Ինչպիսին էր 2019-ն Արցախում, և ինչի են պատրաստվում նոր տարում


Նոր տարվա առաջին շաբաթվա ընթացքում՝ դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 7-ն ընկած ժամանակահատվածում Ստեփանակերտի ծննդատանը 34 ծնունդ է գրանցվել, 18-ը տղաներ են: Ինչպիսին էր 2019-ն Արցախում, և ինչի են պատրաստվում նոր տարում:
2020-ը Ստեփանակետը դիմավորեց հրավառությամբ, կենտրոնական հրապարակում համերգ էր, օջախներում տոնական սեղանների շուրջ առաջին բաժակը սահմանը պահող զինվորին էր, որի շնորհիվ հնարավոր է դառնում Արցախի մայրաքաղաքի երկինքը զարդարել տոնական համազարկերի խայտաբղետ գույներով, իսկ կեսգիշերին մոտ յուրաքանչյուր ընտանիքում որոտում է փոքր տրամաչափի թնդանոթը՝ շամպայնը:
Տոնից առաջ և հետո Արցախում ընդունված է այցելել առաջնադիրք: Ավանդույթը չխախտվեց նաև այս անգամ և տարեմուտի խաղաղ մուտքը հսկող զինվորին այցելեց նաև Արցախի նախագահը:
Տարեգլուխն ազդարարող շաբաթվա ընթացքում շփման գծում հարաբերական անդորր էր: Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 130 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 600 կրակոց:
2020-ը Արցախը դիմավորեց անխախտ սահմաններով: Բանակցություններում կարմիր գծեր կան, դրանց մասին Նախագահ Բակո Սահակյանը խոսեց տարեվերջին՝ Երևանում կայացած երկու հայկական հանրապետությունների անվտանգության խորհուրդների համատեղ նիստի ընթացքում:
Անվտանգության խորհուրդների համատեղ նիստերի պրակտիկան երկու հայկական հանրապետությունների հարաբերություններում վերսկսվեց 2019-ին:
2019-ին աշխատանքային էին հարբերությունները Հայաստանի և Արցախի կառավարությւոնների միջև: Տարվա ընթացքում ՀՀ կառավարությունից մոտ 8 միլիարդ դրամ է փոխանցվել Արցախ՝ հիմնականում ՊԲ կարիքների համար: Պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը փակագծերը չի բացում:
2020 թվականի բյուջեում ՀՀ-ից ստացվող գումարը ավելացել է մոտ 7 միլիարդ դրամով: Վերջին տարիների համար լավ նորությունը կենսաթոշակների ու որոշ բնագավառներում աշխատավարձերի բարձրացումն է, ինչը բնականաբար դրական ընկալվեց հասարակությունում: 2020թ բյուջեն հավելուրդով կանխատեսվեց, ինչին դեմ արտահայտվեց ընդդիմությունը: Կողմ քվեարկածներից Ազատ Հայրենիքն կուսակցության ներկայացուցիչ Արթուր Թովմասյանն էլ չբացառեց, որ տարեկեսին ՝ ընտրություներից հետո նոր բյուջե կընդունվի:
2019-ը ընտրական ու նախընտարկան տարի էր: Սեպտեմբերին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ տեղի ունեցան: Քաղաքական ակտիվությունը սակայն պահպանվում էր ողջ տարվա ընթացքում:
Տարեսկզբին Արցախի հերոս Սամվել Բաբայանի թիմը նախաձեռնեց Սահմանդրությունը փոխելու գործընթացը: Ստորագրահավաքը հաջողեց, Ազգային ժողովը սակայն դեմ արտահայտվեց ՀՀ քաղաքացիներին Արցախում ընտրվելու հնարավորւթյուն տալու նախաձեռնությանը: Արդյունքում Սամվել Բաբայանը առաջին ատյանի դատարանում այժմ վիճարկում է իրեն Ստեփանակերտյան հաշվառումից հանելու օրինականության հարցը: Մինչ այդ նրա հիմնադրած կուսակցությունը պատրաստվում է մասնակցել խորհրդարանական ընտրություններին:
2019-ը նոր կուսակցությունների տարի էր: Դրանց թիվը տարեվերջին հասնում էր երեք տասնյակի: Շուրջ մեկ տասնյակ քաղաքացի, որոնց մի մասն է միայն կուսակցական, հայտարարել է նախագահի պաշտոնին հավակնելու մասին:
Նոր տարին նոր մարտահրավերներով սկսվեց: Իրան–ԱՄՆ հարաբերությունների սրմանը արձագանքեցին նաև Ստեփանակերտից: Հնարապետության նախագահը հրավիրված խորհրդակցության ընթացքում ընդգծեց՝ պաշտոնական Ստեփանակերտը շահագրգռված է տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանմամբ, բոլոր վիճահարույց հարցերը խաղաղ ճանապարհով հանգուցալուծմամբ։
Ինչպես տարածաշրջանային ցանկացած զարգացում, այս մեկը նույնպես առաջնագծում առավել զգոն լինելու պահանջ է առաջադրել: Արցախն Իրանի հետ ավելի քան 100 կիլոմետր սահման ունի: