ԿարևորՄիջազգային

Իրա՞նն է խոցել ուկրաինական օդանավը

Արևմտյան պետությունների առաջնորդներն են պնդում, որ հունվարի 8–ին Թեհրանի օդանավակայանից օդ բարձրացած ուկրաինական ինքնաթիռը խոցել է իրանական հրթիռը։

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն նախօրեին առաջինը հայտարարեց, որ կան իր երկրի և դաշնակիցների հետախուզական հավաստի տվյալներ, որոնք ապացուցում են, որ հենց  Իրանն է սխալմամբ խոցել «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» օդանավը: «Մենք բազմաթիվ անպատասխան հարցեր ունենք և չենք հանգստանա, քանի դեռ չենք գտել պատասխանները»,–նշել է Ջասթին Թրյուդոն։

Այնուհետև նմանատիպ  հայտարարություններ հնչեցին նաև  Մեծ Բրիտանիայից և Ավստրալիայից։  «Այժմ հստակ տեղեկատվություն կա, որ օդանավը կործանվել է իրանական հրթիռով», — հայտարարեց Բորիս Ջոնսոնը, որը նույնպես շեշտեց․ աղետն, ամենայն հավանականությամբ, տեղի է ունեցել ոչ միտումնավոր:

Վաշինգտոնը դեռևս լռություն է պահպանում, բայց առաջինը այդ մասին գրած ամերիկյան լրատվամիջոցները հղում էին անում Պենտագոնի տեղեկություններին ու գրում, որ  ուկրաինական Boeing-ը խոցվել է ռուսական արտադրության «Տոր» հրթիռով:

Իրանի պաշտոնական աղբյուրներն անհեթեթ են որակում այս պնդումները։ Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիին «մեծ սուտ» եւ «խաբեություն» է համարել այն մեղադրանքները, թե «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության Boeing-737 ինքնաթիռը խոցվել Է իրանական հրթիռով և  պատրաստակամություն է հայտնում  համագործակցել  176 կյանք խլած աղետը հետաքննելու հարցում։ Թեհրանը հրավիրել է ԱՄՆ պատահարների հետաքննության գործակալությանը, ինչպես նաև ուկրաինական և միջազգային այլ փորձագետների՝ մասնակցելու օդանավի վթարի հետաքննությանը։

Որքանո՞վ է հավանական, որ իսկապես Իրանը պատահմամբ խոցած լինի ուղևորատար ինքնաթիռը։ Ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանը նշում է, որ աղետից ժամեր առաջ Իրանը հրթիռակոծել էր Իրաքում տեղակայված ամերիկյան բազաների, ինչից հետո երկրի զինված ուժերը բերվել էին բարձր մարտական պատրաստության` ամերիկացիների հնարավոր պատասխանին հակազդելու համար:

«Նման բան հնարավոր է։ Չեմ կարող ասել՝ իրականում այդպե՞ս է եղել, թե՞ ոչ, բայց մենք պատմության մեջ գիտենք այդպիսի  դեպքեր, նաև ԱՄՆ–ի հետ կապված, երբ Իրաքյան պատերազմի ժամանակ նրանք իրանական օդանավ էին խոցել, և նույնիսկ ներողություն չխնդրեցին, միայն ընդունեցին, որ սխալ է տեղի ունեցել։ Դա ռեալ սցենար է։ Հրթիռային հարվածներից հետո Իրաքում Իրանի ՀՕՊ ուժերը գերակտիվ վիճակում էին, և հնարավոր է օդանավը ամերիկյան ռազմական օդանավի հետ շփոթած և սխալմամբ խոցած լինեն»,– նշում է Ներսիսյանը՝ կրկին շեշտելով, որ  հնարավոր է, որ այդ տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում։

Փորձագետը չի բացառում Արևմուտք–Թեհրան լարվածության պայմաններում նման մեղադրանքների քաղաքական բաղադրիչը։

«Քաղաքական գործոն միշտ  էլ կա, բայց պետք է հասկանալ, որ առանց փաստերի դժվար կլինի այդպիսի ծանր թեմա բարձրացնել»,– նշում է նա։

Արձագանքելով վերջին զարգացումներին՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դիմել էր արևմտյան դաշնակիցներին ու խնդրել Կիևին փոխանցել աղետի պատճառների մասին ունեցած տեղեկությունները: «Մեր նպատակն է պարզել անհերքելի ճշմարտությունը, մարդկային կյանքը վեր է քաղաքական ամեն շարժառիթից», — հայտարարել էր Ուկրաինայի նախագահը:

Չի բացառվում, որ ուկրաինական օդանավի կործանման պատճառների հետաքննությունը իրանա–ամերիկյան լարվածության պայմաններում  դառնա Վաշինգտոն–Թեհրան երկխոսության առիթ։

Հատված Ռադիոլուրի 18.00–ի եթերից
Ցուցադրել ավելի
Back to top button