ԿարևորՄշակույթ

Ռեստորաններ, սրճարաններ, բժշկական հաստատություններ բացվում են, բայց թատրոն՝ ոչ

Թատրոնների տնօրենների խորհուրդին  մտահոգում  է ոլորտի զարգացմանը խոչընդոտող խնդիրները։ Դրանք հիմնականում վերաբերում են օրենսդրական փոփոխություններին։ Գործող օրենսդրությունը թույլ չի տալիս մասնավոր հատվածին ֆինանսական ներդրումներ անել, իսկ պետական միջոցները սուղ են ոլորտն ակտիվացնելու համար։

Թատրոնի բնականոն զարգացման համար անհրաժեշտ են փոփոխություններ, թեկուզ նոր թատրոնների բացման  տեսքով։ Թատրոնների տնօրենների խորհրդի նախագահ,  Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանի կարծիքով՝ պետք է ստեղծել նպաստավոր պայմաններ թատերական աշխարհի  բնականոն զարգացման համար՝ հիմնելով  նոր թատերախմբեր, թատրոններ։ Այսինքն՝  հները, որոնք արդեն «մաշվել» են, տեղը զիջեն  նորերին, այնպես, ինչպես մարդու  կյանքն է ընթանում: Բաբայանի համոզմամբ` այս գործընթացին խոչընդոտում է  ոլորտը կարգավորող օրենքի  բացակայությունը․

«Մենք չունենք հովանավորչության մասին օրենք, մեր ամբողջ   հույսը պետության վրա է։ Չկա նոր  թատրոններ բացելու հնարավորություն, իսկ  երբ  պետությունը բացում է ինչ-որ թատրոն, այլևս չի կարող փակել այն: Սա հոսող ջրի պես է, եթե դու փակում ես, ստեղծում ես ճահիճ և սկսվում  է ճահճացան պրոցեսը: Ցավոք սրտի, մեր օրենսդրական դաշտն այսօրվա դրությամբ   հակամշակութային է»:

Ավելի մանրամասն ներկայացնելով խնդիրը` Բաբայանն օրինակ բերեց այլ ոլորտներում տեղի ունեցող  գործընթացները:

«Հայաստանում բացվում են խանութներ, փակվում են, բացվում են ռեստորաններ, սրճարաններ, բժշկական հիվանդանոցներ, կրթական օջախներ, սա նշանակում է, որ մեր օրենսդրական դաշտը տալիս է այդ հնարավորությունը, իսկ թատրոն չի բացվում։ Սա նշանակում է, որ ինչ-որ բան սխալ է: Մենք պետք է որոշակի փոփոխություններ կատարենք օրենսդրական դաշտում»:

Թատրոնների տնօրենների խորհրդի նախագահի պարզաբանմամբ՝ օրենադրական փոփոխությունները թույլ կտան մասնավոր հատվածի մասնակցություն և ֆինանսական աջակցություն՝ որոշակի արտոնությունների դիմաց․

«Սա պետք է դառնա մեր կենցաղի մասը, երբ մեծահարուստները ոչ թե Դուբայում գլուխ կգովեն, թե ով ինչքան գումար է ծախսել, այլ թե ով ինչքան մշակութային օջախ է ֆինանսավորել: Ինչպե՞ս  է պետք անել: Պարտադրե՞լ, իհարկե՝ ոչ: Ստեղծել համապատասխան օրենսդրական դաշտ՝  հնարավորություն  ընձեռելով  մշակութային օջախի համար այդ կապիտալը ներգրավելու՝ մենեջմենթի, մարքեթինգի օգնությամբ կամ ով ինչ կերպ կկարողանա: Սա պարտադիր է: Եթե մենք ուզում են ոլորտը զարգանա, ոլորտը պետք է ֆինանսավորվի»:

Հարցը տարբեր ժամանակներում ներկայացվել է պատասխանատու օղակներին, սակայն սայլը տեղից չի շարժվել, քանի որ ֆինանսների նախարարությունը միշտ մերժել է ․

«Թատրոնների տնօրենների խորհուրդը, որը առաջիկայում այդ հարցը կբարձրացնի ԱԺ-ում, առավել ևս որ ԱԺ-ի համապատասխան հանձնաժողովի նախագահը՝ Մխիթար Հայրապետյանը, լավ է տրամադրված և պատրաստ է իր հնարավորությունների սահմաններում աջակցել: Երևի մենք կունենան շատ ավելի հիմնավոր հանդիպում այս թեմայով առաջիկայում: Երկիրը չի կարող միայն պետական ֆինանսավորմամբ զարգացնել մշակույթը»:

Մեխանիզմները շատ տարբեր են։ Թատրոնների խորհուրդը դա էլ է մտածել՝  կարելի է վերցնել միջազգային փորձը և հարմարեցնել  մեր երկրին, կարելի է ստեղծել սեփական մեխանիզմները։ Խորհուրդը համոզված է, որ սա միայն ֆինանսական խնդիր չէ, այլև հասարակությանը թատերական կյանքին ներգրավելու և արվեստի հանդեպ պատասխանատվություն սերմանելու հարց, ինչպես զարգացած երկրներում է:

Բոլոր դեպքերում, Տիկնիկային թատրոնում բուռն թատերական կյանքը շարունակվում է նաեւ երիտասարդ դերասանների մասնակցությամբ։  Նախատոնական և հետտոնական օրերին  թատրոնը հրամցնում է  Ամանորյա երեք` երաժշտական, հումորային և ինտերակտիվ ներկայացում:  

Մանկական տոնական ներկայացումները շարունակվելու են նաև  հունվար ամսվա ընթացքում։  Բեմադրությունները բոլորի համար են ՝ երկուսից մինչև այն տարիքը, երբ մարդն իրեն երեխա է համարում:

Ցուցադրել ավելի
Back to top button