ԿարևորՀասարակություն

Ի՞նչ է տեղի ունեցել «Դալմա գարդեն մոլում»

ԱԻՆ և քաղաքաշինության կոմիտեի մասնագետներն աշխատում են « Դալմա գարդեն մոլ» առևտրի կենտրոնում՜ երեկվա թույլ ցնցումների պատճառները պարզելու համար։ Ուսումնասիրությունները  դեռևս շարունակվում են , սակայն նախնական վարկածներ արդեն կան։  Մոլն այսօր չի աշխատել։ 

«Դալմա» առևտրի կենտրոնն այսօր չի աշխատում, այստեղ աշխատում են արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետները։ Երեկվանից կենտրոնում տեղադրվել են չափիչ սարքեր` նախօրեին գրանցված գնցումները կրկնվելու դեպքում պատճառները պարզելու համար։ Շենք մտնել հնարավոր չէր, սակայն ԱԻՆ  սեյսմիկ  պաշտպանության տարածքային ծառայության տնօրենի  պաշտոնակատար   Սոս Մարգարյանը մուտքի մոտ է ներկայացնում ուսումնասիրությունների նախնական արդյունքները։  

«Այս պահին տարբեր գործիքներով,  հիմնականում  շենքերի   սեյսմակայունության վարչության անդամները  և ինժեներ սեյսմոլոգները, փորձում են  համոզվել, որ  ամբողջ այդ  ցնցումը գալիս է հիմնականում օդորակիչների համակարգից, որ տեղադրված է տանիքի տարբեր մասերում»։  

Շենքը նորակառույց է ու կառուցվել է քաղաքաշինական նորմերին համապատասխան` ասում է։  Նախնական վարկածով` տեխնիկայի աշխատանքի ազդեցությունն է եղել պատճառը։ Օդորակիչների մաշվածությունը կարող էր առաջացնել թույլ վիբրացիա, ասում է ԱԻՆ ներկայացուցիչը։

«Ռադիոլուրի» երկրաբան զրուցակիցները նշեցին, որ գրանցված վիբրացիաները չեն կարող երկրաբանական պատճառներ ունենալ։ 

Շրջանառվող  մյուս վարկածը, որ հարակից տարածքում կատարվող  շինարարական աշխատանքները կարող են լինել պատճառ, ԱԻՆ- ը եւս հավանական չի համարում։ Սոս Մարգարյան.

«Դա վարկած է։ Բայց մյուս կողմից, եթե դա լինի հարակից տարածքի շինարարությունը, ապա ցնցումները կզգացվեն շենքի ամբողջ տարածքում։ Դա դժվար չի ստուգել, սակայն մենք դրա անհրաժեշտությունը չենք տեսնում»։

Տեղում էր նաև Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը։ Կոմիտեի մամուլի քարտուղար Ջեմմա Համբարձումյանը « Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց, քանի որ ուսումնասիրությունները շարունակվում են, արդյունքները կհրապարեկն ավելի ուշ։

«Դալմա մոլի» այն աշխատակիցները, որոնք շենքում էին, հրաժարվեցին պատասխանել մեր հարցերին, իսկ կենտրոնի տնօրինությունից  հաղորդագրություն տարածեցին, որ ԱԻՆ–ի կողմից շարունակվում են իրականացվել աշխատանքներ, սպասում են սարքավորումների միջոցով ստացված հետազոտության արդյունքներին։ Իսկ թե մոլը երբ կաշխատի, կտեղեկացնեն ուշ։

Ցուցադրել ավելի
Back to top button