Բաղդադում գեներալ է սպանվել. պաշտոնական Իրանը խոստացել է վրեժ լուծել


Հունվարի 2-ի երեկոյան «Քուդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար Քասեմ Սուլեյմանին սպանվել է: Նրա հետ միասին սպանվել են Իրաքի շիա աշխարհազորայինների մի քանի առաջնորդներ:
Պենտագոնից հայտարարել են, որ հարվածը Բաղդադի օդանավակայանի ուղղությամբ իրականացվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համաձայնությամբ: Սպանված Սուլեյմանիին Վաշինգտոնում մեղավոր են համարում Իրաքում ԱՄՆ դեսպանատան և կոալիցիայի բազայի դեմ իրականացված հարձակումների համար:
Իրանում գեներալի մահվան կապակցությամբ եռօրյա սուգ է հայտարարվել:


Իրանը եւ տարածաշրջանի մյուս երկրները վրեժ կլուծեն գեներալ-մայոր Կասեմ Սուլեյմանիի սպանության համար։ Այս մասին ասել է երկրի նախագահ Հասան Ռոհանին, տեղեկացնում է Tasnim-ը։
Նրա խոսքով՝ գեներալ Սուլեյմանիի սպանությունը հանցավոր եւ ագրեսիվ ԱՄՆ-ի կողմից կոտրել է իրանական ազգի եւ տարածաշրջանի մյուս երկրների սիրտը։ Նախագահն ավելացրել է, որ սպանությունն ամրապնդել է Իրանի եւ ազատության ձգտող մյուս երկրների վճռականությունը՝ դիմակայել ԱՄՆ չափից ավելի մեծ պահանջներին եւ պաշտպանել իսլամական արժեքները։
«Անկասկած, նման վախկոտ քայլերը ԱՄՆ-ից հուսահատվելու եւ տարածաշրջանում նրա անզորության եւս մեկ վկայությունն են, եւ տարածաշրջանային պետությունները թշնամանքով են լցվում այդ ագրեսիվ ռեժիմի դեմ»,- ասել է նախագահը։