ԿարևորՀասարակություն

Հայրենադարձության խթանման նոր նախաձեռնություն է շրջանառվել

Հայաստան վերադարձողները կարող են ներկրել իրենց անձնական իրերը առանց որևէ մաքսատուրքերի և հարկերի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Սիսակ Գաբրիելյանը:  

«Զրոյական հարկեր անձնական իրերի և մեքենայի համար. ինչպես ասում են, ընտանիքով հավաքվում, տուն-տեղ վերցնում և վերադառնում ենք մեր սիրելի հայրենիք… Շուրջ կես տարվա թիմային աշխատանքի արդյունքում հայրենադարձությունը խթանող նախագիծն արդեն շրջանառության մեջ է:

Արտերկիր արտագաղթած սիրելի՛ հայրենակիցներ, անկախ նրանից՝ դուք ՀՀ քաղաքացի եք թե ոչ, ՀՀ-ում ունեք հաշվառում թե ոչ, եթե ՓԱՍՏԱՑԻ 3 ՏԱՐԻ (ճշտվելու է համապատասխան ծրագրի միջոցով) չեք ապրել Հայաստանում և ցանկանում եք մշտական բնակություն հաստատել հայրենիքում, ապա առանց որևէ մաքսատուրքերի և հարկերիի կարող եք ներկրել ձեր անձնական իրերը՝ տեխնիկա, կահույք, հագուստ… և այլն, ինչպես նաև մինչև վերադարձնն առնվազն 6 ամիս ձեզ պատկանող մեկ ավտոմեքենա:

Արտոնություններն այսքանով չեն սահմանափակվում: Ծավալուն այս նախագիծն առաջիկա օրերին կներկայացնեմ լայվերի, հարցազրույցների, ասուլիսների և տեսահոլովակների միջոցով: Ինչպես նաև կաշխատենք համապատասխան մարմինների հետ և կպատրաստենք մատչելի ուղեցույց՝ գործընթացն էլ ավելի մատչելի և պարզ դարձնելու համար։

Շնորհակալ կլինեմ ԶԼՄ ներկայացուցիչներին աջակցության համար»,-գրել է Գաբրիելյանը:

Նախագծի մշակմանն օժանդակելու համար պատգամավորը շնորհակալություն է հայտնել ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին, ՀՀ մաքսային ծառայության պրոֆեսիալ անձնակազմին, ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանին, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին և ՀՀ արդարադատւթյան ներկայիս նախարար Ռուստամ Բադասյանին։

Ցուցադրել ավելի
Back to top button