ԿարևորՀասարակություն

«Հարգեք մարտի 1–ի զոհերի հիշատակը, թե չէ ․․․»․ սպառնալի՞ք, թե՞ զգուշացում դատի ժամանակ

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր տեղի է ունեցել 2008–ին սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող  Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով այս տարվա առաջին դատական նիստը։

Պաշտպանական կողմը կրկին միջնորդություններ է ներկայացրել, որոնց քննարկումն  ընթացել է լարված մթնոլորտում։ Տուժողների իրավահաջորդների արտահայտություններից մեկն էլ  ընկալվել է որպես սպառնալիք։  

2008–ին սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի եւ մյուս բարձրաստիճան պաշտոնյաների գործով այս տարվա առաջին նիստն ընդմիջվեց  խառնաշփոթի եւ աղմուկի պայմաններում։

Իրավիճակը թեժացավ այն բանից հետո, երբ պաշտպաններից մեկը, խոսելով մարտի 1–ի իրադարձությունների մասին,  օգտագործեց «ինչ –որ իրադարձություն» ձեւակերպումը։ Հայտարարությանը միանգամից արձագանքեցին տուժողի իրավահաջորդներն ու նրանց շահերի պաշտպանները․

Իրավապաշտպան Մարինա Պողոսյան․ «Կարող է պաշտպանի տունը ջուր լցվելը լինի ինչ– որ մի իրադարձություն, բայց այստեղ նստած են մարդիկ, որոնք կյանք են կորցրել, առողջություն են կորցրել, եւ մի ամբողջ ժողովուրդ Մարտի 1 է հիշում։ Հանկարծ  չփորձեն այլեւս»։  

Տուժող կամ տուժողի իրավահաջորդ Հարությունյան․ «Թող հարգեն Մարտի 1–ն ու չփորձեն այլ կերպ այլ երեւույթներ պատկերացնել, թե չէ իրենք էլ կհայտնվեն մեր օրին»։

Վերջին արտահայտությունը պաշտպաններն ընկալեցին իբրեւ սպառնալիք։ Աղմուկի պատճառով չէր հաջողվել ասվածը լսել մինչեւ վերջ։ Ամբողջ դատական նիստի ընթացքում լուռ նստած Քոչարյանն անձամբ էր փորձում դատավոր Աննա Դանիբեկյանից ճշտել եւ հասկանալ՝ արդյո՞ք սպառնալիք հնչել է։

Ձայնագրությունը ստանալուց եւ լսելուց հետո պաշտպանական կողմը կորոշի իր հետագա քայլերը։ Սա՝ հնչած հայտարարության առնչությամբ։ Ինչ վերաբերում է բուն դատական նիստին, ապա այսօր կրկին միջնորդություններ ներկայացվեցին։  Այս անգամ բոլոր ամբաստանյալների պաշտպանները որոշել են միջնորդել, որ իրենց պաշտպանյալների հանդեպ դադարեցվի քրեական հետապնդումը եւ գործը կարճվի։ Հիմնավորում են, որ 2008–ին  Քրեական օրենսգրքում չի եղել 300.1 հոդված, որով առաջադրվել է մեղադրանքը։

 «Մարդու իրավունքների ընդհանուր հռչակագրի 11–րդ հոդվածի 2–րդ մասի համաձայն՝ ոչ ոք չի կարող հանցագործության մեջ մեղադրվել այնպիսի արաք կատարելու կամ անգործության համար, որոնք կատարվելու պահին ազգային օրենքներով կամ միջդատական իրավունքով հանցագործություն չեն համարվել։ Հավասարապես չի կարող նշանակվել ավելի ծանր պատիժ, եթե հանցագործությունը կատարելուց հետո նոր օրենքով ավելի թեթեւ պատիժ է սահմանվում»,– ասաց Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը։

Նույնաբովանդակ միջնորդություններ արդեն ներկայացրել են Սեյրան Օհանյանի եւ Յուրի Խաչատուրովի պաշտպանները։ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը նույնպես պատրաստել է նման միջնորդություն։ Մեղադրող դատախազներն այսօր իրենց դիրքորոշումը  չներկայացրին։ Նախընտրում են  արտահայտվել բոլոր միջնորդությունների ներկայացումից հետո։

 «Մեզ համար պարզ դարձավ, որ մենք նույն հարցերի վերաբերյալ տարբեր միջնորդությունների շրջանակներում պետք է ելույթներ ունենանք։ Օրինակ, պարոն Պողոսյանի միջնորդության դեմ պետք է առարկենք, հետո ոնց որ պարոն Ալումյանը միջնորդություն ունի, պարոն Ալեքսանյանը միջնորդություն ունի եւ դրանք բոլորը՝ իրենց իսկ պնդմամբ, նույն հարցին են վերաբերում՝ արարքի հանցակազմի քրեաիրավական նորմի որոշակիությանը եւ Քրեական օրենսգրքի հետադարձ ուժի հարցին։ Մենք այս միջնորդությանը կպատասխանենք նույնաբովանդակ բոլոր միջնորդությունները լսելուց հետո»։

Իրականում հայտնի է, թե ինչ հիմնավորմամբ է առաջնորդվում գործող իրավական համակարգը։ Քրեական օրենսգրքի 300 հոդվածի բովանդակությունն իրականում չի փոխվել։ Փոփոխություններից հետո այն պարզապես բաժանվել է 2 մասի՝ պահպանելով նախկին ձեւակերպումները։ Տուժողի իրավահաջորդի շահերի պաշտպան, փաստաբան Սեդա Սաֆարյանի համար ընդունելի չէ պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդությունը։

 «Ուզում են ասել, որ 2008 թվականին այն աստիճան որոշակիություն չի եղել, որ պետական պաշտոնյաները  չեն իմացել, որ Սահմանադրության մեջ կա «մարդու իրավունքը բարձրագույն արժեք է» ձեւակերպումը, իշխանությունների տարանջատման մասին չեն իմացել, զորքը քաղաքական նկատառումներով չօգտագործելու մասին չեն իմացել, եւ քանի որ չեն իմացել, չեն ունեցել որոշակիություն դրանք կատարել–չկատարելու վերաբերյալ, ինչը ակնհայտորեն չի բխում մարտի 1–ի դեպքի ամբողջ ծավալից, կազմակերպվածության բնույթից, մասնակիցների շրջանակից եւ մնացյալից։ 2008 թվականի մարտի 1–ի դրությամբ 300 հոդվածը ամբողջությամբ  ամփոփել է հետագայում նաեւ որոշակի փոփոխություն կրած 300.1 հոդվածի հանցակազմի բոլոր տարրերը, եւ չի կարող դա անվերջ շահարկվել»։

Այս միջնորդությունը դատարանը կշարունակի քննարկել հունվարի 14–ին։ Այսօր նաեւ հայտնի դարձավ, որ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը նոր միջնորդություն է պատրաստել՝ դատավոր Աննա Դանիբերյանին կրկին ինքնաբացարկ հայտնելու պահանջով։

Ցուցադրել ավելի
Back to top button