ԿարևորՀասարակություն

Լավ ապրելու բանաձևը՝ ըստ Փաշինյանի

Գործադիրի այս տարվա առաջին նիստին վարչապետն անդրադարձել է նախորդ տարվա տնտեսական ցուցանիշերին՝ ընդգծելով, որ դրանք բավական  բարձր են եղել, բայց  2020–ին կառավարությունն ավելին է ակնկալում։

Համաշխարհային բանկի այսօր հրապարակած «Գլոբալ տնտեսական հեռանկարներ 2020» զեկույցի համաձայն՝ Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումները կայուն են՝ ի  տարբերություն հարևան երկրների։

2020–ին ՀԲ–ն Հայաստանի համար կանխատեսում է 5․1 տոկոս տնտեսական աճ։ Կառավարության ակնկալիքներն ավելի մեծ են, ու դրանց հիմքում  նաև հունվարից ուժից մեջ մտած հարկային փոփոխություններն են։

Հայաստանում լավ ապրելու նախապայմանն,  ըստ վարչապետ  Նիկոլ Փաշինյանի,  աշխատանքն է։ Աշխատանքով է հաստատվելու բարեկեցությունը,   աշխատանքով է հաղթահարվելու աղքատությունը։  2020 թվականի առաջին նիստը կառավարության ղեկավարը   սկսում է աշխատանքի մասին արդեն ծանոթ թեզերով։

«Չաշխատող մարդը չի կարող լավ ապրել, չաշխատող մարդը երբեք ոչ մի երկրում լավ չի ապրել։ Հետևաբար մեր խնդիրն է ստեղծել աշխատելու համար բոլոր լավ պայմանները։ Էլի կրկնում եմ, արդեն չգիտեմ որերորդ անգամ, բազմոցին պառկած մարդու աղքատությունը  կառավարությունը չի հաղթահարելու։ Այդ մարդը պետք է առնվազն բռնի կառավարության մեկնած ձեռքը և օգնի կառավարությանը օգնել  իրեն՝ վեր կենալ բազմոցից։ Եվ ուզում եմ ասել, որ երկարաժամկետ առումով լավ ապրելու բանաձևը կրթությունն է»։

Վարչապետը հիշեցրեց՝  տարեսկզբից միկրոձեռնարկատիրությամբ զբաղվողների համար  հարկային արտոնություններն արդեն ուժի մեջ են։ Կա պարտադիր նախապայման՝ բոլորը պետք է աշխատեն ՀԴՄ–ներով։ 

Այս մասին նույնպես  Փաշինյանը նախկինում  բազմիցս խոսել է։ Այժմ  հանձնարարել է մեխանիզմներ մշակել, որպեսզի ՀԴՄ կտրոն չստանալիս քաղաքացին կարողանա փաստը ֆիքսել ու ներկայացնել ՊԵԿ, որպեսզի վերջինը վարչական վարույթ սկսելու հնարավորություն ունենա։

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը զգուշացրեց՝   վտանգվում է  քաղաքացու  տվյալների գաղտնիության  սկզբունքը,  տեսչական ստուգման ընթացակարգերի հետ կապված խնդիրներ են ծագում։

«Որովհետև հնարավոր չի լինում արձանագրել ՀԴՄ տալու կամ չտալու փաստը։ Արձանագրություն է կազմվում, հաշվետվությունը հանում են, և տնտեսվարողը շատ հանգիստ ասում է, որ իր մոտից գնում չի կատարվել, և դա հերքող որևէ ապացույց չկա» ։

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը կիսում է և վարչապետի, և  արդարադատության նախարարի կարծիքները։  Վարչապետի արձագանքը կտրուկ էր՝ քաղաքական խնդիր  է դրված, որը պետք է լուծել։ 

 «Կոնկրետ ես քաղաքական խնդիրն առաջադրում եմ, դուք պետք է լուծումները գտնեք։ Գնացեք գտեք լուծումներ։ Հիմա այն քաղաքացիները, որ անընդհատ նամակներ են գրում, թե այստեղ ՀԴՄ չեն տալիս, այնտեղ ՀԴՄ չեն տալիս, պետք է հնարավորություն ունենան իրենց սոցէջերում տեղադրել, վարչական վարույթ իրականացնողն էլ պետք է գնա ու տուգանի։ Ձեր աշխատանքային պրոբլեմներն են, որոնք պետք է լուծեք»։ 

Ի՞նչ անի քաղաքացին, եթե տեսնում է, որ  փողոցում  կոնֆետի թուղթ  կամ   սիգարետ   են նետում․ պետք է նվազագույն անհարմարություն պատճառող   լծակ ունենա ՝ հռետորական հարցին պատասախանեց կառավարության ղեկավարը։  2019–ին  իրենց հաջողվել է   կարճաժամկետ ծրագրերը լուծել, 2020 թվականը պետք է ռազմավարական ծրագրերի իրականացման տարի։

Հայաստանի վարչապետը հիշեցրեց նաև՝  այս տարվանից բյուջետային ավիաընկերությունները կսկսեն մատչելի գներով  թռիչքներ իրականացնել  դեպի  Հայաստան, իսկ սա նշանակում է, որ մեր երկիր այցելող զբոսաշրջիկները հետաքրքրված են լինելու Հայաստանի փողոցներով պարզապես քայլելով, սար բարձրանալով, զբոսնելով ։ Այստեղ է, որ զբոսաշրջության զարգացման համար կարևորագույն բաց կա։

«Որքան էլ զավեշտալի հնչի, որ այս հարթակում ստիպված ենք այդպիսի  հարցեր քննարկել, բայց ամենամեծ խնդիրը զուգարաններին է վերաբերում։ Սա քաղաքակրթական կարևորագույն խնդիր է, երբ տեսնում ես որևէ տեղ բացված հինգ հարկանի ռեստորան, որտեղ աթոռները ոսկեզօծ են, բայց երբ զուգարանի դուռը բացում, ներս ես մտնում,  թվում է՝ աղետյալ շրջանում ես»։

Օդանավակայանում էլ  խնդիրներ կան, այստեղ էլ տաքսիների վարորդներն են անհանգստացնում Հայաստան այցելած զբոսաշրջիկներին։  Խնդիրը լուծելու հանձնարարականը տրված է։  Հայաստանի զբոսաշրջային վայրերի, տաքսիների գների մասին էլ տեղեկատվական թերթիկներ կտրամադրվեն հենց օդանավակայանում։

Ցուցադրել ավելի
Back to top button