ԿարևորՄիջազգային

Դեէսկալացիայի միտումներ՝ ԱՄՆ–Իրան հարաբերություններում

Իրանա-ամերիկյան վերջին սրացումները այս տարեսկզբից խաթարել են տարածաշրջանում առանց այդ էլ լարված  իրավիճակը։ Բոլոր պետություններում սպասում են Վաշինգտոնի և Թեհրանի քայլերին։

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն է այսօր մեկնաբանել տարածաշրջանային վերջին զարգացումներն ու Հայաստանի՝ դրանց արձագանքելու և դիմակայելու հնարավորությունները։

«Հույս ունենք, որ մոտակա օրերին ընդհանուր հանգստություն է լինելու։ Իհարկե, մենք միշտ վատթարագույնին ենք պատրաստվում,  ընդհանուր առմամբ, կարող եմ ասել՝ շատ լայնածավալ աշխատանք ենք կատարել և՛ սիրիական, և՛ իրանական ճգնաժամերի ընթացքում։ Կարելի է ասել՝ մեր ինստիտուցիոնալ կարողություններն են ավելացել, մենք կարողացել ենք մշակել և՛ տարհանման պլան, և՛ ճգնաժամին արձագանքելու պլան, որը, կարծում եմ, շատ կարևոր առաջընթաց է մեր կառավարման համակարգի համար»,- նշեց Գրիգորյանը։

Հարցին՝ արդյոք տնտեսական անվտանգության առումով մտահոգություններ չկա՞ն, Արմեն Գրիգորյանն ասել է, որ այս պահին խնդիր չունենք: «Մենք բոլոր տարբերակները քննարկել ենք, սննդի անվտանգությունից սկսած մինչև կարևոր ենթակառուցվածքների աշխատանքը։ Մենք բոլոր այլընտրանքային ճանապարհների լուծումներն արդեն գտել ենք։ Այն ապրանքները, որոնք եթե ճգնաժամ սկսվի, ինչպես ենք փոխարինելու, դրա ճանապարհային քարտեզն ունենք, ուստի կարող եմ ասել, որ մենք պատրաստ ենք բոլոր առումներով, իհարկե, եթե ֆորսմաժորային իրավիճակներ չլինեն»,- ընդգծեց նա:

Դեէսկալացիայի միտումները ի հայտ են եկել երեկվանից՝ նախագահ Թրամփի ելույթից հետո։ Նրա ելույթը սպասված էր՝ հնարավոր զարգացումների որոշակիացման տեսանկյունից։

«Այս գիշեր Իրաքում Այն ալ-Ասադի և Էրբիլի ռազմաբազաների, որտեղ տեղակայված են ամերիկյան և կոալիցիոն զինված ուժերը, և մի շարք այլ ռազմական օբյեկտների ուղղությամբ Իրանի հրթիռային հարվածների հետևանքով վնասները նվազագույն են: Ամերիկայի ժողովուրդը պետք է շնորհակալ ու երջանիկ լինի, ոչ մի ամերիկացի չի վնասվել երեկ գիշեր Իրանի ռեժիմի իրականացրած հարձակման հետևանքով: Մենք զոհեր չունենք, մեր բոլոր զինվորները անվտանգ են, և մեր ռազմակայանները նվազագույն վնաս են կրել»,- հայտարարել է նախագահ Թրամփը.

 «Քանի դեռ ես պետության ղեկավար եմ, Իրանը միջուկային զենք չի ունենա», — ասել է ԱՄՆ նախագահը՝ հայտարարելով հրթիռակոծության դիմաց Թեհրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին։

Իրաքում ամերիկյան ռազմակայանների հրթիռակոծությունը՝ առանց ամերիկյան կողմի համար մարդկային կորուստների կարծես թե ձեռնտու է և Իրանին, և Միացյալ Նահանգներին։ Թեհրանը կատարեց վրեժխնդիր լինելու իր հրապարակային խոստումը, Վաշինգտոնում հրթիռային հարձակումը լավ առիթ համարեցին նախագահ Թրամփի նոր՝ խաղաղ նախաձեռնությունների մասին հայտարարելու համար։

Իմիջի ամբողջական փոփոխության համար Դոնալդ Թրամփին պահանջվեց ընդամենը մի քանի օր։

Դեռ անցած հանգստյան օրերին նա սպառնում էր ավերիչ հարված հասցնել Իրանին՝ հընթացս ոչնչացնելով նաև Իսլամական Հանրապետության մշակութային օբյելտները։ Երեկ արդեն Սպիտակ տան ղեկավարը, որի ետևում ելույթի պահին կանգնած էին երկրի բարձրաստիճան այրերը, այդ թվում՝ Պենտագոնի ղեկավարը, հանդես եկավ ընդգծված հանգիստ ու  խաղաղասեր ելույթով՝ Թեհրանին հրթիռային հարձակումների դիմած խոստանալով միայն հերթական տնտեսական պատժամիջոցները։

ՄԱԿ–ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ Քելի Քրաֆթը նաև նամակ է հղել ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդին, որում նշել է․ Վաշինգտոնը պաստրաստ է Իրանի հետ լուրջ բանակցությունների՝ առանց նախապայմանների։ Նա հստակեցրել է․ Վաշինգտոնի նպատակն է կանխարգելել միջազգային անվտանգության համար «իրանական ռեժիմի» հետագա սպառնալիքը։ 

Թեհրանը մերժել  է Վաշինգտոնի համագործակցության առաջարկը՝ ամերիկյան կառավարության կողմից Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու որոշման պատճառով:

Միաժամանակ` այսօր երեկոյան ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը քվեարկությամբ կսահմանափակի Իրանին ռազմական հարվածներ հասցնելու հարցում նախագահ Դոնալդ Թրամփի հնարավորությունները: Հիմնավորումը հետևյալն է․ օրենսդիրներին  չի բավարարել բարձրաստիճան իրանցի գեներալ Քասեմ Սոլեյմանիին սպանելու  վերաբերյալ Սպիտակ տան ներկայացրած պարզաբանումը:

Փաստաթուղթն, ամենայն հավանականությամբ, կընդունվի, քանի որ Կոնգրեսի այդ պալատում դեմոկրատները մեծամասնություն ունեն:

Սենատում, որտեղ մեծամասնություն ունեն Թրամփի կուսակիցները, փաստաթղթի ճակատագիրը ևս կարելի է կանխատեսելի համարել։ 

Ցուցադրել ավելի
Back to top button