագետի, մեզանում առկա կրթական խնդիրների ու սերիալային իրականության հետևանքն է, բայց դրական միտումներ տեսնում է․

«Երիտասարդներն ավելի խնամքով են մոտենում իրենց լեզվին։ Սոցցանցերում այսօր ավելի քիչ ենք հանդիպում լատինատառ գրառումների»։

Լեզվի մաքրության պահպանման առումով  դրական միտում է տեսնում նաև Դավիթ Գյուրջինյանը, նրա դիտարկմամբ՝  այս հարցում  հասարակությունն ավելի զգայուն ու  պահանջկոտ է դարձել։

Ցուցադրել ավելի
Back to top button