ԿարևորՀասարակություն

Գյումրիում բնակֆոնդի ավելացման կարիք կա

Շիրակի մարզում մեկնարկել է բնակարանների գնման վկայագրերի երկրորդ ծրագիրը: Բնակարանների գնման վկայագրերի երկրորդ ծրագրով կառավարությունը Շիրակի մարզի գյուղական 8 բնակավայրերի 90 ընտանիքի հատկացրեց ընդհանուր հաշվով 535 մլն դրամ, անօթևանի կարգավիճակից դուրս գալու համար: Սակայն անօթևանների խնդիրներով զբաղվող մասնագետներն ասում են, որ Շիրակի մարզում և հատկապես Գյումրիում բնակարան գնելը խնդիր է, բնակֆոնդի ավելացման կարիք կա:

Անօթևանության հարցը Շիրակի և Լոռու մարզերում գրեթե ամեն տարի անփոփոխ գլխավորում է առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների տասնյակը:

2019-ին կառավարությունը 3 մլրդ դրամ հատկացրեց աղետի գոտում 453 ընտանիքի՝ բնակարանային խնդիրը լուծելու համար: Դրանք գյուղական բնակավայրերի այն ընտանիքներն են, որոնք որպես շահառու ճանաչվել են տարիներ առաջ և նրանց նկատմամբ պետությունն իր պարտավորությունը չէր կատարել: Շիրակի 12 գյուղական բնակավայրերում հաշվառված էր 148 անօթևան: Բնակարանների գնման վկայագրերի առաջին ծրագրով 75 մլն դրամ հատկացվեց 4 գյուղական բնակավայրերի թվով 15 ընտանիքի, ընտանիքներից մեկը հրաժարվեց, մեկին գումար հատկացրին տան վերանորոգման համար, 10 ընտանիք ձեռք բերեց բնակարան, 3 ընտանիք չկարողացավ սահմանված ժամանակահատվածում բնակարան գնել և կորցրեց եղած հնարավորությունը:

«Գործող ծրագրի մեջ նրանք այլևս չեն կարող ընդգրկվել, այդպիսի դեպք էլի ենք ունեցել, նախորդ տարիների ընթացքում 70 ընտանիք Գյումրի քաղաքից է մարել բնակարանների գնման վկայագրերը, չեն կարողացել բնակարան  ձեռք բերել վկայագրերով և կորցրել են այս ծրագրի շրջանակում իրենց իրավասությունը: Նրանք մնում են իրենց համայնքի հերթացուցակում որպես անօթևան, բայց այս գործող ծրագրի շրջանակում պետական պարտավորությունը համարվում է ավարտված»,-ասում է Շիրակի մարզի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը:

Բնակարանների գնման վկայագրերի երկրորդ ծրագրով կառավարությունը Շիրակի մարզի գյուղական 8 բնակավայրերի 90 ընտանիքի հատկացրեց ընդհանուր հաշվով 535 մլն դրամ, անօթևանի կարգավիճակից դուրս գալու համար.

«Ծրագիրը մեկնարկել է, մարզպետի անունով մենք ընդունում ենք դիմումները, կազմվում են պայմանագրերը և առաջիկա մի քանի օրերին մենք կարող ենք արդեն վկայագրեր դրամադրել: Այս ծրագիրը տևելու է մինչև հոկտեմբերի 1-ը»:

Շիրակի մարզի գյուղական բնակավայրերում անօթևանության խնդիրն իսպառ լուծելու համար կառավարությունը այս տարի 50 ընտանիքի համար բնակարանաշինական ծրագիր կիրականացնի:  Իսկ բնակարանների գնման վկայագրին դիմած 90 ընտանիքից յուրաքանչյուրին միջին հաշվով կհատկացվի 5-6 մլն դրամ, ինչը բավարար է գյուղական բնակավայրերում միջին հարմարություններով տուն գնելու համար, իսկ թե կբավարարի բնակֆոնդը թե ոչ՝ հարցի մյուս կողմն է, աշնանը պարզ կլինի:

Բնակֆոնդի խնդիր կա հատկապես Գյումրիում` ասում են բարեգործական այն կազմակերպությունները, որոնք բարերարների շնորհիվ Գյումրեցի տնակաբնակներին բնակարաններ են նվիրում: Հայաստան Համահայկական հիմնադրամի բարերարների, ԱՌԴԱ բարեգործական հիմնադրամի, Գյումրին առանց տնակների հիմնադրամի, «Շիրակ» կենտրոնի, ինչպես և անհատ բարերարների շնորհիվ այս տարի նույնպես մի քանի տասնյակ Գյումրեցի ընտանիքներ ապահով տանիք ունեցան:

Անօթևանների խնդրով զբաղվող «Շիրակ» կենտրոնի ղեկավար Վահան Թումասյանն անցած տարի բարերարների ներգրավելով 17 անօթևանի է տնակից տուն ուղեկցել: Եւս 2 ընտանիք էլ հունվարին նոր բնակարան կունենա, բարերարը կա, գումարը կա, բայց արի ու տես, որ բնակարան ձեռք բերելն իրոք խնդիր է դառնում Գյումրիում, ասում է Վահան Թումասյանը:

«ԲԳՎ-ների միջոցով գրեթե անհնարին է, թե կա ազատ բնակարան, թող 2 հատ մեզ առաջարկեն նորմալ պայմաններով, չկա: 3 սենյականոց  է պետք 2 հատ, եթե լինի այս շաբաթ բնակարանամուտ կանենք, չենք կարող գտնել, այսինքն՝ բնակեցման համար պիտանի բնակարան չկա, բնակֆոնդ չունենք պարզապես»:

Գյումրիում դեռ 2800 տնակ կա, որոնցից շուրջ 300 –ը փակ դռներ են:  Փաստացի բնակվում են 2500 –ը, որից  750 ընտանիք երկրաշարժի հետևանքով է անօթևան մնացել և տարբեր պատճատներով բնակարան ստանալու հերթացուցակից դուրս են մնացել:

«Առաջիկայում տեղի է ունենալու կառավարության համապատասխան որոշում, թե որ խմբին ինչ կարգով է փոխհատուցվելու, կամ ՝ որ խմբի ժամանակավոր կացարաններն ինչ կարգով են հանվելու, քաղաքի տարածքից: Մի մասին գուցե բնակարանային փոխհատուցում կլինի,  մի մասի համար գուցե սոցիալական բնակարան կկառուցվի, մի մասին գուցե ոչինչ չի փոխհատուցվի, պարզապես կհանվի»»,-ասում է Շիրակի մարզի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը:

Կառավարության որոշումն ինչպիսին էլ լինի, Գյումրիում բնակֆոնդի խնդիր կա, ասում են անօթևանների խնդիրներով զբաղվող կազմակերպություններն ու նաև ելքեր առաջարկում, օրինակ՝ քաղաքի հյուսիսարևմտյան հատվածում երկրաշարժից հետո կիսով չափ կառուցված շենքեր կան, կարելի է կառուցել, թեկուզ սոցիալական հիմքով անօթևանների խնդիրը մեղմել: 

Ցուցադրել ավելի
Back to top button