ԿարևորՔաղաքական

ԱՄՆ-Իրան հակադրման ազդեցությունը Հայաստանի ու տարածաշրջանի վրա. ամերիկյան փորձագետների տեսակետները

Ամերիկացի վերլուծաբաններն անդրադարձել են Հայաստանի ու Հարավային Կովկասի վրա Իրանի ու ԱՄՆ-ի հնարավոր բախման հետևանքներին՝ անվտանգության, քաղաքական ու տնտեսական ասպարեզներում:

Պաշտոնական Երևանը բացառել է իր ներքաշումը հակաիրանական կամ հակաամերիկյան որևէ զարգացման մեջ, սակայն, ինչպես «Ամերիկայի Ձայնն» է գրում, ըստ Կարնեգի հիմնադրամի վերլուծաբան Փոլ Սթրոնսկու, Իրանի ու ԱՄՆ-ի միջև հետագա լարվածությունը դժվարացնում է Երևանի ավանդական բազմավեկտորանոց քաղաքականությունը՝ սեղմելով Հայաստանը երկու հիմնաքարերի միջև:

Հայաստանի վարչապետը իր մտահոգությունն է հայտնել այդ զարգացումների առիթով: Ամերիկյան փորձագիտական շրջանակները հիմնավոր են համարում Հայաստանի ու Հարավային Կովկասի մյուս երկրների մտահոգությունները այդ կապակցությամբ:

«Մտահոգության պատճառներ կան, քանի որ չնայած երկու կողմերը խուսափեցին ուղիղ բախումից, հետագա լարվածության վտանգը չի վերացել»,- նշում է Ռազմավարական միջազգային հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան Ջեֆրի Մանկոֆը:

Ըստ նրա, Հարավային Կովկասում մտահոգված են ռազմական բախման դեպքում տարածաշրջանի ապակայունացման, փախստականների ներհոսքի, ահաբեկչության և այլ հնարավորություններով: Փոլ Սթնոսկին էլ կարծում է, որ ուղիղ բախումը ձեռնտու չէր Վաշինգտոնին և Թեհրանին, ուստի կողմերն այն կփոխարինեն անուղղակի կամ «պրոքսի» պատերազմներով այլ տարածաշրջաններում:

«Իրանի համար չափազանց ռիսկային է օգտագործել Հարավային Կովկասը ԱՄՆ-ի դեմ՝ հաշվի առնելով Իրանում բնակվող հայերի ու ադբեջանցիների գործոնը: Ավելի արդյունավետ է այդ նպատակով գործունեություն ծավալել Իրաքում կամ Լիբանանում»,- ասում է Սթրոնսկին:

Ստեղծված իրավիճակում Հարավային Կովկասի երկրները պետք է ցուցաբերեն զգուշավորություն, իր հերթին շեշտում է Ադրբեջանում նախկին դեսպան Ռիչարդ Կազլյարիչը:

«Եթե տեղի ունենա միջադեպ, որը կմեծացնի ԱՄՆ-ի ու Իրանի միջև ռազմական հակամարտության հավանականությոնը, Հարավային Կովկասի բոլոր երկրները շատ ավելի խոցելի կլինեն, և կարևոր խնդիրներից է դառնալու հակամարտության ընդլայնման կանխարգելումը,- ընդգծում է Կազլյարիչը:

Չնայած վերջին զարգացումների ու ղարաբաղյան հակամարտության վերսկսման հնարավորության միջև ուղիղ կապի բացակայությանը, վերլուծաբաններն ընդգծում են՝ յուրաքանչյուր ապակայունացում տարածաշրջանում ազդում է ղարաբաղյան հակամարտության կողմերի վրա:

«Իրանի ու ԱՄՆ-ի միջև ռազմական բախման հնարավորությունը մեծացնում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը»,- գտնում է Կազլյարիչը:

Անվտանգության խնդիրների հետ մեկտեղ փորձագետներն ընդգծում են, որ ամերիկա-իրանական լարվածության աճը կունենա նաև տնտեսական ծանր հետևանքներ, հատկապես Հայաստանի դեպքում:

«Հայաստանի համար, որը սերտ տնտեսկան կապեր ունի Իրանի հետ, վերջինիս տնտեսական կարողության վնասումն ու տնտեսական ակտիվության անկումը, մտահոգության լուրջ առարկա է»,- ընդգծում է Մանկոֆը:

Դրա հետ համակարծիք է Փոլ Սթրոնսկին: Հայաստանը կախված է Իրանի հետ տնտեսական կապերից, հատկապես զբոսաշրջության ու էներգետիկ ոլորտներում, նշում է փորձագետը:

Վերլուծանանները չեն բացառում՝ Իրանի հետ Հայաստանի սերտ տնտեսական կապերը կարող են հանգեցնել Երևանի նկատմամբ Վաշինգտոնի հավելյալ ճնշման բանեցմանը լարվածության աճի պարագայում, սակայն պարզ չէ, թե ինչպես այն կդրսևորվի և ինչ չափերով:

Ցուցադրել ավելի
Back to top button