

Նա կյանքից հեռացավ իր գրչի ամենաբեղուն շրջանում: Գրականագետ Դավիթ Գասպարյանի բնորոշմամբ՝ Լևոն Խեչոյանն անմրցելի էր ոչ միայն գրականության մեջ, այլև մարտի դաշտում: Նա երբեք կողքից դիտողի կերպարում չգտնվեց, գրիչը մի կողմ դրեց ու մեկնեց ռազմաճակատ, երբ հայրենիքն ուներ դրա կարիքը:
Խեչոյանը ոչ միայն հայ ժամանակակից գրականության մեծագույն դեմքերից էր , այլև չափազանց ազնիվ, սկզբունքային մտավորական: Նա կյանքից հեռացավ 2014-ի հունվարյան այս օրը՝ երկարատև ծանր հիվանդությունից հետո:
«Լևոնը մի գիրք ունի՝ «Խնկի ծառեր», նաև պատմվածք՝ «Հողի դողը»։ Նա այն մարդն էր, որն իր խնկի ծառերը գիտեր, իր երկրի հողի դողը գիտեր և դրանց անունից էլ մեզ հետ խոսում էր։ Ուժ կար մեջը, քանդակագործի թափ կար, նրա գրական ձեռքն այդպիսին էր: Մարդու մեջ խորանալ գիտեր, ժամանակի ծանրությունն իր վրա վերցնող հեղինակ էր: Գրականության մեջ զինվորի նման էր: Բառի գինը գիտեր, լռակյաց էր, քիչ էր խոսում, գիտեր, որ արտասանված բառը արժեք է»,- կինոգետ Դավիթ Մուրադյանն է պատմում։
«Ամեն ժամանակ իր ծանրությունը ունի, որը գալիս, նստում է այդ ժամանակի մեջ ապրող մարդկանց ուսերին, և կա մեկը, որը պիտի արձանագրի այդ ծանրությունը գեղարվեստորեն և հուշ թողնի հաջորդ սերունդներին։ Ինքը դա իր վրա վերցրեց»։


«Նա տղաներին հաճախ հավաքում էր, դաստիարակչական բաներ պատմում՝ հեքիաթներից սկսած, քարոզում էր, որ միասնական լինեն, նման ճակատագրական պահերին իրար դեմ դուրս չգան: Լևոնին ոչ որպես ազատամարտիկ, այլ գրողի ես փայփայել եմ, ցանկացել եմ, որ կենդանի մնա, որպեսզի իր կիսատ թողած գործը շարունակի: Նա եզակի մարդ էր, անհատականություն, լինելով մեծ արձակագիր, եկել էր մարտի դաշտում իր պարտքը հայրենիքի առաջ կատարելու»,- պատմում է «Սասուն» ջոկատի հրամանատար, Սասուն Միքայելյանը, ում ջոկատում էլ կռվել է Լևոն Խեչոյանը։
«Նա գնաց ավելի քան չասված, չլսված իր մտքերը, գաղափարները, իր մաքրությունն ամբողջությամբ չտված, նաև իր անաղարտությամբ մարդկանց ամբողջովին չվարակած»,- ասում է արվեստագետ, ազատամարտիկ Գագիկ Գինոսյանը։
Չարենցի «Ռեքվիեմում» կան տողեր, որոնք նվիրված են հանճարեղ Կոմիտասին. «Ինչ ենք թաղում քեզ հետ՝ մարդու աճյուն մի քիչ, թե ողջ տիեզերք»: Համեմատության նշան չեմ դնում, բայց յուրաքանչյուրն իր ժամանակի մեջ Կոմիտասի այբուբենով է սնում իր ժողովրդին, երբ արդար արարման մեջ է>»,- ասում է դերասան Ռուբեն Կարապետյանը՝ համոզված, որ Լևոն խեչոյանի արարման ակունքը հենց ինքը՝ արդարությունն էր: