ԿարևորՀասարակություն

Ինչ ապրանքներ են թանկանալու 2020–ին

2019- ի տարեվերջին կանխատեսվող թանկացումներն այս պահի դրությամբ դեռ իրականություն չեն դարձել։ Կանխատեսումների երկու ուղղություն կա։ Մեկ ապրանքատեսակի թանկացում՝ հենց հունվարից կանխատեսել են ՏՄՊՊՀ–ում, մյուսը՝ ավելի ծավալուն թանկացումները կապված են ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանի պարտավորությունների եւ ավարտված արտոնությունների հետ։ 

Այսօր փորձենք ավելի առարկայական հասկանալ, թե ԵԱՏՄ շրջանակում 5 տարի ունեցած արտոնությունների վերացման հետեւանքով ինչ տիպի ապրանքների թանկացումների մասին է խոսքը։

Ամենամեծ՝ մինչեւ 25%–ի թանկացում կանխատեսվում է հավի սառեցված մսի համար, մինչեւ 15%–ի թանկացումը կտարածվի տավարի սառեցված մսի, կարագի եւ ձեթի վրա, հատիկեղենի՝ լոբու, բրնձի, գարու, ցորենի, եգիպտացորենի թանկացումը կլինի 5–6%–ի սահմաններում։  Դադարեցվում են որոշ ապրանքների ներկրման համար Հայաստանին տրամադրված արտոնյալ ժամկետները, եւ ուժի մեջ են մտնում ԵԱՏՄ–ում սահմանված նոր մաքսատուրքերը։ Այս տարվա հունվարից նոր մաքսատուրք է գործելու մի քանի հարյուր ապրանքի համար։ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը  հաշվարկել է սպասվող թանկացումների իրական շեմը։

«Շատ արտոնություններ 1–2 տարի առաջ վերջացել են, բայց մոտավորապես 700 ապրանքի գներ աճելու են։ Ասեմ, որ դրանց զգալի մասով հաղթահարված է, ըստ էության, թանկացումների հիմնական բեռը, բայց որոշ ապրանքների գծով, իհարկե, մենք կունենանք թանկացումներ, կարծում եմ, 5–7% է լինելու թանկացման միջին մակարդակը։ Այսինքն՝ բնական է, որոշ թանկացումներ լինելու են, բայց հիմնական բեռը, որոնք ամենօրյա սպառման չեն, հիմնականում հաղթահարված են, որովհետեւ դրանց մի մասն արդեն 2 տարի, 1 տարի առաջ արդեն թանկացել է»։

Թանկացող ոչ պարենային ապրանքները ցանկում ավելի շատ են, քան՝ պարենայինները։ 5–15%–ի սահմաններում է տատանվելու, ասենք, նավթամթերքի, դեղորայքի, բամբակի, կաշվի, հիգիենիկ պարագաների, պարարտանյութերի, հեղուկ եւ բնական գազի, թանկարժեք քարերի եւ բազմաթիվ այլ ապրանքների թանկացումները։ 900 ապրանքատեսակների 293-ը տրանսպորտային միջոցներն են։ 

2002- ին, երբ Հայաստանը միացավ Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը, մեզ մոտ հիմնականում եղել է երկու մաքսադրույք՝ 0 եւ 10։ ԵԱՏՄ–ին անդամակցելու պահին մաքսատուրքերը այլ երկրներում անհամեմատ ավելի բարձր էին, եւ դա էր պատճառը, որ Հայաստանին տրվեց արտոնությունների 5 տարվա ժամկետ։ Սպասվող թանկացումներից խուճապի մատնվել պետք չէ, պնդում է Միքայել Մելքումյանը։ Հիմնավորում է, որ ունեցած արտոնությունների պատճառով Հայաստանը ԵԱՏՄ–ում իրականում նաեւ կորուստներ է ունեցել։

«Տվեք մեզ արտոնյալ ժամկետ, որ կոնկրետ  ապրանքատեսակների մասով տեղական արտադրություն կազմակերպենք։ Գաղափարը  սա է եղել։ Բայց մենք 2015թ․ հունվարի 2–ից նաև տուժել ենք։ Մաքսատուրքերը գնում էին ընդհանուր կաթսա, եւ յուրաքանչյուր  անդամ պետություն ուներ որոշակի տոկոս այդ մաքսատուրքից։ Օրինակ՝ մերը եղել է 1.11%, Բելառուսինը՝ շուրջ 8%, Ռուսաստանինը՝ 82%։ 2014թ․ դրությամբ, եթե չեմ սխալվում, եղել է 105 միլիոն դոլար կամ 43 միլիարդ դրամ, բայց այդ արտոնությունների պատճառով մեզ ավելի  քիչ են տվել։ Հիմա, երբ արտոնությունների ժամկետը  ավարտվում է,  մեր տոկոսը 1.11–ից բարձրացել է 1.22–ի ։ Այդ 0.1%–ը շատ մեծ թիվ է։ Այն գալու է պետական բյուջե, այդ գումարով  կարողանալու ենք սոցիալական հասցեական քաղաքականություն վարել»։ 

Թանկացումների երկրորդ ուղղությունը կապված չէ ԵԱՏՄ կարգավորումների հետ։ Հունվարից շաքարավազի հնարավոր թանկացում կանխատեսել են Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում։ Կառույցի ղեկավար Գեղամ Գեւորգյանը հիմնավորում է․

«Շաքարը կթանկանա նոր տարվանից հետո, որովհետեւ այս իջեցումը բնական չի համարվում։ Ռուսաստանում առկա են մեծ պաշարներ, ուղղակի էժան գներով մտնում են Հայաստան։ Ես հասկանում եմ, որ սպառողների համար գների իջեցումը միշտ ուրախալի փաստ է, բայց տնտեսության համար դա միշտ չէ, որ լավ է։ Սուպերմարկետներն ունեն 5 «մարկերային» ապրանքներ եւ շաքարի գինը իջեցնելով ազգաբնակչությանը ներգրավում են դեպի իրենց խանութներ առեւտուր անելու։ Եթե դուք նայեք ձեր օգտագործման ռացիոնում շաքարի բաղադրիչը ինչքան է, կտեսնեք, որ ձեր գնումների մեջ այն բավականին փոքր տեղ է զբաղեցնում, բայց դուք հաստատ շաքարի գինը հիշում եք, ի տարբերություն շատ այլ ապրանքների գնի։ Այսինքն՝ այս իջեցումները ոչ միշտ են, որ ուրախալի են տնտեսության համար»։

Այս շուկայում մարտահրավերները, սակայն, նոր են սկսվում։ Թեեւ Հայաստանում արտադրված շաքարի ինքնարժեքն ավելի բարձր է, քան՝ ներկրվածինը, բայց ամեն դեպքում՝ ունենք արտադրանք, որը վտանգի առաջ է կանգնելու մի քանի տարի հետո, ասում է Գեղամ Գեւորգյանը․   

«2025 թվականից ԵԱՏՄ կարգավորումներով մաքսատուրք է մտնում ներմուծված շաքարի եւ շաքարեղենի հումքի վրա՝ երրորդ երկրներից ներկված։ Այս պարագայում, եթե որեւէ գործողություն չիրականացնենք Հայաստանում շաքարի արտադրությունը ֆինանսապես ուղղակի ձեռնտու չի լինելու։ Կամ պետք է հիմնականում ներկրենք Ռուսաստանտց, Ուկրաինայից։ Ուկրաինան բացի ԵԱՏՄ–ից ազատ առեւտրի համաձայնագրի մեջ է մտնում մինչեւ այդ պահը, երբ քվոտան գործում է եւ կմնանք Ռուսաստանից եկող շաքարի ներկրման վրա։ Կառավարություն մենք առաջարկ կներկայացնենք, քննարկում կկազմակերպենք եւ կփորձենք գլոբալ լուծում տալ խնդրին»։

2017 թվականից շաքարավազի գինը 391 դրամից իջել է մինչեւ 223 դրամ։ Հունվարի առաջին օրերին Երեւանի խանութներում շաքարավազի գինը դեռ պահպանվում է։ Տարբեր խանութներում շաքարավազը դեռ կարելի է գնել 209–ից մինչեւ 240 դրամով։   

Ցուցադրել ավելի
Back to top button