ԿարևորՀասարակություն

Աննախադեպ բյուջե Արմավիր քաղաքի համար՝ 1 մլրդ 62 մլն դրամ

Արմավիր քաղաքի 2020թ բյուջեն առաջին անգամ գերազանցել է 1 միլիարդ դրամի սահմանը: Այն կազմվել է հաշվի առնելով նախորդ տարվա բյուջեի մուտքերի աճը: Արմավիրցիները սկսել են կանոնավոր վճարել ընթացիկ հարկերն ու նախորդ տարիների պարտքերը: Տեղական բյուջեի ծախսերից հանվել են ուղղորդված ֆինանսավորումները միևնույն հասարակական կազմակերպություններին. առաջարկվել է դրանք հատկացնել մրցութային կարգով:

Արմավիրի քաղաքի 2020թ բյուջեն նախորդ տարվա համեմատությամբ ավելացել է 194,5 մլն դրամով՝ 868 մլն  դրամից հասցնելով  1 միլիարդ 62 միլիոն  դրամի:

Այն Արմավիրի ավագանին  համարել է իրատեսական և հաստատել է: Արմավիրի ավագանու երկարակյաց անդամ Արմեն Հակոբյանն առաջին անգամ է նկատել քաղաքային բյուջեի  այսպիսի աճ. «Բյուջեն իրատեսական է, ավելացումը նկատելի է և շոշափելի: Սա հետևողական աշխատանքի և սրտացավության արդյունք է»:

 Մեկ  միլիարդ դրամը  գերազանցող բյուջեն  իրատեսական է համարում Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը՝ ելնելով գրեթե 1.5 տարվա աշխատանքային փորձից. «Վերջին երկու տարվա կտրվածքով սեփական եկամուտների ռեկորդային աճ ունենք: Ավելի է հավաքվել սեփական եկամուտների մասով 130 մլն դրամ, որը 35 տոկոսն է կազմում: Սա մի քանի հանգամանքներով է պայմանավորված, նախ քաղաքացիների վստահությունն է, որը ֆիկսվում է հարկերի պարտաճանաչ վճարման տեսքով, մյուսը՝ անցկացրած նոր գույքագրումներն են, որով քաղաքապետարանի բալանսում են մտցվել նոր օբյեկտներ, դրանք բազմանբնակարան շենքերի առաջին հարկերի բացվածքներն են, որոնք մնացել էին, որպես բնակելի հատվածներ, գովազդների թիվն է ավելացել, հողեր կային, որոնք մնացել էին որպես արոտներ, բայց իրականում գյուղատնտեսական նշանակության հողեր են»:

Բյուջեի մուտքերը սեփական եկամուտների մասով կանխատեսվել է  504 մլն դրամ, պետության կողմից պատվիրակված  լիազորությունների համար՝ 7 մլն դրամ, իսկ պետական բյուջեից տրվող պաշտոնական դրամաշնորհները՝ 551 մլն դրամ: Բյուջեի մուտքերն ապահովում են նաև ապառքների աստիճանական վճարումները: Ավելանում են մուտքերը, մեծամում են ծախսերը: Այս տարի  Արմավիր քաղաքի բյուջեի ծախսը կազմում է 1 միլիարդ, 69 մլն դրամ: Միայն աղբահանության համար ծախսվելու է մոտ  155 մլն դրամ: Քաղաքում մաքրություն ապահովելու համար նախատեսել են ձեռք բերել 40 հատ աղբարկղ: Բյուջեում ներառված են նաև այլ ծախսեր:

Ամեն տարի քաղաքապետարանը ֆինանսավորում է հասարակական միևնույն  3 կազմակերպությանը, որը բյուջեի հանրային քննարկման ժամանակ քննադատության էր արժանացել քաղաքացիական հասարակության կողմից: Արմավիրի քաղաքացիական երիտասարդական կենտրոնի համակարգող Սուսաննա Մատինյանն ու քաղաքացիական նախաձեռնող խմբի անդամ Ալֆրեդ Նիկողոսյանն առաջարկել էին գումարները հատկացնել մրցութային կարգով:

Ակտիվիստները նշել են, որ հասարակական կազմակերպություններից մեկը քաղաքական կողմնորոշում ունի, որի կոմունալ ծախսերի և տարածքի վարձակալության գումարը միշտ հատկացրել է Արմավիրի քաղաքապետարանը: Առաջարկությունն ընդունվել է ավագանու և քաղաքապետի կողմից:  

2019թ Արմավիրում 1 սուբվենցիոն ծրագիր է իրականացվել, այս տարի նախատեսել են մեծացնել աշխատանքների ծավալը: Բացի  տեղական բյուջեի ծախսերից  2020թ-ին քաղաքացիների ակտիվ հանգստի նպատակով նախատեսվել են ներդրումային այլ ծրագրեր իրականացնել:

Ցուցադրել ավելի
Back to top button