

Թբիլիսիում, որտեղ ծնվել է աշխարհահռչակ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը, ծննդյան 96-ամյակի կապակցությամբ միջոցառումներ են անցկացվում։
Փարաջանովին հիշում են նրա աշակերտները, ընկերներն ու հարևանները։ Փարաջանովի թբիլիսյան տունը թեև նրա մահվանից հետո վաճառվել է, սակայն այսօր էլ նրա արվեստի հարյուրավոր երկրպագուների է ընդունում աշխարհի տարբեր երկրներից։
Կոտե Մեսխի 10 հասցեն, որ գտնվում է Թբիլիսիի հին թաղամասերից մեկում՝ Մթածմինդայում, տեսարժան վայր է դառնում քաղաք այցելող զբոսաշրջիկների համար։ Արդեն 30 տարի այս տանը նրա մասին պատմող որևէ իր չկա, միայն հարևաններն են հետաքրքիր պատմություններ պատմում՝ ցույց տալով Փարաջանովի նվերներն ու նրա հետ արված լուսանկարները: Ու ամեն տարի Փարաջանովի թբիլիսյան հայտնի այս տան բակում փորձում են փոքրիկ բեմադրություն կազմակերպել այս օրը, այնպես, ինչպես Փարաջանովն էր անում՝ ոտքի հանելով ողջ թաղամասի բնակիչներին։ Հարևան Զուրաբը հիշում է.
«Մի օր նա վաղ առավոտյան ինձ կանչեց՝ Զուրաբ, մոռացել ե՞ս, այսօր քո ծննդյան օրն է, ինձ նվերներ տվեց, այդ թվում նաև Կիևից բերած դաշնամուրը, որի վրա նվագել է Սոֆիկո Ճիաուրելին»։
Այդ օրը Փարաջանովին հյուր էր եկել Վիսոցկին, Զուրաբի պատվին նա երգում է, իսկ ցիգանները՝ պարում։ Ասում է՝ բախտ է ունեցել տեսնել նաև իտալացի կինոդերասան Մարչելո Մաստրոյանիին։ Ի դեպ, թբիլիսցիների շրջանում մի լեգենդ կա, թե Մաստրոյանին, երբ այցելել է թբիլիսցի իր ամենամեծ երկրպագուհուն, վերջինս զարմանքից քարացել է․ իրականում, թե ինչպես է եղել, հիշում է հարևան Զուրաբը․
«Գիշերը ժամը երկուսին այս փողոցով Մաստոյանին բարձրանում էր Փարաջանովի մոտ, բայց տունը շփոթում է ու թակում հարևանուհու պատուհանը։ Պարզվում է՝ հարևանուհին Մաստորյանիի ամենամեծ երկրպագուհին է, որ երազել է տեսնել նրան։ Տեսնելով Մաստրոյանիին՝ նա քիչ է մնում ուշագնաց լինի»։
Թբիլիսահայ լուսանկարիչ Յուրի Մեչիտովը, ով Փարաջանովին համարում է լուսանկարչության իր առաջին ուսուցիչը, հիշում է․ «առաջին անգամ, երբ արեցի Փարաջանովի դիմանկարը, նա այնքան հավանեց՝ անվանելով Ջոկոնդո»:
Դրանից հետո Մեչիտովը նկարում էր Փարաջանովին ամենուր և այսօր այդ եզակի լուսանկարներն ի մի է բերել «Սերգեյ Փարաջանովը Յուրի Մեչիտովի հիշողություններում» գրքում:
«Սերգեյի հետ ծանոթությունը ինձ փաստորեն դարձրեց ռեժիսոր. ես ոչ միայն լուսանկարում էի, այլ կազմակերպում այդ լուսանակարը, որովհետև ես տեսնում էի, թե մարդն ինչպես է ոչնչից ինչ-որ նոր բան ստեղծում», -խոստովանում է այսօր արդեն Թբիլիսիում ամենահեղինակավոր համարվող լուսանկարիչներից մեկը:
Նրա հետ ամեն մի հանդիպում վերածվում էր ներկայացման, հիշում է Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը, ով հաճախ էր հյուրընկալվում Փարաջանովի տանը:
Ամեն անգամ, երբ հայկական թերթերն անդրադառնում էին Փարաջանովին, նա անմիջապես զանգահարում էր Բայանդուրյանին և խնդրում, որ գա, կարդա ու թարգմանի ռուսերեն: «Դու արտիստիկ ես կարդում»,- վերջում այսպես էր բացատրում Փարաջանովը Բայանդուրյանին, թե ինչու էր հենց նրան վստահում այդ գործը:


«Մի անգամ ես ու Գիվի Շահնազարը գնացինք նրա տուն՝ համոզելու, որ հայկական թատրոնում բեմադրություն անի, համաձայնեց, սակայն չհասցրեց: Ես պատկերացնում եմ, թե ինչպիսի բեմադրություն կարող էր դա լիներ. նրա ֆիլմի ամեն մի կտորն արդեն բեմադրություն է»:
Փարաջանովը համաշխարհային ճանաչման արժանացավ հատկապես «Մոռացված նախնիների ստվերները» (1964թ.) կինոնկարով, որը դասվել է աշխարհի լավագույն ֆիլմերի շարքը՝ արժանանալով 28 տարբեր պարգևների: Նրա գլուխգործոցը, սակայն, կարելի է համարել «Նռան գույնը» (1968), որը պատմում է թիֆլիսահայ աշուղ Սայաթ-Նովայի կյանքի մասին:
Փարաջանովը բազմաթիվ մտահաղացումներ ուներ, որոնք, սակայն, չհասցրեց ավարտել: Գամված էր անկողնում, երբ որոշվեց, որ տեղափոխվի Հայաստան: Սուսաննա Խաչատրյանը, ով Փարաջանովի հետ բազմաթիվ հարցազրույցներ է արել Վրաստանի հանրային հեռուստատեսության համար, հիշում է Թբիլիսիից վերջին հրաժեշտը.
«Ես վերջին ուղեկցողներից մեկն էի: Երկաթգծի կայարանում մի կողմից Զավեն Խաչատրյանն էր թևանցուկ արել նրան, մյուս կողմից նրա քուրդ հարևանը, ով նկարահանվել է ֆիլմերից մեկում: Ես արդեն հասկանում էի, որ այլևս Սերգեյին չենք տեսնի: Տեսնում էի նրա դեմքի անտարբերությունը, որովհետև ծանր էր և ուղեկցողների մեծ հոգատարությունը, որովհետև իսկապես մեծ էր նա»:
Սերգեյ Փարաջանովի անունը շարունակվում է ընդգրկվել բոլոր ժամանակների 100 լավագույն ռեժիսորների շարքում: