ԿարևորՀասարակություն

Երևան կգա՞ «թաքնված» Երևանը

Դեռ մի քանի տարի առաջ քչերը գիտեին, որ Հայաստանի գլխավոր հրապարակի տակ XVII դարի մի մեծ քաղաք է «թաքնված»: Բարեբախտաբար «թաքնված» այդ քաղաքի տեղն այսօր շատերին է հայտնի, ավաղ՝ այն շարունակում է մնալ ցեմենտի ու ասֆալտի մոխրագույն ու հաստ շերտի տակ։

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր մի գրառմամբ «բարկացրեց» ու «գունավորեց» թաքնված այդ քաղաքի վրայի շերտը. հին քաղաքը վերականգնելու եւ վերաբացելու հնարավորությունները կարող են մոտ ապագայում իրականություն դառնալ։

Հետո վարչապետը կիսվեց այդ գրառմամբ եւ հաստատեց՝  այս տարի կսկսվեն Հին Երեւանի՝ Հանրապետության հրապարակի տակ գտնվող պատմական շերտի բացման եւ այն թանգարանային հատվածի վերածելու աշխատանքները: Հանրապետության հրապարակն արդյունքում կդառնա շատ ավելի տեսարժան վայր:

Իսկ իրականում ի՞նչ կունենաք իրականում։

Քաղաքը, որ «դռները» բացեց 12 օր

Սրանից դեռ հարյուր տարի առաջ Հայաստանի գլխավոր հրապարակը չուներ այն տեսքը, որը սիրելի ու ծանոթ է ցանկացած հայի։ Ավելին՝ դրա տեղում ամենեւին էլ հրապարակ չէր։ Այդտեղ խանութներ էին, ռետորաններ, մեկհարկանի կամ երկհարկանի բնակելի տներ, բաղնիք ու մանկապարտեզ. բայց քաղաքային կյանքը հարյուր տարի առաջ էլ ակտիվ էր այս տեղում։

Բնակելի այդ տների մի մասի նկուղները պահպանվել են, դրա վկայությունը 2003 թվականին արված պեղումներն են։

Ամեն ինչ սկսվեց, երբ «Լինսի» հիմնադրամի միջոցներով հրապարակում ձեռնարկվեցին վերականգնողական աշխատանքներ։ Անսպասելիորեն բացվեց հին քաղաք, որն ուսումնասիրելու համար սեղմ միջոցներ, ժամանակ ու նաեւ ցանկություն կար։ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտից հրապարակ «գործուղեցին» Ֆրինա Բաբայանին ու Աղավնի Ժամկոչյանին։

Լուսանկարները՝ Հայկ Բիանջյանի

«Մեզ մի քանի օր էին ժամանակ տվել, ուղղակի հետազոտական աշխատանք կատարելու համար։ Բանվորներին հազիվ էինք վերցնում մեզ մոտ աշխատելու, երեք սրահ բացեցինք»,– պատմում է Ֆրինա Բաբայանը։

Պեղումների արդյունքում բացվեցին նկուղային հարկաբաժիններ, որ, մասնագետների խոսքով, կառուցված էին բավականին խնամքով, ճարտարապետական գեղեցիկ մտահղացմամբ։ Այդ նկուղները սառնարանների դեր են կատարել։ Հնագետն ասում է՝ իրենց կարճ ժամանակահատվածում հաջողվել է պեղել մի ամբողջ փողոց։

«Այս տեղում աշխատելիս անընդհատ նայում էի դիմացի դալանին, որ ուղղահայց մոտենում էր ժամացույցին։ Եթե բոլոր շինությունները բացվեին` կհայտնվեի ժամացույցի տակ»,– պատմում է հնագետը։

Հրապարակի տակ գտնվող քաղաքը փակվեց բացվելուց 12  օր անց։

Լուսանկարները՝ Հայկ Բիանջյանի

Միակ վավերագորղը՝  Հայկ Բիանջյան

Այդ 12 օրերի ընթացքում հնագետների կողքին էր լուսանկարիչ Հայկ Բիանջյանը։ 17 տարի առաջ լուսանկարչական սարքը դեռ նոր էր հայտնվել Հայկի ձեռքին, ավելին՝ այս ֆոտոպատմությունն է լուսանկարչի ճանապարհը հարթում դեպի Երեւանի թաքնված այլ վայրեր եւս։

Ստորգետնյա հատվածում ստացած զգացողությունները դեռ թարմ են։

 «Երբ իջնում ես ստորգետնյա հատվածը, ձայներն են գրավում՝ արտաքին աշխարհի ձայները չես լսում համարյա։ Ժամանակի միջով կարծես թե սկսում ես քայլել ու հետաքրքիր հոտեր ես զգում»,- հիշում է Հայկը։

Հայկը հրապարակում աշխատող հնագետների կողքին միակ լուսանկարիչն էր, նրա՝ այդ օրերի գործերը դարձել են փաստաթուղթ՝ հրապարակի ասֆալտե «գորգի» տակ գտնվող քաղաքի մասին։

Լուսանկարները՝ Հայկ Բիանջյանի

«Ափսոս՝ պեղումները շատ կարճ տեւեցին եւ այն ժամանակ քաղաքի գլխավոր ճարտարապետը (Նարեկ Սարգսյան) հայտարարեց, թե եկեք ժառանգենք ապագա սերունդներին, թող իրենք բացեն։ Դա ինձ համար աբսուրդային էր»,– ասում է Հայկը։

Հայկը լուսանկարները վաճառում է Armenian International Magazine (AIM)-ին, որից հետո դառնում է 2003-ի 12–օրյա պեղումների միակ վավերագրողը։

Ի՞նչ է սպասվում. ապագան՝ իրատեսակա՞ն

Հունվարի 8- ի երեկոյան ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր մի գրառմամբ «բարակացրեց» ու «գունավորեց» թաքնված քաղաքի վրայի շերտը. հին քաղաքը վերականգնելու եւ վերաբացելու հնարավորությունները կարող են մոտ ապագայում իրականություն դառնալ։

Մեկ օր հետո վարչապետը կիսվեց այդ գրառմամբ եւ հաստատեց՝  այս տարի կսկսվեն Հին Երեւանի՝ Հանրապետության հրապարակի տակ գտնվող պատմական շերտի բացման եւ այն թանգարանային հատվածի վերածելու աշխատանքները: Հանրապետության հրապարակը արդյունքում կդառնա շատ ավելի տեսարժան վայր:

Հնագետ, պատմաբան, մշակութաբան Համլետ Պետրոսյանը պատմական այդ հատվածը բացելուն մասնագիտական փորձառու աչքով է նայում։

Ասում է՝ կարճաժամկետ ոգեւորությունը լավ է, բայց այդ մասշտաբի աշխատանք կատարելու համար լուրջ մոտեցում է անհրաժեշտ։

Լուսանկարները՝ Հայկ Բիանջյանի

«Եթե ապավինենք այն ամենին, ինչ ունենք, անհաջող մի բան կստացվի։ Զբոսաշրջային կենտրոն դարձնելու համար հսկայական ծավալի աշխատանքներ են պետք կատարել, եւ եթե լուրջ մոտեցում լինի, երեւի թե ամենածավալային ծրագիրը կլինի, որ երբեւէ իրականացվել է Հայաստանում»,– ասում է Պետորսյանը։

2003-ի փորձը ցույց է տալիս, որ հնագիտական շերտի բացվելը երկարաժամկետ եւ ընդարձակ հետազոտություն կարող է պահանջել, որի «ծանրությունն» իր վրա իշխանությունը պիտի վերցնի, ասում է հնագետը։

Տրանսպորտային, քաղաքային կյանքի կազմակերպման եւ մի շարք այլ հարցեր կառաջանան, եթե խնդիրը շատ ավելի խորքային ու լուրջ մոտեցում չունենա։

Մինչեւ աշխատանքներն սկսելը շատ կարեւոր է մասնագիտական խմբի ձեւավորումը։  

Իսկ մինչ այդ` «թաքնված» քաղաքի հավանական «վերադարձին» կարող ենք միայն սպասել։

Ցուցադրել ավելի
Back to top button