ԿարևորՄշակույթ

Տոնածառ ջան, տոնածառ. Նառա Շլեպչյանը պատմում է` ով է երգի հեղինակը

«Տոնածառ ջան, տոնածառ» երգը ապրում է մեկ դարից ավելի, սակայն քչերը  գիտեն, թե ով է երգի հեղինակը։ Նառա Շլեպչյանը պատմում է  ամենահիշարժան Ամանորի և «Տոնածառ ջան, տոնածառ»  երգի ծագման վերաբերյալ մանրամասներ։

«Իմ ամենամեծ տպավորությունը, տոնածառի հետ կապված եղել է մանկության տարիներին, Էրմիտաժում։ Մեր ընտանիքը ապրում էր հենց Էրմիտաժում, հայրս պատմաբան էր և  Հովսեփ Օրբելու ասպիրանտներից մեկն էր։ Այդ տարի այնպես է տպավորվել, որ այդ տոնածառը մինչ օրս ինձ հետ է։

Վերադարձանք Հայաստան, ապրում էինք Ալավերդյան փողոցում։ Մեր շենքում ապրում էին շատ անվանի մարդիկ, այդ թվում Էդուրարդ Միրզոյանը՝ իր ծնողների հետ։  Մի Ամանորին նրանք հրավիրեցին երեխաներին և տոնում էինք Ամանորը։ Հանկարծ Էդուարդ Միրզոյանը սկսեց երգել «Տոնածառ ջան, տոնածառ», մենք էլ  միացանք  անշուշտ,  բոլոր երեխաները, մեծերը սկսեցին երգել «Տոնածառ ջան, տոնածառ»։  Զարմացա, որ Էդիկի հայրը նույնպես սկսեց երգել այդ երգը։ Մեծ մարդ էր, զարմացա, թե որտեղից գիտի, կարծում էի, որ դա միայն մանկական երգ է։ Ասացի «Վայ, Միքայել ձյաձյա, դո՞ւք էլ գիտեք այս երգը»։ Գրկեց ու ասաց, որ դա ինքն է գրել։ Հետագայում արդեն պարզեցի, որ բառերն էլ են իրենը։ 

Եվ այսպես, այս երգը ապրում է  120 տարի , մեկ դարից ավելի, քանի սերունդներ են երգել ։  Մինչ օրս  երգն ապրում է և անկարելի է, որ տոնածառի շուրջ այդ երգը չերգեն..․»։

Ցուցադրել ավելի
Back to top button