ԿարևորՏնտեսական

Հայկական ժամագործությունը լավ հեռանկարներ կարող է ունենալ

Հայկական ժամագործությունը լավ հեռանկարներ կարող է ունենալ, եթե այս ոլորտում համատեղվեն անհատների ջանքերը եւ դրանց որոշակի աջակցություն ցուցաբերվի պետության կողմից՝ ստեղծելով անհրաժեշտ մթնոլորտ։ 

Այս կարծիքին է «Կազանչյան» ժամագործական ընկերության հիմնադիր,  Ժամագործների ֆեդերացիայի նախագահ, սիրիահայ գործարար Րաֆֆի Կազանչյանը։ Նա խոսել է Հայաստանում ժամագործության ավանդույթների, հեռանկարների ու զարգացումների մասին։

 «Կազանչյան» ժամագործական ընկերությունը հիմնադրվել է 1960-ականներին։ Շարունակելով հոր գործը՝ սիրիահայ Րաֆֆի Կազանչյանը մոտ 10 տարի առաջ ընկերությունը տեղափոխել է Հայաստան։ Մերձավոր Արեւելքում նախկին ծավալները չկան՝ հասկանալի պատճառներով, բայց դրանք կարող են վերականգնվել ուրիշ երկրների պահանջարկը բավարարելու հաշվին՝ ասում է։ Րաֆֆի Կազանչյանը վստահ է ու մրցակցությունից էլ վախենալու հարկ չի տեսնում:

Ժամագործները չեն կիսում այն մոտեցումը, թե ժամագործությունը մեռնող մասնագիտություն է։ Ժամագործ Հայկ Գրիգորյանն, օրինակ,  ասում է, որ միշտ էլ իր մասնագիտությունը համարել է փիլիսոփայություն:

Վերանորոգող-ժամագործների պահանջարկ կա նաեւ մեր համաքաղաքացիների շրջանում։

Եթե կա վերանորոգող-ժամագործի պահանջարկ, ուրեմն՝ կա նաեւ ժամացույցի ու այն արտադրողի պահանջարկը։ Հայաստանում այս առումով լավ հեռանկարներ է տեսնում Րաֆֆի Կազանչյանը։

Սիրիահայ մեր հայրենակիցն ինքն է հիշեցնում, որ խորհրդային տարիներին Հայաստանում գործել է ժամացույցի գործարան, որը բավականին հաջողություններ ունեցել է՝ ժամացույցներ մատակարարելով շատ ու շատ երկրների։ Հաշվի առնելով նաեւ այդ ավանդույթները, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ այսօր էլ հայ հաջողված գործարարներ ունենք այս ոլորտում՝ Րաֆֆի Կազանչյանը համոզված է, որ Հայաստանում ժամագործությունը զարգացնելու մեծ ներուժ կա նաեւ այսօր.

«Այսօր Շվեյցարիայում ժամացույցների արտադրության ոլորտում մի քանի նշանավոր ընկերություններ կան, որոնց սեփականատերերը հայեր են: Սփյուռքահայության մեջ ընտանիքներ կան, որոնք ժամագործության բիզնես են անում մի քանի տասնամյակներով ու սերունդներով, նույնը՝ Հայաստանում: Մենք եթե այս ամենը իրար հետ համատեղենք շատ ավելի մեծ արդյունքներ կունենանք, նաեւ՝ ազդեցություն կունենանք շվեյցարական ժամագործության ասպարեզի մեջ»,-ասում է Կազանչյանը:

Վերջին 10 տարիներին Հայաստանում ժամագործության ոլորտը բավական մեծ զարգացում է ապրել, բայց Րաֆֆի Կազանչյանը շեշտում է, որ դա բավարար չի համարում, քանի որ նախկինում եղած մեծ ժամացույցի գործարանը չի աշխատում, կան խանութներ՝ տարբեր անուններով, բայց դա մեծ հաջողություն համարել չի կարելի, քանի որ կան առավել մեծ ու չօգտագործվող հնարավորություններ։

Հենց դրա համար էլ հիմնադրվել է նաեւ Հայաստանում ժամագործների ֆեդերացիան, որի նախագահն է։ «Կազանչյան» ընկերության հիմնադիրը հայկական ժամագործության ապագայի համար կարևոր է համարում Հայաստանում ժամագործական դպրոցի բացումը:

«Մենք կարող ենք Շվեյցարիայի հետ կապերը շատ ավելի ուժեղացնել, մասնագետներ հրավիրել Հայաստան, որ ժամագործություն սովորեցնեն. դպրոց բացվի։ Ես անցած տարի էլ մեկ անգամ էս թեմայի շուրջ խոսել եմ, բայց որեւէ մեկի կողմից որեւէ ձեւով արձագանք չի եղել»,– ասում է Րաֆֆի Կազանչյանը։

Րաֆֆի Կազանչյանը տեսնում է հայկական ժամացույցների մրցունակությունը, զարգանալու առում էլ ծրագրեր կան, օրինակ՝ ասաց, որ Հայաստանում ժամացույցների դետալների արտադրություն հիմնելու եւ Շվեյցարիա ուղարկելու հեռանկար կա, սակայն, ասում է, որ որոշակի աջակցություն է պետք, ինչը, սակայն, այս պահին դեռ չի հստակեցվում։ Օրինակ՝ հարկային դաշտում արդյո՞ք պետք է հարկել ժամագործական դետալները, թե՞ ոչ։ Կարծում է, որ հայկական ժամագործության ապագայի առումով դերակատարություն պետք է ունենան ինչպես անհատները, այնպես էլ պետությունը։ 

Ցուցադրել ավելի
Back to top button