ԿարևորՀասարակություն

Վրաստանի ԱԺ նախագահը տոնում է հայկական Սուրբ Ծնունդը

Այսօր Վրաստանի կառավարության բարձրաստիճան մի խումբ պաշտոնյաներ վիրահայերին շնորհավորել են Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցում, որտեղ Սուրբ Ծննդյան պատարագ է մատուցել թեմի առաջնորդական տեղապահ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը։

Պատարագի վերջում դիմելով ներկաներին, Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալկվաձեն ասել է․ «Եկեք պահպանենք խաղաղ համակեցության մեր հարստությունը՝ ապագայում ևս միասին նշելով այս տոնը»։

«Մեր երկրի պատմությունը հանդուրժողականության, էթնիկ, կրոնական ու մշակութային բազմազանության խաղաղ համակեցությունն է։ Դա մեզ համար անգնահատելի հարստություն է, որ պիտի պահպանենք», — «Ռադիոլուրին» ասել է Վրաստանի խորհրդարանի խոսնակը։

Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցին գտնվում է Թբիլիսիի Մեյդան թաղամասում, որը հայտնի է էթնիկ ու կրոնական բազմազանությամբ։ 

«Այս թաղամասում, այս բակում, որտեղ կանգնած եմ, պետք է ասեմ, որ Վրաստանի զարգացման ու կայունության ուժը մեր ունեցած բազմազանությունն է ․ մենք հպարտ ենք, որ մեր երկրի յուրաքանչյուր անկյուն հարուստ է բազամազանությամբ ու խաղաղ համակեցության ավանդույթով։ Դա պետք է պահպանենք՝ շարունակելով դարձնել մեր երկրի զարգացման հիմքը»,- «Ռադիոլուրին» հետ զրույցում ասել է Վրաստանի Հաշտեցման և քաղաքացիական հավասարության պետնախարար Քեթևան Ցիխելաշվիլին։

Նա համոզմունք է հայտնել, որ երկրի իշխանությունները ամեն ինչ անում են, որ երկրի յուրաքանչյուր քաղաքացի՝ անկախ էթնիկ կամ կրոնական պատկանելությունից, ընդհանուր հայրենիքում լինի հավասար ու ներգրավված կյանքի բոլոր ոլորտներում։

Վիրահայերին Սուրբ Գևորգ եկեղեցում շնորհավորել են նաև երկրի ընդդիմության ներկայացուցիչները։

Ցուցադրել ավելի
Back to top button