ԿարևորՀասարակություն

Ինչո՞ւ են ուշանում Ադրբեջանում հայտնված ՀՀ քաղաքացիների գործերով ՄԻԵԴ վճիռները

Ադրբեջանում հայտնված ՀՀ քաղաքացիների գործերով ՄԻԵԴ ներկայացված հայցերի վճիռները հապաղում են, ու միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանն ավելի կոնկրետ պատասխաններ ակնկալող նամակ է պատրաստում ուղարկել Եվրոպական դատարան։

Դրան զուգահեռ` ուշադիր հետեւում է ՄԻԵԴ ներկայացված Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ գործերի քննության ընթացքին, այժմ լսումների փուլն է։ Դրանք շատ օգտակար ու նախադեպային կարող են լինել, ասում է։

«Դրանք դեպքեր են, երբ մի տարածքից ռմբակոծվում է մյուս տարածքը։ ՄԻԵԴ–ը մի կարեւոր հարց պետք է լուծի՝ տարածքների իրավազրկության հարցը։ Երբ դա լինի, կկարողանանք ապրիլյան դեպքերի հետ զուգահեռներ անցկացնել ու այդ չափանիշերը գուցե կիրառել նաեւ ապրիլյան դեպքերի նկատմամբ»։   

Դեռ 2010 թվականի սեպտեմբերի 11–ին ընկերների հետ Գեղարքունիքի մարզի Թթուջուր կոչվող գյուղի մոտակա անտառից փայտ հավաքելու, անասուններին փնտրելու գնացած ու այլեւս չվերադարձած Մանվել Սարիբեկյանի գործը ՄԻԵԴ–ում է արդեն 10 տարի։

Մանվել Սարբեկյանի անհետանալուց հետո ադրբեջանական լրատվամիջոցները լուրեր տարածեցին, թե, իբր Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայ հետախույզ է ձերբակալվել։ Ավելի ուշ ադրբեջանական կողմը հայտարարեց, որ Սարիբեկյանն ինքնասպան է եղել։ Նրա կյանքի իրավունքի խախտման հայց է ներկայացվել ՄԻԵԴ։

Չի՞ լրացել արդյոք գործի քննության վաղեմության ժամկետը․

«Չկան վաղեմության ժամկետներ։ Որքան երկար կարող են տեւել քննությունները ՄԻԵԴ–ում։ Ժամկետ չկա։ Բայց աննորմալ է, գոնե մեկ վճիռ լինի 15–ին կոմունիկացված գործերից։ Դժվարանում եմ ասել, թե արդյո՞ք միտում կա երկարաձգման։ Թեեւ ժամկետներ չկան, մենք պրակտիկայով ենք առաջնորդվում»։

2018 թվականի  հուլիսին ադրբեջանական կողմում հայտնված Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ 35-ամյա Կարեն Ղազարյանի հարցով արձագանք ակնկալվում էր մինչև անցած տարեվերջ:

Արդեն մեկ ու կես տարի է նրան չի թույլատրվում կապ հաստատել հարազատների հետ:  Դատական նիստը, որով նա դատապարտվեց 20 տարվա ազատազրկման, ընթացել էր  խախտումներով: Այն կարճ տեսագրությունը, որը տարածել էր Բաքուն,  պարզ ցույց  էր տալիս, որ Կարեն Ղազարյանը անգամ պաշտպան չունի։ Արա Ղազարյանը պատմեց, որ տարբեր միջոցների են դիմել Կարեն Ղազարյանի ձայնը լսելու համար, սակայն ապարդյուն։ Նրանք անգամ ԱՄՆ–ից են զանգել Ադրբեջան, սակայն որեւէ կապ հաստատել չի հաջողվել․

«Գործով քննությունն ավարտվել է, անգամ դատապարտել են Կարեն Ղազարյանին ու անհասկանալի է, թե ինչու թույլ չեն տալիս հարազատներին կապ հաստատել նրա հետ։ Կարմիր խաչի մանդատը խիստ սահմանափակ է ուստի պետք է միջազգային միջամտություն»։

Նույն պատկերն է նաեւ մյուս բոլոր գործերում, որ ՄԻԵԴ–ում են։ Թե ինչ տեղաշարժ կլինի այս տարվա ընթացքում գուցե հստակեցվի, երբ միջազգային իրավունքի մասնագետը նամակով կրկին դիմի ՄԻԵԴ։

Ցուցադրել ավելի
Back to top button