Էջմիածնի Գարեգին Նժդեհի անվան թիվ 8 դպրոցում դասադուլը շարունակվում է


Արդեն տևական ժամանակ Էջմիածնի թիվ 8 դպրոցում խաթարվել է ուսումնական գործընթացը, որը սկսվել էր դեկտեմբերի կեսից և շարունակվում է տոներից հետո: Արդեն 2-րդ օրն է դասադուլ է հայտարարվել:
Համայնքը, ուսուցչական կոլեկտիվն ու աշակերտները դեմ են դպրոցի նոր տնօրեն Շուշան Ոսկանյանին, ով 2018թ մայիսի 14-ին համայնքի պահանջով ինքնակամ հրաժարվել էր Էջմիածնի տարածքի Բաղրամյան գյուղի դպրոցի տնօրենի պաշտոնից: Կառավարման խորհրդում քվորում չապահովելու պատճառով Շուշան Ոսկանյանի նշանակմանը հավանություն է տվել փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
Էջմիածնի թիվ 8 դպրոցում դասադուլը շարունակվում է: Այս դպրոցը գտնվում է Զվարթնոց թաղամասում, որտեղ սովորում է 320 աշակերտ: Աշակերտներն իրենց բողոքն արտահայտում են դասի չգնալով: Դպրոցից քիչ հեռու հանդիպեցի մի դպրոցահասակ տղայի, մոտեցա և հարցրի, թե ինչու դասի չի գնացել:
«Ժամը 12-35 րոպե, հիմա երևի 4-րդ ժամը պետք է լիներ, բայց դպրոց չեմ գնացել: Բողոքում ենք նոր տնօրենի դեմ, չենք ուզում, չենք գնում դպրոց»:


Աշակերտների փոխարեն դպրոց էին գնացել նրանց ծնողները, ովքեր դեմ են նոր տնօրենին: Նրանք և ուսուցիչները հիմնավոր տարբեր փաստարկներ էին մեջբերում և իրենց դիրքորոշումն արտահայտում նոր տնօրենի դեմ:
«Բաղրամյանի դպրոցից հանեցին, բերեցին մեր դպրոց: Դուք չեք նայել նա ով ա եղել, չեք լսել: Հիմա բերում են մեր գլխին փորձանք: Էդպիսի մարդը ստեղ իրավունք չունի»:
«Ես ազգությամբ եզդի եմ և այս տնօրենի մնալու դեպքում իմ թոռներին չեմ բերելու դպրոց»:
«Երևի տեղյակ եք, որ այդ դպրոցում 13 տարեկան աղջիկ էլ է բռնաբարվել իր օրոք: Էլ ինչի մասին է խոսքը, անհարմար է»։


«Նախկին հանրապետականի ոճով աշխատող տնօրենը, ում հեղափոխությունից հետո, համայնքը ստիպել ու դուրս է մղել դպրոցից ու համայնքից, մենք չենք պատրաստվում նման պատմություն ունեցող տնօրենի հետ աշխատել: Անձամբ իմ ղեկավարն է լինելու և ինքն արդեն ուսուցչանոցում համարձակվեց մեր վրա մատ թափ տալ, ահաբեկել»:
Ուսումնական գործընթացը վերականգնելու նպատակով այսօր դպրոցում էին նաև Արմավիրի մարզպետարանի ներկայացուցիչները կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Սոնյա Բուդաղյանի հետ: Մարզպետարանի իրավաբան Լիաննա Հարությունյանը ծնողներին ներկայցրեց դպրոցում իրենց կնքած պայամանգրի մասին, ըստ որի երեխաները պարտավոր են կրթություն ստանալ և անհարգի չբացակայել:
Ձգձգվող խնդրին լուծում տալու նպատակով ծնողական խորհուրդը անվստահության դիմում է ներկայացրել դպրոցի կառավարման խորհրդին: Մարզպետարանի կրթության մշակույթի և սպորտի վարպության պետի պաշտոնակատար Սոնյա Բուդաղյանը նշում է, որ դիմումի պատասխանը կտրվի կրթության, մշակույթի և սպորտի նախարարությունից.


«Ծնողական խորհուրդը դիմել է կառավարման խորհրդին, իրենք անվստահութուն են հայտնել նորանշանակ տնօրենին և դիմել են մեզ: Մենք հիմա դիմել ենք Կրթության, մշակույթի և սպորտի նախարարությանը պարզաբանելու՝ ի՞նչ հիմք կարող է լինել անվստահության: Մենք ուզում ենք մասնագիտական մոտեցում, քանի որ սա նոր դրույթ է: Մենք ամեն դեպքում ուզում ենք իրավական դաշտում մեր անելիքը անենք»:
Դպրոցի մթնոլորտը լարվել էր տնօրենի ընտրությունից հետո, երբ կառավարման խորհրդի 7 մասնակցից 4-ը՝ ուսուցիչներն ու ծնողները քվեարկել էին նախկին տնօրեն Էսթեր Գալստյանի օգտին, իսկ մարզպետարանի ներկայացուցիչներն ու քաղաքապետարանի ներկայացուցիչը 3 ձայնով Շուշան Ոսկանյանի օգտին: Քանի որ խորհրդի կազմում բացակայել է նախարարության ներկայացուցիչը և քվեարկության արդյունքում չի ապահովվել 5 ձայնը:
«Օրենքով սահմանված կարգով նշանակվել է մրցույթ, մրցույթում հաղթող չի ճանաչվել և ըստ գործող կարգի փոխվարչապետին է ուղղվել գրությամբ՝ կառավարման խորհրդի նախագահի: Փոխվարչապետի առաջարկությունն է եղել և այդ առաջարկության հիման վրա նշանակում է կատարվել»:


Որից հետո մարզպետը Շուշան Ոսկանյանի հետ կնքել է աշխատանքային պայմանագիր: Դպրոցի ուսուցիչներն ու ծնողները սա համարում են ուղղորդված նշանակում: Ծնողները պատրաստ են երեխաներին ուղարկել դպրոց, եթե Շուշան Ոսկանյանը հրաժարական ներկայացնի: Այս հարցի պատասխանն էլ փորձեցի ստանալ նորանշանակ տնօրենից, սակայն նրա հեռախոսն անջատված էր և չհաջողվեց կապ հաստատել նրա հետ:
Էջմիածնի թիվ 8 դպրոցում ծավալվող իրադարձությունների շուրջ ինչ կարծիք ունի Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը: Հարցն ուղղել եմ տոներից առաջ.
«Մարզպետը դպրոցի տնօրենի նշանակման հետ որևէ կապ չունի: Հակիրճ ներկայացնեմ՝ դպրոցն ունի կառավարման խորհուրդ՝ 8 անձինց բաղկացած: Մարզպետն իրավունք չունի իմանալու, թե ինչ ձևով են իրենք քվեարկել, փակ և գաղտնի քվեարկության միջոցով քվեարկեն և ընտրեն տնօրեն անկախ նրանից, թե ով կընտրվեր, օրենքի պահանջն է, որպեսզի մարզպետը զուտ ընթացակարգային դնի իր ստորագրությունը՝վավերացնելու խորհրդի որոշումը: Այսինքն՝ ընենց չի, որ եթե ես եմ ստորագրություն եմ դնում, ապա ես եմ որոշում՝ ով լինի կամ չլինի: Հիմա նշանակվել է նոր տնօրեն, նոր տնօրենը կշարունակի աշխատել մեր խստացված վերահսկողության ներքո և եթե որոշակի չարաշահումներ կլինի, որոշակի խախտումներ կլինի, այ, արդեն իմ լիազորությունների շրջանակներում են գտնվում, ես այդ հարցերը կլուծեմ»։
Ծնողները բողոքում էին իրադարձություններին անհաղորդ մնացող Արմավիրի մարզպետից և Էջմիածնի քաղաքապետից, ովքեր երբևէ չեն գնացել դպրոց և տեղում չեն ուսումնասիրել իրավիճակը: Մարզպետն այժմ գտնվում է արձակուրդում: Ծնողները վաղը սպասելու են իրենց դիմումի պատասխանին և բացասական պատասխանի դեպքում դիմելու են ծայրահեղ քայլերի՝ փակելու են Երևան-Էջմիածին-Արմավիր ճանապարհի այն հատվածը, որտեղ գտնվում է դպրոցը: