ԿարևորՀասարակություն

Ի՞նչ է արձանագրել առողջապահական տեսչությունը անցակետերում

Շտապօգնությունն ու առողջապահական ու աշխատանքի տեսչական մարմինը տոնական օրերին աշխատել են արտակարգ ռեժիմով։ Շտապօգնության արձանագրած կանչերի թիվն ավելացել է նախորդ տարվա հետ համեմատ, իսկ տեսչական մարմինը ցամաքային և օդային անցակետերում հայտնաբերել է կլինիկական ախտանշաններով հիվանդներ։

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինն Ամանորին սահմանային կետերում աշխատել է  ուժեղացված ռեժիմով` ունենալով ամենօրյա հերթապահեր։ Ելնելով հանգստի շրջանում երկրից մեկնողների ու երկիր ժամանողների մեծ հոսքից՝ սահմանային հսկիչ կետերում, հատկապես դեպի Վրաստան մուտք ու ելքը հսկող Բագրատաշենի, Բավրայի, Այրում-Ջիլիզայի եւ Գոգավան-Պրիվոլնոյեի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերում ուժեղացված հսկողություն  է իրականացվել երկրից մեկնողների եւ ժամանողների նկատմամբ՝ ուշադրության առնելով վարակիչ հիվանդություններին բնորոշ կլինիկական նշանները եւ ավտոմատ ջերմաչափում կատարելով։

«Ամսի 31–ից մինչև 8–ն ընկած ժամանակահատվածում  հայտնաբերվել է 16 կասկածվող անձ, որոնք ունեցել են կլինիկական ախտանշաններ։ Այս պահին հիվանդանոցները տեղյակ են այդ անձանց մասին»,- ասում է առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և  հակահամաճարակային վերահսկողության  վարչության պետ  Աննա Հարությունյանը։

Ըստ նրա` ուժեղացված  վերահսկողություն է իրականացվել նաև օդային սահմանով երկիր մտնողների նկատմամբ՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետի ստացիոնար ջերմաչափերի միջոցով։

«Դուբայ– Երևան օդանավում եղել է մեկ հիվանդ, որն ունեցել է 39.6 ջերմություն, այլ կլինիկական ախտանշաններ չի ունեցել»,– նշում է Հարությունյանը։

Երևանի շտապօգնությունը դեկտեմբերի 30–ից  հունվարի 7–ն ընկած ժամանակահատվածում  ստացել է 8000- ից ավելի (8146) կանչ` նախորդ տարվա համեմատ մոտ 400- ով (384) ավելի։ Կանչերի մեծ մասը` մոտ 1000- ը (976)  գրանցվել է հունվարի 6–ին։ Գերակշռող մասը եղել են  սիրտանոթային հիվանդություններով հիվանդները, իսկ սուր շնչառական  հիվանդություններով  կանչերի թիվը  նախորդ տարվա համեմատ նվազել է։

Այս տարի ավելացած կանչերի թիվը Երևանի շտապօգնության տնօրեն Թագուհի Ստեփանյանը բացատրում է  ծառայության  նկատմամբ վստահության բարձրացմամբ։

Շտապօգնությունը պայթուցիկ սարքերի հետևանքով  վնասվածքներ ստացած 9 կանչ է արձանագրել, որից երկուսը երեխաներ  են եղել։ Այս տարի մեծ թիվ են կազմել նաև անհեթեթ կանչերը։

«Մարդը շտապօգնություն է կանչում, ասում է, որ վատ է զգում, սակայն բրիգադի հասնելուն պես, ասում է, որ օգնություն ցուցաբերեն կատվին»,– նշում է Թագուհի Ստեփանյանը։

Այս տարի շտապօգնության ծառայությունը ավելի պատրաստ էր ամանորին։ Դեռ նախորդ տարվա ամռանը այն համալրվել էր մոտ հինգ տասնյակի հասնող մեքենաներով։

Ցուցադրել ավելի
Back to top button