ԿարևորՏնտեսական

Ոչխարաբուծությունը՝ եկամտաբեր բիզնես. Լանջաղբյուրում բուծում են նոր ցեղատեսակի ոչխարներ

ՌԴ-ում գործարարությամբ զբաղվող  լանջաղբյուրցի Սերգո Բազեյանը հեղափոխությունից հետո վերադարձավ Հայաստան՝ այստեղ ներդրումներ կատարելու նպատակով: Որոշվեց ներդրումային ծրագիրն իրականացնել Գեղարքունիքի մարզի Լանջաղբյուր գյուղում: Լանջաղբյուրում այժմ ընթանում է ոչխարաբուծական խոշոր ծրագիր: «Ռոմանովսկի» ցեղատեսակի ոչխարները ներկրվել են ՌԴ-ից, որոնք ունեն բարձր գառնատվություն. մեկ մաքիից ծնվում են շուրջ 5 գառ:

Հուլիս ամսին Լանջաղբյուր գյուղում մեկնարկել է ոչխարաբուծական ծրագիր: ՌԴ-ից ներկրվել են «Ռոմանովսկի» ցեղատեսակի  230 գլուխ ոչխարներ, որոնցից 13-ը խոյեր են, մնացածը՝ մաքիներ:

Ինչպես տեղեկացրեց Լանջաղբյուր գյուղի բնակիչ, ոչխարաբուծական նորաստեղծ տնտեսության ղեկավար, անհատ ձեռներեց Արսեն Մարգարյանը, ծրագիրն իրականացվում է ռուսաստանաբնակ գործարարներ Սերգո Բազեյանի, Վազգեն Նավոյանի եւ իր համատեղ գործակցությամբ: Արսենի հավաստմամբ՝ կենդանիները տեղի կլիմայական պայմաններին լավ հարմարվել են, իրենք էլ նպատակ ունեն ֆերման ընդլայնելու:

«Միսը շատ համեղ է և ընդհանարապես վատ հոտ չունի: Այս ցեղատեսակի կենդանիները, ի տարբերություն տեղականի, դմակի փոխարեն ունեն փոքրիկ պոչեր, դրա համար էլ մսից ոչխարի ծանր հոտ չի գալիս: Մինչև 2 ամսական գառի ընդհանուր քաշը 20 կգ է, իսկ միայն միսը 20կգ դառնում է 6 ամսականում: Այս ցեղատեսակը հղիանում է 6 ամսականում և մինչև 1 տարեկանում ծնում շատ գառներ»,-  նշեց Արսեն Մարգարյանը:

«Ռոմանովսկի» ցեղատեսակի ոչխարներն ունեն բարձր գառնատվություն: Դեկտեմբեր ամսից սկսած ֆերմայում ծնվել են արդեն 72 գառնուկ: Մեկ մաքիից ծնվում է մինչև 5 գառ: Գառնուկներին  կերակրում են նաև գնված կաթով, քանի որ հաճախ մեկ մայր ոչխարի կաթը 4-5 փոքրիկներին չի բավականացնում: Սկզբից ֆերմերների համար դժվար էր նորածին գառներին խնամելը: Հիմա արդեն փորձ են ձեռք բերել: Համագործակցում են մարզի մեկ այլ՝ Հայրավանքում գործող ֆերմերային տնտեսության հետ, հրավիրում տարբեր անասնաբույժերի:

«Միշտ կապի մեջ ենք: Համագործակցում ենք, միմյանց խորհուրդ տալիս: Այս ֆերմայում էլ սկզբից անկման դեպքեր եղան, իսկ հիմա ամեն ինչ նորմալ է ընթանում»,- ասաց Արսենը:

Ոչխարաբուծական ֆերմայի ընդլայնումը նպատակ ունի զարգացնելու անասնապահության այս ճյուղը ամբողջ մարզում և ապահովելու ոչխարի ու ոչխարի մսի արտահանման մեծ ներուժ: Արսեն Մարգարյանի տեղեկացմամբ, ծրագրում են ֆերմային կից տարածքում ունենալ իրենց սպանդանոցը, որտեղ կարող են սպանդի համար ընդունել անասուններ նաեւ շրջակա համայնքների տնտեսություններից: Ստեղծելու են  բրդի մթերման ու վերամշակման արտադրամաս, որտեղ մթերելու են մարզի տնտեսություններում արտադրված բուրդը: Իսկ հետագայում նախատեսում են  արտադրական տարածքում ունենալ նաեւ կարի արտադրամաս, որտեղ էլ կարող են ընդունել կարի համապատասխան պատվերներ:

««Ռոմանովսկի» ցեղատեսակի ոչխարի մեկ մազարմատից աճում է 9 ճյուղ մազ: 3 անգամ բուրդ են տալիս և միսն էլ համարվում է դելեկատես»,- տեղեկացրեց Արսեն Մարգարյանը:

Լանջաղբյուրի ոչխարաբուծական ֆերման առաջիկայում կհամալրվի ևս 20 գլուխ ոչխարով: «Գիսարսկի» տեսակի ոչխարները կներկրվեն դարձյալ արտերկրից՝ կառավարության սուբսիդավորմամբ: Այս ցեղատեսակն էլ ունի բարձր մսատվություն.  խոյերը կշռում են շուրջ 180 կգ, իսկ մաքիները՝ շուրջ 130:  «Աշխատելու ցանկություն ունեցողն այն իրագործելու միջոցներ է փնտրում, ցանկություն չունեցողը՝ աշխատանքից խուսափելու պատճառներ»,- Լանջաղբյուրցի ֆերմերները առաջնորդվում են հենց այս հայտնի ասույթի գաղափարախոսությամբ:

Back to top button