ԿարևորՏնտեսական

Ինչի՞ մասին է վկայում վարկերի ծավալների աճը

Սպառողական ու հիպոթեքային վարկերի ծավալները Հայաստանում արագ տեմպերով աճում են, 2019–ին, օրինակ, դրանք ավելացել են  40  տոկոսով։ Պաշտոնական տվյալներով՝  Հայաստանում բնակչության 80–85 տոկոսը բանկային համակարգում հաշիվ ունի։

Ոլորտի ներկայացուցիչները  սպառողական  վարկերի  ծավալի ավելացումը պայմանավորում են  ոչ թե տնտեսության վիճակով  կամ  մարդկանց  սոցիալական պայմաններով, այլ՝  համակարգի կայացմամբ։  Կառավարությունում էլ  կարծում են, որ  վարկերի  ծավալի աճն ուղիղ համեմատական է եկամուտների ավելացմանը։  

Հայաստանում ամենատարածված ֆինանսական ծառայությունը վարկերի տրամադրումն է։  Սպառողական ու հիպոթեքային վարկերը Հայաստանում աճում են արագ տեմպերով։  2019–ին դրանք ավելացել են մոտ 40 տոկոսով։  Իշխանական թևում հայտարարում են՝ մարդկանց եկամուտներն ավելացել են, սա արդեն լավ է։ «Կովկաս» ինստիտուտի գիտաշխատող  Հրանտ Միքայելյանը վստահ է՝ վարկերի ավելացումը խնդրահարույց չէ բանկային համակարգի համար։

«Կարևոր է, թե եկամուտները որքանով են աճել։ Եթե նայենք ազգային հաշիվները, կտեսնենք, որ վերջնական սպառումը ավելացել  է 10–11 տոկոսով, որտեղ նաև ստվերից դուրս բերված շրջանառությունն է։ Ամեն դեպքում ակնհայտ է, որ սպառումն իսկապես աճել է»,– ասում է Հրանտ Միքայելյանը։

Զրուցակիցս ընդգծում է՝ ավելացել են նաև տրանսֆերտները, բայց  քաղաքացիների եկամուտների ավելացումն ընդհանուր առմամբ կապված է տնտեսության աշխուժացման հետ։

 «Եթե տնտեսական աճը բարձր լինի, ապա վարկերի ավելացումը   խնդիր չի դառնա։ Բայց  վարկերի ծավալների ավելացումը  կարող է նաև ընդհանուր բալանսը խախտել։ Առանձին ոլորտների համար այս միտումը կարող է խնդիրներ առաջացնել, սակայն տնտեսության համար ընդհանուր առմամբ՝ ոչ»,– նշում է «Կովկաս» ինստիտուտի գիտաշխատողը։

Պաշտոնական տվյալներով՝ Հայաստանում բնակչության 80–85 տոկոսը բանկային համակարգում հաշվի ունի։ Բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը  սպառողական  վարկերի  ծավալի ավելացումը պայմանավորում է ոչ թե տնտեսության կամ  մարդկանց  սոցիալական վատ վիճակով, այլ՝ համակարգի կայացմամբ։

ԿԲ  ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը նույն մոտեցումը  փաստում է թվերով։

«Բանկերում չաշխատող վարկերի տեսակարար կշիռը հինգ տոկոս  է կազմում։ Դրանք ժամկետանց  վարկերն են կամ վերավարկավորումները»,– ասում է Անդրանիկ Գրիգորյանը ։

Սպառողական վարկերի պահանջարկն ավելացել է, ծավալների աճը  նկատելի է, բայց կտրուկ չէ ՝ արձանագրում են ԿԲ–ում։ ԿԲ խորհրդի անդամ Մարտին Գալստյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ֆինանսական համակարգը կայուն  ու կապիտալիզացված է որակում, բայց նշում է, որ որոշ մտահոգություններ ԿԲ–ում ունեն։ Ավելին՝ քննարկում են մեխանիզմներ, թե ինչպես զսպել վարկերի  ծավալների աճը։  ԿԲ ներկայացուցիչը հիշեցնում է՝  ԱՄՆ–ում 2005–2007թթ․՝ նախաճգնաժամային շրջանում,  հնարավոր էր վարկային միջոցներ վերցնել՝ առանց գրավի բավարար մակարդակի։ Նաև սրա արդյունքում   ամերիկյան տնտեսությունը ճգնաժամի մեջ հայտնվեց։

«Վարկի ու  գույքի բարձր մակարդակը վարկը  ապահով է  դարձնում։ Փորձում ենք հասկանալ, թե եկամտի որ մասը կարող է ուղղվել վարկի մարմանը ու խնդիրներ չառաջացնել։ Օրինակ՝ 300 հազար դրամ եկամուտ ունեցողի  վարկային պարտավորությունը  120 հազար դրամը պետք է չգերազանցի, որպեսզի նա 120 հազար դրամ վարկ վճարելով՝ կարողանա 180 հազար դրամով ապրել»,– նշում է Գալստյանը։

Այս մեխանիզմը քննարկվում է  և  հիպոթեքի, և սպառողական վարկերի համար։  ԿԲ–ում դրական միտում են տեսնում նաև ավանդների ոլորտում․ խնայողությունների  ընդհանուր ծավալի կեսից ավելին՝  52 տոկոսը, մարդիկ նախընտրում են պահել դրամով։ Իսկ սա բանկային լեզվով նշանակում է  դոլարիզացիայի մակարդակը նվազում և  դրամի նկատմամբ վստահության մեծացում։

Ցուցադրել ավելի
Back to top button