Իրանում հրաժեշտ են տալիս գեներալ Սոլեյմանիին

Իրանում հրաժեշտ են տալիս գեներալ Ղասեմ Սոլեյմանիին: Հարյուր հազարավոր մարդիկ փողոցներում սգում են գեներալի մահը: Նրա մարմինն Իրանի Քերման քաղաքում հողին կհանձնեն այսօր:
Երկրում հայտարարված էր եռօրյա սուգ: Հուղարկավորության բազմամարդ արարողություններ են անցկացվել Ահվազում, Թեհրանում: Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին է առաջնորդել Սոլեյմանիի հուղարկավորության կրոնական արարողությունը:
Իրանի մայրաքաղաքում հրաժեշտի արարողությանը մասնակցել են նաեւ Իրանի նախագահ Հասան Ռուհանին եւ բարձրաստիճան մեծաթիվ պաշտոնյաներ:
Ղասեմ Սոլեյմանին Բաղդադի միջազգային օդանավակայանի մերձակայքում ամերիկյան օդուժի կողմից սպանվել էր հունվարի 3-ին, կարգադրությունը տվել է անձամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ ԱՄՆ զինված ուժերը հայտարարել են, որ դա պաշտպանողական գործողություն էր՝ կանխելու համար տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերի դեմ հետագա հարձակումների կազմակերպումը:
Այաթոլլահ Ալի Խամենեին հայտարարել է, որ Սուլեյմանիի սպանությունն անպատասխան չի մնա՝ նշելով, որ Իրանը և տարածաշրջանի մյուս երկրները վրեժ են լուծելու ԱՄՆ-ից։
Բաղդադում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ խորը մտահոգություն է հայտնել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, հայտարարությամբ նշելով, որ դրանք կարող են առավել վտանգել տարածաշրջանային խաղաղությունը և ապակայունացնել իրավիճակը Մերձավոր Արևելքում և դրանից դուրս: «Հայաստանը հանդես է գալիս բացառապես խաղաղ միջոցներով իրադրության լիցքաթափման դիրքերից»,- հայտարարել են ՀՀ ԱԳՆ-ում: